Մեծ Բրիտանիայում խորհրդարանական ընտրություններ են
Մեծ Բրիտանիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, որոնց արդյունքներով կորոշվի կառավարության կազմը և առաջիկա հինգ տարվա երկրի քաղաքականությունը, գրում է ria.ru-ն:
Հինգշաբթի առավոտյան երկրի բոլոր շրջաններում ընտրատեղամասեր են բացվել: Բրիտանացիներն ընտրում են Համայնքների պալատի ամբողջական կազմը: Համայնքների պալատը հավանության է արժանացնում կառավարության կարևոր որոշումները:
Ընտրատեղամասերը բաց կլինեն տեղի ժամանակով 07:00-ից 22:00-ը:
Ընտրություններն անց են կացվում 650 միամանդատ շրջաններում՝ մեծամասնական համակարգով: Դա նշանակում է, որ ամեն կոնկրետ շրջանում ընտրողները քվեարկելու են ոչ թե կուսակցության, այլ կոնկրետ թեկնածուի օգտին, և կհաղթի նա, ով կհավաքի ձայների մեծամասնությունը:
Ընտրություններից մեկ օր առաջ հիմնական մրցակիցների՝ պահպանողականների և լեյբորիստների միջև ակնհայտ առաջատար չի հայտնվել: Հասարակական կարծիքի հարցումների մեծ մասը ցույց են տալիս, որ առաջնորդները հավաքում են մոտավորապես հավասար քանակությամբ ձայներ, սակայն որոշ տվյալներով՝ տորիները (Բրիտանիայի պահպանողական կուսակցությունը) չնայած քիչ, բայց այնուամենայնիվ առաջ են անցնում քաղաքական մրցակիցներից:










