Մեր կյանքը հույսով լցվեց. իրանցիները տոնել են երկար սպասված միջուկային համաձայնությունը (լուսանկարներ)
Լոզանում երեկ լուծում է ստացել վերջին տարիներին միջազգային քաղաքական օրակարգի ամենահրատապ խնդիրներից մեկը` Իրանի վիճահարույց միջուկային ծրագրի շուրջ երկարատև բանակցություններն ավարտվել են:
Ինչպես նշում է theguardian.com-ը, Շվեյցարիայից ստացված բարի լուրն այնքան է ուրախացրել շարքային իրանցիներին, որ նրանք չեն կարողացել զսպել իրենց հուզմունքն ու տոն են կազմակերպել Թեհրանի փողոցներում:
Բրիտանական պարբերականը նկատում է, որ իրանցիներին ուրախացրել է այն փաստը, որ արևմտյան պատժամիջոցները վերջապես կչեղարկվեն, իսկ պատերազմի սպառնալիքը կվերանա:
«Մեր սրտերը կրկին լցվեցին հույսով: Այժմ մենք մեկուսացված չենք լինի արտաքին աշխարհից, ու տնտեսական դժվարությունները կմնան անցյալում»,-իր ուրախությունն է հայտնել իրանցիներից մեկը:
Աղբյուրը մանրամասնում է, որ միջուկային խնդրի լուծման վերաբերյալ տեղեկության տարածվելուն պես Թեհրանի ամենաերկար փողոցը լցվել է մեքենաներով, որոնց պատուհաններից դուրս եկած կանայք ու տղամարդիկ ծածանել են ազգային դրոշը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Тert.am-ը, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը բանակցությունների լիագումար նիստի ավարտից հետո Twitter-ի իր էջում գրել է. «Իրանի միջուկային ծրագրի հարցերով լուծումները գտնված են: Կարելի է անմիջապես սկսել աշխատանքը համաձայնության նախագծի շուրջ»:
Այնուհետև Իրանի արտգործնախարար Զարիֆը, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին և ԵՄ-ի արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
Նրանք, մասնավորապես, ասել են, որ կողմերը ժամանակավոր քաղաքական համաձայնության են եկել, իսկ համապատասխան համաձայնագրի պատրաստումը կպահանջի 3 ամիս:












