Eurovison 2015. ՀՀ-ն ներկայացնող Genealogy խմբի մասնակիցը՝ Աֆրիկա աշխարհամասից (լուսանկարներ)

15:23 • 23.02.15

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայանա «Genealogy» խմբով: Խմբի 6 մասնակիցներից երրորդը եթովպահայ երգիչ Վահե Թիլբյանն է, ով ներկայացնում է Աֆրիկա աշխարհամասը:

Այս մասին հայտնում են Առաջին ալիք  Հասարակայնության հետ կապերի բաժնից։


Հաղորդագրության մեջ ասվում է, որ վառ կերպարով և եռանդուն բնույթով փորձառու երգիչ ու երաժշտագետ Վահե Թիլբյանը ճանաչված արվեստագետ է: Վահեն հայտնի է իր յուրօրինակ երաժշտական ոճով՝ ռոքից տեխնո, ռեգիից R&B, հայկականից եթովպական և լատինական երաժշտություն: Մշակութային այս խառնուրդն արտացոլում է Վահեի անհատականությունն ու առանձնացնում է նրան որպես բացառիկ արվեստագետ և պարող:


 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը հայտնել էր, որ «Genealogy» խումբը համախմբելու է 1915 թ-ին աշխարհի 5 աշխարհամասերում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 6 արտիստներ են` իրենց 6 ճակատագրերով, բայց 1 պատմությամբ: 


Խմբի առաջին մասնակիցը ֆրանսահայ ճանաչված երգիչ Եսայի Ալթունյանն է, ով ներկայացնում է Եվրոպա աշխարհամասը, իսկ երկրորդը` ամերիկահայ սիրված երգչուհի Թամար Կապրելյանը:  


Ներկայացվելիք երգի վերնագիրն է՝ «Don’t deny» («Մի՛ ժխտիր»):


«Genealogy» խմբի չորրորդ մասնակցի անունը հայտնի կդառնա փետրվարի 27-ին:


Մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին և 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Մրցույթին կմասնակցի 40 պետություն:


 


        


Վահե Թիլբյան/Եթովպիա

 

Վահեն ծնվել և մեծացել է Եթովպիայում, նրա ծնողները (Գարո Թիլբյանն ու Անի Ասլանյանը) ծագումով հայ են: Նրա հայրական կողմի պապը Հայոց ցեղասպանությունից մազապուրծ փրկված հայերից է, ում ճակատագիրը հիմնովին հաստատել է Եթովպիայում: Նրա մայրական կողմի ընտանիքի բոլոր անդամները լքել են Արևմտյան Հայաստանը՝ 1890-ականների վերջին և 1900-ականների սկզբներին:


Վահեն լրջորեն սկսել է մտածել երաժշտության մասին, երբ արդեն Կանադայի Վանքուվեր քաղաքի Բրիտանական Կոլումբիայի համալսարանի շրջանավարտ էր: Նա բակալավրի կոչում է ստացել ընդհանուր գիտություններից՝ մասնագիտանալով կենսաբանության մեջ: Այդ ընթացքում Վահեն արդեն գերված էր պարով և, լինելով պրոֆեսիոնալ միջազգային լատինամերիկյան պարահանդեսային ոճի պարող, «Salsegnochu» պարային խմբի համահիմնադիրն ու պարուսույցն էր: Այս ամենին զուգահեռ՝ Ադիս Աբեբայում Վահեն երգում էր «The Motley Singers» երգչախմբում՝ որպես գլխավոր տենոր:


Համալսարանն ավարտելուց հետո Վահեն 3 տարուց ավելի աշխատել է բիզնեսի ոլորտում և 2008 թվականին, թողնելով իր հիմնական աշխատանքը, ամբողջությամբ նվիրվել է երաժշտությանը: Իր ընկերներ Բիտիկ Էմլաելու և Լեդջ Լեոի աջակցությամբ միացել է «Z Beyaynetus» խմբին: Շուտով DC-ից ժամանած և Եթովպիայում հաստատված պրոդյուսեր և կատարող Քենի Ալենը, լսելով Վահեին տեղի ժամանցային վայրերից մեկում, առաջարկել է նրան դառնալ իր բեք վոկալիստը` «251 Band» խմբի ալբոմի թողարկման շրջանակում: Առաջարկն ընդունելուց հետո Վահեն աշխատել է նրա հետ երկար տարիիներ՝ հանդես գալով տեղի երաժշտական փառատոնների և այլ միջոցառումների ընթացքում: Հաջորդիվ, որոշելով փոփոխություն մտցնել իր ժանրի և երգացանկի մեջ, Վահեն միացել է «Eshee Havana» սալսա խմբին: Նա աշխատել է եթովպական երգերի օրիգինալ ռեմիքսների՝ սալսա ոճի փոխակերպումների վրա: 2011 թվականին «Big Brother Africa» շոուի շրջանակում հասել է եզրափակիչ փուլ:


Վահեն ինքն է գրել իր առաջին երգի՝ «Life or Something Like it» բառերը և Միքայել Հաիլուի հետ միասին գործիքավորել և ձայնագրել են երգը 2010 թվականին: Ոգեշնչվելով երգի հաջողությունից`Վահեն սկսել է գրել սեփական երգերի բառերը: 2012 թվականին նրա «Don’t Stop» սինգլն առաջադրվել է Armenian Pulse Music Award-ում՝ որպես հայ կատարողի լավագույն անգլերեն երգ և օնլայն քվեարկությամբ գրավել է 3-րդ տեղը:


2012 թվականի նոյեմբերին Վահեն ավարտին է հասցրել իր «Mixology» ձայներիզն ու թողարկել այն անվճար:


2013 թվականի մայիսին Վահեն թողարկել է «Yene Tizita» երգի տեսահոլովակը, որը թարգմանաբար նշանակում է կարոտ կամ հիշողություններ. այն հին եթովպական երգի վերաթողարկումն էր: Տեսահոլովակի ռեժիսորն ու պրոդյուսերը եղել են Արամազդ Կալայջանն ու Մուլուգետա Ամարուն:

 

Արդեն 2 տարի է Վահեն «Zemen Band» խմբի մենակատարն է: Նա աշխատել է երգիչներ Zeritu Kebede և Michael Belayneh-ի հետ և Nubian Arc Band երաժշտական խմբի հետ: Նա նաև հանդես է եկել որպես բեք վոկալիստ և համերգի առաջին կատարող Ledj Leo, Abby Lakew, Nhatty, Tsedenya Gebremarkos, Eyob Mekonnen, Shewandagn Hailu-ի համար, ինչպես նաև ելույթ է ունեցել աֆրիկացի արտիստներ Oliver Mtukudzi, Vee and Liz Ogumbo-ի հետ, երբ նրանք հյուրախաղերվ հանդես են եկել Եթովպիայում:

 

Վահեն թղթակցել է Ադիս Աբեբայում հրատարակվող Zoma Magazine-ին և կարող է ազատորեն իր մտքերն արտահայտել հայերեն, անգլերեն, ամհարերեն, իտալերեն և ֆրանսերեն:


Հետագայում Վահեն մտադիր է թողարկել ևս 2 ձայներիզ, որոնցից մեկը կլինի ամբողջությամբ հայկական, մյուսը՝ եթովպական, համարժեք մշակութային-երաժշտական էլեմենտներով՝ ներկայացնելով մշակութային այն խառնուրդը, որից ինքն է սերում:


2015 թվականին Վահեն կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ» երաժշտական հեղինակավոր 60-րդ մրցույթին: Նա ելույթ կունենա Վիեննայում հայազգի 5 այլ տաղանդավոր մասնակիցների հետ: Այս պահին ստեղծագործական անձնակազմի հետ միասին, Վահեն ակտիվորեն մասնակցում է մրցույթի նախապատրաստական աշխատանքներին:  Առաջին կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 19-ին:

 

Eurovison 2015. ՀՀ-ն ներկայացնող Genealogy խմբի մասնակիցը՝ Աֆրիկա աշխարհամասից (լուսանկարներ)