ՀԷՑ-ի` էլէներգիայի սակագնի թանկացման որևէ հիմնավորում ինձ համար հիմնավորված չէ.Արամ Գրիգորյան
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ՀԷՑ-ի կողմից ուղարկված՝ սակագնի վերանայման փափեթում որևէ հիմնավորում պարզ և հիմնավորված չէ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց էլետրաէներգիայի սակագնի հերթական թանկացման ժամանակ՝ մոտ երկու տարի առաջ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում սպառողների շահերը ներկայացնող Արամ Գրիգորյանը:
«Ո′չ հիմնավորումներն են հիմնավորված, ո′չ էլ այն խոսքերը կամ արտահայտությունները, որ պետական այրերը այս կամ այն լրատվամիջոցով ներկայացնում են: Խնդիրը հետևյալն է.... ներդրումները, որ նշում են, թողնենք մի կողմ, որովհետև ներդրումների համար հենց այսօրվա սակագնում նախատեսված են միջոցներ: Խնդիրները ավելի խորքային են»,-ասաց Արամ Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ ծանուցվեց, որ ՀԷՑ-երը պատրասվում են մոտ 15 տոկոսով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը՝ այն դարձնելով 58 դրամ ՝ մեկ կիլովատի դիմաց, թեպետ ՀԾԿՀ-ն դեռ չի շտապում հիմնավոր համարել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու ՀԷՑ-ի հայտը:
Հիշեցնենք, որ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել էր, թե թանկացումը «ամբողջությամբ հիմնավորված» է:
Արամ Գրիգորյանը նշեց՝ ստացվում է, որ մի ընկերություն, որն աշխատում է ոչ արդյունավետ, իրեն վստահված է էներգիայի բաշխման խնդիրը, արդյունավետ չի աշխատում, ինչի պատճառով տուժում է ՀՀ քաղաքացին:
Ըստ Արամ Գրիգորյանի՝ դա առակ է, ոչ վերահսկելի իրավիճակ:
«Տեսեք՝ Կառավարությունը կարծես թե թույլտվություն է տվել, երաշխավորել է, որ ընկերությունը վարկային միջոցներ վերցնի, ընկերությունը դրանք արդյունավետ չի ծախսել, բայց Կառավարությունը վերահսկողություն չի իրականցրել, թե ինչու են այդ պարտքերը կուտակվել: Եվ նման բազմաթիվ խնդիրներ»,-ավելացրեց նա:
Նա նշեց, որ Հայաստանում հոսանքի, և, առհասարակ, սակագները ձևավորվում են ո′չ թե տնտեսական կառուցվածքի հիման վրա, այլ՝ քաղաքական ազդեցությամբ: Եվ ցանկացած աուդիտ կամ տնտեսական հաշվարկ, եթե առկա է քաղաքական ազդեցություն, որևէ նշանակություն չունի:










