Մոսկվայում սպանվել է ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը. Պուտինի խոսնակը սպանությունը «սադրանք» է անվանել (տեսանյութ)

09:35 • 28.02.15

Այս գիշեր Մոսկվայի կենտրոնում` Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրա, սպանվել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը:

 

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, 55-ամյա քաղաքական գործչի ուղղությամբ արձակվել է 6 կրակոց, որից 4-ը դիպել է թիրախին: Հայտնի է, որ Նեմցովի սպանության միակ վկան 23-ամյա ուկրաինացի մոդել Աննա Դուրիցկայան է, ով այդ գիշեր պատրաստվում էր ընթրել քաղաքական գործչի հետ:

 

Նշվում է, որ սպանության պահին տեսախցիկները ֆիքսել են 3 մեքենա` 2 Ford Focus և մեկ  Ford Mondeo:

 

Աղբյուրը հավելում է, որ քննիչներն արդեն խուզարկել են սպանվածի բնակարանը: Նրանք վերցրել են բոլոր փաստաթղթերը, ձայնագրությունները ու այլ նյութեր: Իրավապահները նաև մտադիր են ստուգել Նեմցովի համակարգչի կոշտ սկավառակի ողջ ինֆորմացիան:

 

Աղմկահարույց սպանությանն արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` տեղի ունեցածը որակելով «սադրանք»:

 

Միջադեպին անդրադարձել է նաև ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման` կոչ անելով Ռուսաստանի կառավարությանն «անհապաղ, անաչառ ու բաց հետաքննություն սկսել, որպեսզի մեղավորները պատժվեն»: