Սանտա Բարբարան աղետի գոտի է հայտարարվել՝ նավթի արտահոսքի պատճառով
Ամերիկյան Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունն աղետի գոտի է հայտարարել Սանտա Բարբարա շրջանը՝ պայմանավորված նավթի խոշոր արտահոսքով:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, համապատասխան որոշումը կայացվել է նահանգի մայրաքաղաք Սակրամենտոյում:
«Այդ քայլը հնարավորություն կտա արտակարգ միջոցներ ձեռնարկել և կօգնի առկա ռեսուրսները մոբիլիզացնելուն: Մենք կանենք հնարավորը՝ Կալիֆոռնիայի ափերը պահպանելու համար»,-ասել է նա:
Երեքշաբթի ցերեկը հանգստավայրային Սանտա Բարբարա քաղաքից 34 կմ արևմուտք նավթատար խողովակ է վնասվել, ինչի հետևանքով նավթի զգալի քանակություն լցվել է ջուրը:
Նույն օրն արտահոսքը դադարեցվել է, և սկսվել են նավթը ջրից և ծովափից հավաքելու աշխատանքները:
Համաձայն երեկ ներկայացված տվյալների՝ նավթատար խողովակից թափվել է 2.5 հազար բարել հում նավթ: Դրա զգալի մասը հայտնվել է ջրում:
Reuters գործակալության տվյալներով՝ այս արտահոսքը խոշորագույնն է վերջին 18 տարվա ընթացքում:
Այժմ երեք նավ է աշխատում դեպքի վայրում՝ փորձելով կանխել նավթի հոսքը դեպի Լոս Անջելես:










