Eurovision 2015. Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի 4-րդ մասնակիցը Ստեֆանի Թոփալյանն է

15:59 • 27.02.15

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայանա Genealogy խմբով:  Խմբի 6 մասնակիցներից չորրորդը ճապոնահայ երգչուհի Ստեֆանի Թոփալյանն է. նա ներկայացնում է Ասիա աշխարհամասը:


 


Այս մասին հայտնում են Առաջին ալիքի Հասարակայնության հետ կապերի բաժնից։


Ավելի վաղ հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Genealogy խումբը համախմբելու է 1915-ին աշխարհի 5 աշխարհամասերում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 6 արտիստներ են` իրենց 6 ճակատագրերով, բայց 1 պատմությամբ: 


Խմբի առաջին մասնակիցը ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանն է, ով ներկայացնում է Եվրոպա աշխարհամասը, երկրորդ մասնակիցը ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանն է, երրորդը՝ Վահե Թիլբյանն Աֆրիկա աշխարհամասից:  


Ներկայացվելիք երգի վերնագիրն է «Don’t deny» («Մի՛ ժխտիր»):  Genealogy խմբի հինգերորդ մասնակցի անունը հայտնի կդառնա մարտի 3-ին: Նա կներկայացնի Ավստրալիա աշխարհամասը:


Մրցույթն այս տարի տեղի կունենա Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին  և 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Մրցույթին կմասնակցի 40 պետություն:

 

 

Ստեֆանի Թոփալյանը երգչուհի է, երգահան և դերասանուհի, որն այժմ բնակվում է Տոկիոյում: Երգչուհին Աոյամա Գակուին համալսարանի իրավագիտության բաժնի շրջանավարտ է: Շնորհված լինելով բնատուր արտիստիզմով՝  նա զգում էր, որ երգն է այն երազանքը, որի շուրջ կծավալի հետագա կյանքը:

 

 

 

Ստեֆանին ծնվել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում. հայրն ազգությամբ հայ է, մայրը՝ ճապոնուհի: Թեև Ստեֆանին այժմ բնակվում է Ճապոնիայում, նա հավատարիմ է հայկական արմատներին: Երգչուհին հատկապես ընդգծված կապվածություն ունի տատիկի հետ, որը շատ պատմություններ է պատմել հայ ժողովրդի  և հայկական մշակույթի մասին:


Ստեֆանին երգել սկսել է տասներեք տարեկանից: Իր երգի աուդիո ձայնագրությունն ուղարկել է տարբեր երաժշտական ձայնագրման ստուդիաներ: Արձագանք է ստացել ճապոնացի երաժշտական պրոդյուսեր Ջո Ռինոյից, որին տպավորել է նրա կատարումը: 19 տարեկանում Ստեֆանին իր առաջին մեծ քայլերն է կատարել երգի ասպարեզում SME (SONY) ձայնագրման ստուդիայում: Ճապոնական հեղինակավոր երաժշտական ‘’Japan records awards’’ 49-րդ մրցանակաբաշխության ժամանակ նա ստացել է «Լավագույն նորահայտ արտիստ» մրցանակը: 2007-ին երկու ալբոմ է թողարկել:

 

Ստեֆանիի երգերը լայն արձագանք են գտել ճապոնական «Անիմե» անիմացիոն ֆիլմերում: Նրա առաջին և երկրորդ սինգլներ «Kimiga Iru Kagiri»-ն և «Because of you»-ն հաջորդաբար եղել են «Kiss Dum» անիմացիայի սաունդթրեքեր: Ստեֆանիի հինգերորդ սինգլ «Changin»-ը նույնպես եղել է սաունդթրեք «D.Gray-man» անիմացիոն ֆիլմի համար:

 

2008-ի սկզբին նրա «Friends» կատարումն «Անիմե TV»-ի «Gundam 00» տեսաշարի երկրորդ երգն էր: Այն իր ուրույն տեղը գտավ ճապոնական «Օրիկոն» լավագույն տասնյակի մեջ:


Որպես դերասանուհի Ստեֆանին իր առաջին քայլերն է կատարել 2009-ին «shojoPride» ֆիլմում։ Ստեֆանին մարմնավորել է Շիո Ասամի կերպարը, նաև մասնակցել ֆիլմի սաունդթրեքի ձայնագրությանը՝ կատարելով «Pride -A Part of Me» երգը SRM-ի հետ համատեղ: Բացի «Pride» ֆիլմից, Ստեֆանին նկարահանվել է «Tokyo Tribe» (2014) և կարճամերտաժ «It's All Good» (2009) ֆիլմերում:


Ստեֆանին համակրում է Մայքլ Ջեքսոնին և բրիտանական Queen ռոք խմբին: Հայկական և ճապոնական կերակրատեսակների սիրահար է, սիրում է նաև  երկար զբոսնել:


2015-ին Ստեֆանին կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ» երաժշտական հեղինակավոր 60-րդ մրցույթին: Նա ելույթ կունենա Վիեննայում հայազգի 5 այլ տաղանդավոր մասնակիցների հետ: Այս պահին ստեղծագործական անձնակազմի հետ Ստեֆանին ակտիվորեն մասնակցում է մրցույթի նախապատրաստական աշխատանքներին:  Մրցույթի կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 19-ին: