Կոպենհագենում Ցեղասպանությանը նվիրված հուշարձանի ցուցադրությունը զայրացրել է Դանիայում Թուրքիայի դեսպանին
Հայկական արմատներով քանդակագործ Ալեն Սայեղի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանը 10 օր շարունակ ներկայացվելու է Կոպենհագենի հրապարակներից մեկում:
Կոպենհագենում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Դյունմեզը գրություն է ուղարկել տեղական թերթերից մեկին և իր հիասթափությունը հայտնել այդ առնչությամբ, տեղեկացնում է թուրքական Haber 7 կայքը։
«Կոպենհագենի ամենամեծ ու կարևոր հրապարակներից մեկում նման ցուցադրության թույլտվությունն իրավական հիմք չունի»,- գրել է նա:
Հայ-ամերիկյան ճարտարապետական բյուրոյի կողմից ներկայացված քանդակագործն էլ հայտարարել է, որ այդ կոթողը Ցեղասպանության և կարեկցանքի խորհրդանիշն է:
Կոպենհագենի քաղաքային խորհրդի՝ ազգությամբ քուրդ անդամ Լարս Արսլանը «հիմարություն» է որակել թուրք դեսպանի հայտարարությունը: Իսկ աջ ծայրահեղական Դանիայի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Կարլ Քրիստիան Էբբեսենն ասել է. «Թուրքիան չի կարող խառնվել մեր գործերին ու որոշել՝ ինչը թույլ տանք, ինչը՝ ոչ: Անշուշտ հիշատակելու ենք Հայոց ցեղասպանությունը: Այդ քայլը նաև Թուրքիային կօգնի ճանաչել Ցեղասպանությունը»:










