«Չելսիի» երկրպագուները թույլ չեն տվել սևամորթ տղամարդուն մետրո նստել (տեսանյութ)

15:49 • 18.02.15

«Չելսի» ֆուտբոլային ակումբը դատապարտել է իր երկրպագուների պահվածքը, ովքեր Փարիզում թույլ չեն տվել սևամորթ տղամարդուն մետրո նստել, և այն «նողկալի» են անվանել, գրում է Sky News-ը:

 

Տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես է սևամորթ տղամարդը փորձում մետրո նստել Ֆրանսիայի մայրաքաղաքում: Մի խումբ տղաներ բացականչում են՝ «Չելսի, Չելսի, Չելսի» և նրան հետ հրում՝ թույլ չտալով, որ նա մտնի մետրո:

 

Երկրպագուներն այնուհետ բացականչում են. «Մենք ռասիստ ենք, մենք ռասիստ ենք, և մենք այդպես ենք ուզում»:

 

Ենթադրվում է, որ նրանք գնում էին Պարկ դե Պրինս մարզադաշտ՝ «Չելսիի» խաղը դիտելու:

 

Դեպքը հեռախոսով տեսանկարահանած Փոլ Նոլանն ասել է. «Նա ակնհայտորեն ցնցված էր, երբ նրան հետ հրեցին: Կարծում եմ՝ նա չհասկացավ, թե նրանք ովքեր էին: Նա այնուհետ փորձեց կրկին բարձրանալ, և նրան երկրորդ անգամ հրեցին»:

 

Տարածված հաղորդագրության մեջ «Չելսին» նշել է. «Նման պահվածքը նողկալի է և տեղ չունի ֆուտբոլում կամ հասարակությունում»՝ խոստանալով միջոցներ ձեռնարկել միջադեպի մասնակիցների դեմ, եթե պարզվի, որ նրանք ակումբի անդամ են: