Հրադադար՝ փետրվարի 15-ից. Պուտինը՝ Ուկրաինայի հարցով 16-ժամյա բանակցությունների ավարտին (լրացված)

13:39 • 12.02.15

Մինսկում «նորմանդական քառյակի»՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները պայմանավորվել են փետրվարի 15-ի ժամը 00։00-ից կրակը դադարեցնելու մասին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

ՌԴ նախագահը մոտ 16 ժամ տևած բանակցություններից հետո դուրս է եկել լրագրողների մոտ: ՌԴ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի առաջնորդները խորհրդակցություններ են անցկացրել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցով ողջ գիշեր: Վերջին ժամերին նրանց է միացել նաև Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցով կոնտակտային խմբում ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչ Հայդի Տալյավինին, հաղորդում է ТАСС-ը:

 

«Իմ կարծիքով՝ պայմանավորվել ենք շատ բաների մասին: Առաջինը՝ պայմանավորվել ենք փետրվարի 15-ի ժամը 00։00-ից կրակը դադարեցնելու մասին»,- ասել է Ռուսաստանի առաջնորդը:

 

Երկրորդ հարցը, որը ՌԴ նախագահը չափազանց կարևոր է համարել, ծանր զինատեսակների հեռացումն է «ուկրաինական բանակի համար այսօրվա շփման գծից, և Դոնբասի աշխարհազորայինների համար՝ անցած տարվա սեպտեմբերի 19-ին Մինսկի համաձայնագրերում նշված գծից»:

 

Պուտինը հայտարարել է նաև, որ հանդիպման արդյունքներով ստորագրվել է մինսկյան համաձայնությունների իրականացմանն ուղղված միջոցառումների մասին կոնտակտային խմբի փաստաթուղթը:

 

Kommersant.ru-ն մանրամասներ է ներկայացնում մինսկյան բանակցություններից։

 

Եվ այսպես, բանակցությունների մասնակիցները պայմանավորվել են «նորմանդական ձևաչափով» վերահսկիչ մեխանիզմի ստեղծման մասին, որը պարբերաբար հանդիպումներ կանցկացնի երկրների արտգործնախարարությունները ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով: Այդ մասին ասված է «նորմանդական քառյակի» առաջնորդների կողմից ընդունված հռչակագրում:

 

Մինսկի փաստաթուղթը նախատեսում է Ուկրաինայից բոլոր օտարերկրյա զինված խմբավորումների, տեխնիկայի և վարձկանների դուրս բերում ԵԱՀԿ-ի հսկողությամբ, ինչպես նաև՝ բոլոր անօրինական խմբերի զինաթափում:

 

Փաստաթղթում նշվում է նաև, որ Ուկրաինայում մինչև 2015 թվականի ավարտը պետք է իրականացվի սահմանադրական բարեփոխում, որը կնախատեսի ապակենտրոնացում: Դոնբասի հատուկ կարգավիճակը պետք է նախատեսի համաներում, լեզվական ինքնորոշման իրավունք, ՌԴ շրջանների հետ միջսահմանային համագործակցություն:

 

Կիևի կողմից ՌԴ-ի հետ սահմանի հսկողության վերականգնումը պետք է ավարտվի 2015 թվականի վերջին Դոնբասի հատուկ կարգավիճակի պայմանով և ինքնահռչակ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ համաձայնությամբ:

 

Ի դեպ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն էլ հայտնել է, որ Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները չեն ստորագրել Մինսկում ընդունված փաստաթուղթը, բայց այդ մասին վստահեցրել են իրենց խոսքով:

 

Ավելի վաղ լրագրողները տեսել են, թե ինչպես է բանակցությունների սենյակից դուրս եկել սկզբից Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, այնուհետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ավելի վաղ հայտարարել էր Մինսկում ընթացող բանակցություններին Ռուսաստանի «անընդունելի» պայմանների մասին։

 

Պորոշենկոն նաև հայտարարել էր, որ բանակցություններից «դեռ ոչ մի լավ նորություն» չկա:
«Ցավոք, լավ նորություններ դեռ չկան: Այս պահին ընդհանրապես ոչ մի նորություն չկա: Բայց հույս միշտ կա»,- ասել էր նա France-Presse գործակալությանը: