Ռիգայում այսօր կկայանա «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը
Եվրոպայի ժողովրդական կուսակցության առաջնորդներն այսօր կհանդիպեն Ռիգայում` «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը նախապատրաստելու համար: ԵԺԿ առաջնորդների հանդիպումը կանցկացվի Ռիգայում՝ մայիսի 21-ին և 22-ին: Այս մասին հայտնում է կառույցի կայքը` news.epp.eu-ն:
Առաջնորդների հանդիպումը կնախագահի ԵԺԿ-ի նախագահ Ջոզեֆ Դոլը: Ներկա կլինեն նաև ԵԺԿ-ի ղեկավարության ներկայացուցիչներ: Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկից բացի, ԵՄ-ի ներկայացուցիչներից ներկա կլինեն Լաիմդոտա Ստրաույուման՝ Լատվիայից, Նիկոս Անաստասիադիսեսը՝ Կիպրոսից, Բոյկո Բորիսովը՝ Բուլղարիայից, Անգելա Մերկելը՝ Գերմանիայից և Վիկտոր Օրբանը՝ Հունգարիայից: Նախատեսվում է նաև այլ երկրների` եվրոպական կառույցներում պաշտոնավարող անձանց ներկայությունը:
Արևելյան գործընկերության երկրներից ներկա կլինեն Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Մոլդովայից` Չիռլի Գաբուռիչին: Հանդիպմանը ներկա կլինեն նաև այլ քաղաքական գործիչներ` Միխեիլ Սաակաշվիլին, Արմեն Աշոտյանը, Արթուր Բաղդասարյանը, Վիտալի Կլիչկոն, Դավիթ Բաքրաձեն և այլք:
Հանդիպմանը ներկա կլինի Եվրոպական հարևանության քաղաքականության եվրահանձնակատար Յոհանես Հանը:
Հանդիպումը նախատեսված է մայիսի 21-ին, ժամը 17:00 - 19:00-ը՝ Ռիգայի Riga Bourse արվեստի թանգարանում:
Նշենք, որ Tert.am–ի հետ զրույցում անդրադառնալով Ռիգայի հանդիպմանը՝ քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն ասել էր, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո, ԵՄ-ի հետ չի կարող կնքվել նախկինում գոյություն ունեցող փաստաթղթի բովանդակությամբ համաձայնագիր, բայց ամեն դեպքում տնեսական համագործակցությունը կշարունակվի:
«Այստեղ խոսքն ավելի շատ ոչ տնտեսական էլեմենտների մասին է, որովհետև տնտեսական ոգին ու բովանդակությունը հակասում է այն վեկտորին, որը Հայաստանը ընտրել է 2013թ-ի սեպտեմբերի 3-ից հետո և 2015թ-ի հունվարից դարձել ԵՏՄ անդամ»,- ասել էր նա:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, երեկ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի ՀՀԿ–ն Ռիգայում կայանալիք գագաթնաժողովից, ասել էր, որ ակնկալում են ունենալ փաստաթուղթ ու հնարավորություն՝ շարունակելու համագործակցությունը ԵՄ-ի հետ։
«Կարծում եմ, որ վաղը, մյուս օրը պարզ կլինի, թե ինչ բնույթ կունենան փաստաթղթերը, ու ըստ այդմ՝ մենք իրականում կկարողանանք գտնել եզրեր, որպեսզի համագործակցենք մեր պետական շահերին, երկկողմ հետաքրքրություններին համահունչ»,-ասել էր նա։










