A320-ի օդաչուի նախկին ընկերուհին պատմել է, որ նա ցանկացել է «այնպիսի բան անել, որը կհիշեին բոլորը»

12:32 • 28.03.15

Germanwings ավիաընկերության Airbus A320 օդանավի կործանման համար կասկածվող գերմանացի օդաչու Անդրեաս Լուբիցի նախկին ընկերուհին Bild պարբերականի հետ զրույցում պատմել է, որ նա ցանկանում էր «փոխել համակարգն» ու «այնպիսի բան անել, որը կհիշեին բոլորը»:

 

Քսանվեցամյա ուղեկցորդուհու խոսքով՝ Լյուբիցը հաճախ էր գիշերվա կեսին քնած տեղից վեր թռչում` սարսափած բղավելով՝ «Մենք ներքև ենք ընկնում»:

 

«Երբ ես իմացա ինքնաթիռի կործանման մասին, անմիջապես հիշեցի նրա խոսքերը. «Մի անգամ ես այնպիսի բան կանեմ, որը կփոխի համակարգն ու բոլորը կճանաչեն ինձ ու կհիշեն անունս», -պատմել է երիտասարդ աղջիկը: Նա մանրամասնել է, որ այն ժամանակ ինքը չի հասկացել այդ խոսքերի իմաստը, սակայն այժմ իր համար ամեն ինչ պարզ է:

 

Հետաքննության շրջանակում պարզվել է նաև, որ չարաբաստիկ թռիչքից օրեր առաջ բժիշկները պարզել են, որ Լյուբիցի առողջական վիճակը թույլ չի տալիս, որ նա թռչի: Սակայն նա անտեսել է այդ փաստը:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Germanwings ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռը մարտի 24-ին կործանվել է ֆրանսիական Ալպերում: Բարսելոնայից Դյուսելդորֆ ուղևորվող ինքնաթիռում եղել է 150 մարդ։

 

Հինգշաբթի Մարսելի դատախազ Բրիս Ռոբենը «սև արկղերից» ստացված տվյալների արդյունքներով հայտարարել էր, որ օդանավը, ըստ երևույթին, միտումնավոր կործանել է երկրորդ օդաչուն:

 

Օդաչուն, ով միայնակ վերահսկել է Airbus A320-ն օդաչուների խցիկից օդանավի հրամանատարի դուրս գալուց հետո, հրաժարվել է բացել դուռը և սեղմել է կոճակը, որի պատճառով ինքնաթիռը սկսել է կտրուկ վար իջնել և ի վերջո կործանվել է: Օդաչուն ողջ է եղել մինչև վերջին պահը, ասել էր նա։