Ազգային կինոկենտրոնը դատի է տալու ամերիկացի երաժշտին, ով գրել է «Նռան գույնը» ֆիլմի երաժշտության իր տարբերակը
«Ազգային կինոկենտրոնը» նամակներ է ուղարկել ամերիկացի հայտնի երաժիշտ, էլեկտրոնային երաժշտության վարպետ Նիկոլա Ջաարին, ով սաունդթրեքի իր տարբերակն է ստեղծել հայազգի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» (1969) ֆիլմի համար, սակայն պատասխաններ չստանալով՝ մտածում է արդեն նրան դատի տալու մասին:
Այս մասին Tert.am-ին հայտնեց «Ազգային կինոկենտրոնի» տնօրեն Գևորգ Գևորգյանը:
«Ինքը վերցրել է, փոխել է երաժշտությունը և դրել է Youtube։ Հիմա մենք գործընթացները սկսել ենք, որովհետև ֆիլմը վաճառել կարելի է՝ իրավունքները ստանալուց հետո, բայց ֆիլմի հեղինակային մասը փոխել ոչ ոք իրավունք չունի: Այսինքն՝ նա վերցրել ու ամբողջ ֆիլմի երաժշտությունը, գործիքավորումը փոխել է ռոք ժանրի մեջ»,-ասաց Գևորգ Գևորգյանը:
Նշենք, որ սաունդթրեքը բաղկացած է 20 ստեղծագործություններից՝ Garden of Eden, Construction, Pass the Time, Survival, The Fool and his Harem, Being and Nothingness, Near Death, Beasts of this Earth, Fall into Time, Folie à Deux, Screams at the Edge of Dawn, Divorce, Three windows, Touristas, Shame, Tower of Sin, Kapital, Volver, Spirit, Muse։
Գևորգ Գևորգյանը հավելեց, որ ամերիկացի երաժիշտը չի արձագանքում «Ազգային կինոկենտրոնի» նամակներին:
«Ինքը ոչ մի իրավունք չունի, հիմա ուզում ենք ճշտել՝ ո՞վ է իրեն այդ թույլտվությունը տվել,
«Հայֆիլմ» զանգել եմ, տեղյակ չեն, «Սկորսեզեի ֆոնդը», որ վերականգնել է ֆիլմը, տեղյակ չէ»,-մանրամասնեց Գևորգ Գևորգյանը:
Նման բան, ըստ նրա, առաջին անգամ է տեղի ունենում «Հայֆիլմի» պատմության մեջ։ «Ազգային կինոկենտրոնի» ղեկավարն ավելացրեց, որ ամերիկացի երաժիշտը կոմպոզիտորից թույլատվություն ստանալով՝ կարող էր երաժշտության գործիքավորում անել, բայց միայն երաժշտությունը՝ առանց ֆիլմի, որովհետև գեղարվեստական ֆիլմը ամբողջական ստեղծագործություն է համարվում, և ֆիլմի ռեժիսորը՝ Սերգեյ Փարաջանովը, ողջ չէ:
Հիշեցնենք, որ «Նռան գույնը» ֆիլմի երաժշտության հեղինակն է Տիգրան Մանսուրյանը:
Tert.am-ը փորձեց Տիգրան Մանսուրյանից պարզել, թե նա տվե՞լ է արդյոք թույլտվություն, սակայն մաեստրոն Հայաստանում չէ:
Tert.am-ը կատարվածի մասին զրուցեց ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի հետ, ում համար թեև անհասկանալի էր, թե ինչո՞ւ ֆիլմի սաունդթրեքը պետք է փոխվեր, բայց այնուամենայնիվ առաջարկեց խնդրին ավելի թեթև նայել:
«Եթե մարդը դա անում է իր հաճույքի համար, դրանից փող չի վաստակում, տրոլինգն է էլի, (հատուկ կատակելու տարբերակ է՝ ընդունված համացանցի օգտատերերի շրջանում), ի՞նչ կարող ես անել։ Բայց եթե ծախում է, կամ ինչ որ բան… դա արդեն ուրիշ խնդիր է»,-հայտարարեց Էդգար Բաղդասարյանը:
Ինչ վերաբերում է նրան, որ այն առկա է Youtube-ում, ապա ռեժիսորը հուշեց, որ համապատասխան բողոքի դեպքում այն կարող է հանվել:










