Վաղը վաճառքի կհանվի Վիլյամ Սարոյանի՝ Ֆրեզնոյում գտնվող տունը, այն գնելու՝ հայ բարերարներին ուղղված կոչը դեռ անարձագանք է
Սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության կոչը հայ բարերարներին՝ գնել համաշխարհային գրականության ականավոր ներկայացուցիչ Վիլյամ Սարոյանի՝ ԱՄՆ-ում վաճառքի հանված տունը և այն վերածել տուն-թանգարանի, դեռևս անպատասխան է մնացել։ Tert.am-ի հետ զրույցում Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից ասացին, որ արձագանքներ չկան։
Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը Tert.am-ին ասաց, որ գուցե տան աճուրդին մասնակցեն հայ բարերարներ, և պարտադիր չէ, որ իրենց կոչի պատասխանն իրենք ստանան։
«Կոչի արձագանքներն այնպես չէ, որ անմիջապես ստանանք։ Ով որ ցանկություն ունենա, չի զանգի՝ կիսվի ինձ հետ։ Այդ կոչը ուղղակի տեղեկացնելու համար էր, որ գնան, մասնակցեն։ Իսկ մասնակցության հարցում մեզ դժվար թե տեղեկացնեն»,-ասաց նա։
Նշենք, որ ամերիկահայ հանրահայտ գրողի՝ Ֆրեզնոյում գտնվող տունը վաճառքի կհանվի մայիսի 5-ին, առավոտյան ժամը 10:00-ին Ֆրեզնոյի շրջանային դատարանում:
Բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը Tert.am-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ կգտնվի մեկը, ով տան աճուրդին կմասնակցի և այն ձեռք կբերի հայկական մշակութային կենտրոնի վերածելու նպատակով։
«Միացյալ Նահանգներում խիստ կարիքը կա մշակութային հզոր կենտրոնի, որը կլինի Վիլյամ Սարոյանի տունը և որի գնումը և մշակութային տեսքի բերելը պարտադիր է ուղղակի ողջ հայության համար։ Փառք Աստծո, բավական հայ գործարարներ ու մեծահարուստներ ունենք, թող գնեն այդ տունը և դարձնեն Ֆրեզնոյի հայության մի հավաքավայր, մի սիմվոլիկ տեղ, որտեղ բացի Վիլյամ Սարոյանին, նրա ստեղծագործությունն ու անձը հիշելը, լինեն նաև միջոցառումներ հայության հետ կապված, ամերիկահայ մեր գաղթօջախի հետ կապված՝ ոչ միայն հայկական բնույթի, այլ նաև ամերիկյան գրականության հետ կապված»,-ասաց նա և նկատեց, որ վերջին օրերին զարթոնք ապրած համահայկական ոգին պետք է շարունակություն ունենա և տունը գնվի։
«Եթե աճուրդին որևէ այլ մեկը գնեց, մեր գործը շատ ավելի կվատանա, կգնի մի գնով և ապա քառապատիկ թանկ կծախի հայերին։ Եթե ուզում են հայի պատիվը, նամուսն ու թասիբը պահել, պետք է ձեռք բերեն այդ տունը, հակառակ դեպքում հերթական թուք ու խայտառակությունը կլինի հայ մշակույթի ու հայության ճակատին։ Ո՛չ ՀՀ մշակույթի նախարարությունը, ո՛չ էլ Սփյուռքի նախարարությունը, անհայտ է, որ չեն կարող տեր կանգնել, տեր կանգնողը կկանգնի, մենք էլ համազգային վայնասուն կդնենք ու թանկ գնով կփորձենք առնել»,-ասաց նա։
Դավիթ Հովհաննեսը նկատել է՝ հայախոս գաղութներում ունենք քաղաքական, ֆինանսական, եկեղեցական կենտրոններ, բայց ոչ մշակութային կենտրոն. «Այսօր նման կենտրոն ունենալը օդի ու ջրի պես է պետք։ Լոս Անջելեսի գաղթօջախն էլ շատ այլ հայ գաղթօջախների նման թաղվել է ճարպի և փողաշինության մեջ, չասելու համար այն հզոր լոբբին, որ մենք իհարկե ունենք Կալիֆորնիայում, և Նյու Յորքը, և արևմտյան ափն ընդհանրապես, նրանք մի տեսակ իրենց բնույթը փոխում են և դառնում են համահայկական քաղաքական լոբբինգի ֆինանսատնտեսական գործունեության կենտրոններ»։
Դավիթ Հովհաննեսը վստահ է, ամերիկյան պետությունը ոչ մի կերպ չի խոչընդոտի Վիլյամ Սարոյանի տունը մշակութային կենտրոն դարձնելուն, ի տարբերություն Հովհաննես Թումանյանի Թբիլիսիի տան։
«Սա շատ ավելի գործուն կլինի, քան Թբիլիսիի Թումանյանի տունը, երբ Թումանյանի ծոռան ձեռքից առան և որն ուզում են դարձնել հայ արվեստի կենտրոն։ Տան ճակատագիրն այդպես էլ վերջնական չպարզվեց։ Ակնհայտ է, որ վրացիները ձգձգում են տան կարգավիճակի ճշտումը, և տարիներ, գուցե տասնամյակներ կպահանջվեն, որ այդ տունը ծառայի իր նպատակին։ Իմ կարծիքով՝ չեն էլ թողնի, որ նրա կարգավիճակը ճշտվի»,-ասաց նա։
Նշենք, որ Վիլյամ Սարոյանը Ֆրեզնոյում գտնվող տանն անցկացրել է իր կյանքի վերջին 17 տարին։ 2729 W. Griffith Way, հասցեում հասարակ սվաղով կառուցված տունը, որը գտնվում է Կուպերի դպրոցից արևմուտք, 1981թ Սարոյանի մահվանից հետո ունեցել է երեք սեփականատեր և երկու անգամ հայտնվել է սեփականության իրավունքը կորցնելու վտանգի տակ:
Տունը, որի ճակատին տեղադրված է Օսկար (Վիլյամ Սարոյանն այդ մրցանակին արժանացել է 1944թ.՝ «Մարդկային կատակերգությունը» ֆիլմի սցենարի համար) և Պուլիտցերյան (ամերիկյան ամենահեղինակավոր մրցանակներից, տրվում է գրականության, լրագրության, երաժշտության և թատրոնի ասպարեզներում հասած հաջողության համար) մրցանակի դափնեկրի հուշատախտակը, դատարկ է՝ սեփականության իրավունքից զրկված լինելու իրազեկումով:
Փոքրիկ՝ 1228 քառակուսի ոտնաչափ ունեցող տունը կառուցվել է 1964 թվականին: Ունի երեք ննջարան և մեկ լոգասենյակ: Հարևանի խոսքով, երբ տան սեփականատերը եղել է Սարոյանը, տնկել է պտղատու ծառեր: Տունը ներառված է քաղաքային պատմական արժեքների ցանկում։
Տան վրա 1989 թվականի հուշատախտակ է տեղադրվել, որի վրա գրված են այն 10 գրքի վերնագրերը, որոնք Սարոյանը գրել է այդ տանն ապրելու ընթացքում:













