Ատոմակայանի աշխատանքի երկարաձգման հարցը՝ ԱԺ-ում պատմական փաստերի շուրջ քննարկումների առիթ
2014-ի դեկտեմբերի 20-ին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Մոսկվայում ստորագրված Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին համաձայնագրի քննարկմանն այսօր ԱԺ-ում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն արձագանքեց նախկին վարչապետ, հանրապետական պատգամավոր Խոսրով Հարությունյանի ելույթին, չնայած նկատեց, թե նպատակ չուներ ելույթ ունենալ, մանավանդ որ խոսք էր տվել ինքն իրեն, որ երբ իշխանական ցուցակներով անցած անձինք իշխանություն են գովերգում և պարտավորություն ունեն ընդդիմությանը քննադատելու, նրանց չի պատասխանելու, բայց այսօր այդ խոստումը կխախտի:
«Արդեն որերորդ անգամ է` այս դահլիճում փորձում են ՀՀՇ-ի վրա ստվեր գցել, կեղծում են պատմությունը, պատմության դասագրքերը ամբողջությամբ լցված են կեղծիքներով շարժման նկատմամբ, անկախության նկատմամբ»,-ասաց նա և նշեց, որ ինքը պարտավոր է իր կենսագրության լավագույն տարիները, իր կուսակցության լավագույն տարիներն ու ժողովրդի լավագույն ժամանակաշրջանը պաշտպանել այդպիսի ելույթներից:
Նշենք, որ Խորով Հարությունյանն իր ելույթի ժամանակ ասել էր, թե Ատոմակայանի փակման խնդիրները լուծվել են քաղաքական, քաղաքացիական հուժկու ճնշման տակ:
«Մեր ժողովուրդն է փակել՝ ՀՀՇ-ի նախաձեռնությամբ: Սա իրողություն է, պատմական փաստ: Փակվել է և՛ Ատոմակայանը, և՛ «Նաիրիտը»: Հետո, երբ տեսան, որ մայրերը երեխաներին մեծացնում էին ծայրաստիճան խավարի մեջ, Վազգեն Մանուկյանը ստանձնեց ատոմակայանը գործարկելու պատասխանատվությունը, նա ստանձնեց համարձակություն այդ պայմաններում հայտարարել Ատոմակայանը գործարկելու անհրաժեշտության մասին»,- նշել էր Խոսրով Հարությունյանը:
Արամ Մանուկյանը նշեց, թե իր համար հատկապես ցավալի է, որ դա անում են այն անձինք, ովքեր իրենց իշխանության ժամանակ պաշտոններ են զբաղեցրել, մասնակից են եղել ծրագրերին, և նրանց համար աշխարհը շուռ է եկել այն պահից, երբ պաշտոն չեն զբաղեցրել:
«Դա սեփական կենսագրության մերժում է, որն ըստ արժանվույն պետք է պատասխանվի: Եթե Վազգեն Մանուկյանը իշխանության կողմ է, Բագրատյանը ընդդիմադիր, և հարկավոր է այնպես անել, որ Բագրատյանը սխալ լինի, Մանուկյանը ճիշտ, պետք է հիշել, որ Վազեն Մանուկյանն էլ ՀՀՇ վարչության նախագահ էր: Եկեք օրվա թելադրանքով չասենք, ով էր ճիշտ, ով՝ սխալ»,-ասաց նա:
Խոսելով այն պնդման մասին, թե 89թ-ին Ատոմակայանը ՀՀՇ-ի ճնշմամբ է փակվել, Մանուկյանը նկատեց, թե որ եղել է ճնշում, և դա ակնհայտ է:
«Բայց չասել, որ երկրաշարժից անմիջապես հետո էր, և ամբողջ ժողովուրդն ահաբեկված՝ վախենում էր, որ երկրաշարժ է լինելու, և կարող է ատոմակայանից հոսք լինի, ո՞վ չգիտի: Բայց այստեղ ասել, թե միայն ճնշման արդյունքով է փակվել, ճիշտ չէ, ի՞նչ է՝ հիմք չկա՞ր փակվելու, եղել է, չէ՞»,-ասաց նա և շարունակեց, թե այն պնդումը, որ Ղարաբաղ կոմիտեի որոշումով էր փակվել, ևս սխալ է:
«Պարո՛ն Հարությունյան, այդ ժամանակ Ղարաբաղ կոմիտեն նստած էր, և շարժումը կանգնած էր, և Լուժկովի ստորությամբ որոշում կայացվեց»,-ասաց նա:
Անդրադառնալով դիտարկմանը, թե Նաիրիտը ևս փակվել էր Ղարաբաղ կոմիտեի ճնշմամբ, Արամ Մանուկյանը նշեց, որ այո, եղել է իշխանական որոշում, ճնշում, բայց հիշեցրեց, որ այն ժամանակ «Նաիրիտը» համամիութենական էր, և դրանով մի խնդիր էր լուծվում՝ ղարաբաղյան հարցի համար ճնշում գործադրել կենտրոնական իշխանությանը, իսկ ճնշել հնարավոր էր երկու միութենական կառույցների միջոցով՝ «Նաիրիտի» ու Ատոմակայանի:
Նա շարունակեց, թե իր ձեռքին է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ստորագրված փաստաթուղթը «Նաիրիտի» վերագործարկման մասին, որտեղ ասվում է, որ պետք է 1991թ-ին լուծել «Նաիրիտի»՝ ամբողջովին հանրապետությանը ենթարկելու հարցը:
«Մենք երկու խնդիր լուծեցինք. «Նաիրիտը» դարձավ հայաստանյան ենթակայության հիմնարկ, դուրս եկավ միութենական կազմից, և 95թ-ի հետո ընկած շրջանում պետք է «Նաիրիտը» գործարկվեր»,-ասաց նա:
«Սա է իրականությունը, եկեք կամ կիսատ-պռատ, կամ էլ կեղծ չասենք և հանուն սեփական բիզնեսի, հանուն բարեկամներին գործի տեղավորելու։ Ինչքա՞ն կարելի է շնորհակալություն հայտնել գործի տեղավորվելու համար, ոչ մեկ չհամարձակվեք մեր ազատագրական շարժման զարթոնքի վրա բիծ թողել, չեմ թողնի, բոլոր նրանց, ովքեր կանգնած են բոլոր ակունքներում: Քննադատեք, բայց մի կեղծեք»,-ասաց նա:
Արամ Մանուկյանի ելույթին արձագանքեց փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը։
«Այդ անկախություն էլ, պետականությունն էլ մենակ ձերը չէ, և քննադատությանը հանգիստ վերաբերվեք ու մի բորբոքվեք այդքան»,-ասաց նա:










