Բլագովեշչենսկի և Տինդինսկի շրջանի եպիսկոպոսը դիմել է հայ համայնքին՝ եկեղեցի կառուցելու խնդրանքով

14:38 • 25.02.15

Բլագովեշչենսկի և Տինդինսկի շրջանի եպիսկոպոս Լուկիանը դիմել է ՌԴ Ամուրի մարզի ամենամեծաթիվ ազգային համայնքներից մեկին՝ հայ համայնքին, և խնդրել Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի կառուցել, գրում է Комсомольская правда-ն։

 

«Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, Ամուրի մարզի հայ համայնքի քրիստոնյաներ։ Հայկական սփյուռքը ամենամեծաթիվ համայնքներից է Ամուրի մարզում, ունի մշակութային ինքնություն, ինտեգրման բարձր մակարդակ, ունի իր եկեղեցական ծուխը և կիրակնօրյա դպրոցը։ Միևնույն ժամանակ Հայ առաքելական եկեղեցու հավատացյալները չունեն իրենց սեփական եկեղեցին, կտրված են իրենց փոքր հայրենիքի բազմադարյա եկեղեցական ավանդույթներից»,- ասել է եպիսկոպոսը։

 

Իր խոսքում նա դիմել է հայկական սփյուռքի քրիստոնյաներին՝ առաջարկելով Ամուրի մարզում կառուցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Եպիսկոպոսը նշել է, որ Ռուս ուղղափառ եկեղեցու Բլագովեշչենսկի թեմը պատրաստ է աջակցել այդ գործին։

 

«Կոչ եմ անում Ամուրի մարզի հայերին աջակցել եկեղեցու ստեղծման նախաձեռնությանը։ Գրիգոր Լուսավորչին հավասարաչափ ընդունում է նաև Ուղղափառ եկեղեցին։ Բլագովեշչենսկի թեմը պատրաստ է ապագա եկեղեցուն նվիրաբերել մեծ սրբություն՝ Լուսավորչի մասունքների մի մասը, ինչպես նաև աջակցել խաչքար կանգնեցնելու գաղափարին»,- նշել է եպիսկոպոս Լուկիանը։