«Ժառանգությունում» ջինն արդեն շշից դուրս է եկել. քաղաքագետը` հնարավոր պառակտումների մասին
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, Tert.am –ի հետ զրույցում անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցությունում ներքին պառակտումներին և հնարավոր բեկորների պոկմանը, նշեց, որ ջինն արդեն շշիշ դուրս է եկել, և հիմա արդեն հնարավոր է՝ այդ պոկումը ձևակերպվի դե յուրե: «Բավական երկար ժամանակ է՝ «Ժառանգության» անդամները չեն հարցնում Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքը, կամ եթե այդքան գնահատում են նրա կարծիքը, ապա կարելի էր մտային կեղտը ջրի երես չհասնելու մասին սկանդալային հայտարարություններ չանել և սպասել Րաֆֆի Հովհաննիսյանի գալուն, նոր ընդհանուր հայտարարի գային: Հիմա ինչքան էլ ուզում է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը գա, որևիցե հարց լուծի, հայտարարություն անի, «Ժառանգությունում» ջինը շշից դուրս է եկել»,-ասաց նա:
-Պարո՛ն Համբարյան, կայքերից մեկին տված հարցազրույցում «Ժառանգությունում» ստեղծված իրավիճակը պայմանավորել էիք նրանով, որ «ժառանգությունում» աջ ձեռքը չգիտի` ինչ է անում ձախը: Բայց չե՞ք կարծում, որ այս անգամ այդ դեպքը չէ, քանի որ եթե ուրիշ անգամ քայլերի անհամաձայնության մասին է խոսք լինում,այս անգամ արդեն Զարուհի Փոստանջյանը հայտարարում է, որ պետք է դնել Բաղրամյան 26 գնացած Արմեն Մարտիրոսյանի և Ռուբիկ Հակոբյանի՝ կուսակցությունից հեռացման հարցը։
-Նախագահի հետ հանդիպման գնալ-չգնալը քաղաքական կուլտուրայի մասին է խոսում, որովհետև դու կարող ես գնալ, բայց համաձայն չլինել (սահմանադրական փոփոխություններին) ու ունենալ սեփական տեսակետ: Եվ թեպետ շատ ճիշտ նկատեցիք, որ «Ժառանգությունում» սա առաջին դեպքը չէ, և ավելի կոնկրետ ` «Ժառանգությունը» պառակտվեց 2012-ի խորհրդարանական ընտրություններին, երբ «Ժառանգության» լիդերը թույլ տվեց, որ իր ցուցակով Ազգային ժողով ներթափանցեն գրեթե բոլորին անծանոթ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամները: Սա շատ մեծ պառակտում առաջացրեց, իսկ հիմա պառակտման գործըթնացը շարունակվում է, և արդեն պառակտվում է «Ժառանգության» կարկառուն դեմքերի բացեիբաց, սկանդալային վարքի հետևանքով: Այնպես որ՝ կրկնումեմ՝ հիմա «Ժառանգությունում» աջ ձեռքը չգիտի` ինչ է անում ձախը: Եվ հենց դրանով է պայմանավորված, որ շատ դեպքերում «Ժառանգության» անդամները տարբեր քաղաքական ուժերի հետ են համագործակցում վերջին շրջանում: Իսկ հիմա գործընթացը կարելի է ասել` հասել է կիզակետին:
-Հիմա իրենք սպասում են արտասահմանում գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին, Ձեր կարծիքով` Րաֆֆի Հովհաննիսյանը ո՞ր թեևին կպաշտպանի` Զարուհի Փոստանջյանի՞, թե՞ Մարտիրոսյանենց, ովքեր մեղադրվում են իշխանությունների հաճախորդը լինելու մեջ:
- Ես հիմա չեմ կարող ասել` Րաֆֆի Հովհաննիսյանը կոնկրետ ում կպաշտպանի, դա իրենց ներքին խոհանոցն է, բայց պետք է նշեմ, որ նույն Րաֆֆի Հովհաննիսյանը, ժամանակին ընդունելով Նախագահի հրավերը , գնաց նախագահական պալատ, բանակցեց Նախագահի հետ, և դրա հետևանքները Դուք շատ լավ գիտեք:
- Եթե ջինը շշից դուրս է եկել, ինչ-որ բեկոր կպոկվի՞ կուսակցությունից, և եթե «այո՛», ապա դա արմենմարտիրոսյանակա՞ն բեկորը կլինի, թե՞ Փոստանջյանի թևը:
-Խնդիրն այն է, որ եթե պոկվի էլ, ապա բեկոր չի լինի, եթե հաշվի առնենք, որ կոնկրետ Ազգային ժողովում «Ժառանգությունը»,կարելի է ասել, հավասարապես երեք մասի է բաժանված, և պոկվելու դեպքում էլ գործըթնացը կլինի արդեն դե յուրե, քանի որ դե ֆակտո պոկված են: Իրենք վաղուց են պոկված, հիմա չէ, որ պետք է պոկվեն:
-Այնուամենայնիվ, ո՞ր թևը կմնա Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:
- Դա կախված է նրանից, թե Րաֆֆի Հովհաննիսյանը որ թևին կնախընտրի: Հիմա դա արդեն Րաֆֆի Հովահաննիսյանի որոշելիքն է, բայց այն, որ կուսակցությունը պառակտված է, դա փաստ է:










