Պորոշենկոն Պուտինին առաջարկել է վերցնել Դոնբասը. Forbes

13:28 • 06.04.15

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 19-ին Արդյունաբերողների և ձեռնարկատերերի ռուսական միության ղեկավարության հետ փակ հանդիպման շրջանակում պատմել է, թե Ուկրաինայի ներկայիս նախագահ Պյոտր Պորոշենկոն առաջարկել է իրեն վերցնել Դոնբասը։

 

Ինչպես նշում է Forbes-ի ռուսական ծառայությունը՝ քաջատեղյակ աղբյուրներին հղումով, այս առաջարկությունը Պորոշենկոն իբր արել է փետրվարի 11-12-ին Մինսկում կայացած «նորմանդական քառյակի» (Ուկրաինա, Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա) բանակցություննների ժամանակ:

 

«Նա (Պորոշենկոն- «Tert.am») ինձ ուղիղ ձևով ասաց. «Վերցրե՛ք Դոնբասը»: Ես նրան պատասխանեցի. «Գժվե՞լ ես , ինչ է: Ինձ Դոնբասը հարկավոր չէ: Եթե այն ձեզ պետք  չէ, հայտարարեք դրա անկախացման  մասին»,- մեջբերել է աղբյուրը Պուտինի խոսքերը:

 

Սրան ի պատասխան Պորոշենկոն ասել է, թե իրենք չեն կարող նման քայլի գնալ: Այս խոսքերը լսելով` Պուտինը նշել է, որ այդ դեպքում Ուկրաինայի իշխանությունները պետք է Դոնբասի բնակչությանը վճարեն թոշակները, նպաստներն ու վերականգնեն բանկային համակարգը:

 

Աղբյուրը հավելում է, որ ռուս գործարարների ու Պուտինի փակ հանդիպման ևս մի մասնակից հաստատել է այս տեղեկությունը:

 

«Պորոշենկոն առաջարկել է Ռուսաստանին վերցնել Դոնբասն ու ֆինանսապես ապահովել այն: Մինչդեռ Պուտինը պատասխանել է, որ դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե Դոնբասը ներառվի ՌԴ կազմում, իսկ ներկայում այն Ուկրաինայի մի մասն է, ու բոլոր ծախսերը պետք է հոգա ուկրաինական կողմը»,- ասել է աղբյուրը: