Մինսկում 12-րդ ժամն է՝ շարունակվում են «նորմանդական քառյակի» բանակցությունները

08:51 • 12.02.15

«Նորմանդական քառյակի» երկրների առաջնորդներն արդեն 12-րդ ժամն է՝ շարունակում են Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները, գրում է «Взгляд»-ը:

 

Պատվիրակությունների անդամները չեն մեկնաբանում բանակցությունների ընթացքը: Հանդիպումն ամբողջ ընթացքում անց է կացվել փակ դռների հետևում: Միայն կարճ ժամանակով առաջնորդները երբեմն դուրս են եկել դահլիճից, սակայն մի քանի րոպե անց վերադարձել են: Զրույցը նրանք սկսել են առանց պատվիրակությունների անդամների, սակայն անհրաժեշտության դեպքում հրավիրել են նրանց քննարկմանը մասնակցելու:

 

Վաղ առավոտյան ria.ru-ն հաղորդել է, որ հեռուստալրագրողներին հրավիրել են Մինսկի Անկախության պալատի սրահ, որտեղ հինգշաբթի օրը կարող է ստորագրվել բանակցությունների արդյունքներով փաստաթուղթ:

 

Չորեքշաբթի Մինսկում սկսվել են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսուա Օլանդի, Անգելա Մերկելի և Պյոտր Պորոշենկոյի բանակցությունները «նորմանդական ձևաչափով»: Բացի այդ՝ աշխատանքն է վերսկսել Ուկրաինայի իրավիճակի կարգավորման հարցով կոնտակտային խումբը:

 

Հանդիպելով փակ ռեժիմով՝ «նորմանդական քառյակի» առաջնորդներն անցել են ընդլայնված ձևաչափով շփման՝ հանդիպման արդյունքներով փաստաթուղթը քննարկելու համար, ինչից հետո կրկին վերադարձել են «փակ դռների հետևում» ձևաչափին:

 

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ բանակցություններն ընթանում են շատ արդյունավետ և հինգշաբթի առավոտյան սպասվում է բանակցությունների արդյունքներով փաստաթղթի ստորագրում: