Քանյե Ուեսթի խենթ անակնկալը հայ երկրպագուներին. Daily Mail-ի անդրադարձը
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, հավանաբար, ձանձրացել էր կնոջ՝ Քիմ Քարդաշյանի հետ Հայաստան կատարած ուղևորության ընթացքում միայն տեսարժան վայրերը դիտելուց, գրում է The Daily Mail-ը։
Երեկ գիշեր 37-ամյա ռեփերը ցատկել է Երևանի Կարապի լիճը՝ հայ երկրպագուների համար կազմակերպված անակնկալ համերգի ժամանակ։
21 «Գրեմմի» մրցանակի արժանացած Քանյեն «նետվել» է ջուրը՝ իր ամենահայտնի հիթերից մեկի կատարման ժամանակ։ Ամբողջ համերգը տևել է ընդամենը մի քանի րոպե, սակայն Քանյեն հայ հանդիսատեսին փոխանցել է անմոռանալի հիշողություններ։
Ջրից դուրս գալուց հետո ռեփերը շարունակել է համերգը՝ կատարելով այնպիսի երգեր, ինչպես Stronger, Jesus Walks, Power, Touch the Sky և All of the Lights։
Բնականաբար, ամուսնու անսպասելի շոուին անդրադարձել է նաև Քիմ Քարդաշյանը, ով լուսանկար է տեղադրել սոցցանցերում և գրել՝ «Ինչպիսի խելահեղ գիշեր։ Քանյեն արթնացրեց ինձ և ասաց, որ անվճար համերգ է տալու Երևանում, Հայաստանում»։
Քանյեի երևանյան համերգի մասին գրել է նաև Քիմի մայրը՝ Քրիս Ջեները, ով նույնպես լուսանկար է տեղադրել սոցկայքում։ «Օ, նա դա արեց։ Հայաստանում Goodlife երգը կատարելու ընթացքում նա ցատկեց ջուրը։ Սիրում եմ այս տղային։ Հպարտ մայրիկ եմ»,- գրել է Ջեները։
Քանյեն և նրա թիմը համերգի մասին հայտարարությունը սոցկայքերում տարածել էին համերգից ընդամենը մի քանի ժամ առաջ։










