Մինսկում ավարտվել են «նորմանդական քառյակի» առաջնորդների բանակցությունները
Մինսկում «նորմանդական քառյակի» առաջնորդների բանակցություններն ավարտվել են, հաղորդում է ria.ru-ն:
Հանդիպման արդյունքներով, որը Մինսկում տևել է 14 ժամ, սպասվում է Դոնբասում հակամարտության կարգավորման հարցով փաստաթղթի ստորագրում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ուկրաինայի նախագահների և Գերմանիայի կանցլերի կողմից: Ինչպես ria.ru-ին հայտնել է բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը, «նորմանդական քառյակը» հասել է հսկայական առաջընթացի:
Վեհաժողովի մասնակիցների կողմից ստորագրվելուց հետո փաստաթուղթը կներկայացվի կոնտակտային խմբին: Դրա համար խմբի նիստին են ժամանել ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ղեկավարներ Ալեքսանդր Զախարչենկոն և Իգոր Պլոտնիցկին, ինչպես նաև Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը:
Հաղորդվում է, որ Մինսկում մշակված փաստաթուղթը ենթադրում է Ուկրաինայում հրադադարի ռեժիմի հաստատում 48 ժամվա ընթացքում: Այդ մասին հայտնել է DPA գերմանական գործակալությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Associated Press գործակալությունը հրապարակել է հիմնական դրույթները, որոնք քննարկում են Մինսկում երկրների ղեկավարների հանդիպման մասնակիցները:










