Հայտնի են դարձել Կաննի կինոփառատոնի մրցանակակիրները

23:24 • 24.05.15

Կաննի 68-րդ կինոփառատոնում «Փոքր Ոսկյա արմավենու ճյուղ» մրցանակին լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար արժանացել է լիբանանցի երիտասարդ ռեժիսոր Էլի Դագերը:

Ինչպես հաղորդում է ТАСС-ը` Դագերի «Ալիքներ-98» (Waves ‘98) 15 րոպեանոց կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը ժյուրիի որոշմամբ ճանաչվել է լավագույնը:

Կաննի կինոփառատոնի ժյուրին  «Ոսկյա արմավենու ճյուղ» մրցանակը շնորհել է Ժակ Օդիարին` «Դիպան» ֆիլմի համար:

Գրան պրի մրցանակին արժանացել է հունգար ռեժիսոր Լասլո Նեմեշի «Սաուլի որդին» դեբյուտային կինոնկարը:

Տղամարդու լավագույն դերի համար մրցանակը Կաննի կինոփառատոնի ժյուրին հանձնել է ֆրանսիացի դերասան Վենսեն Լենդոնին: Այս մրցանակին Լենդոնն արժանացել է Ստեֆան Բրիզեի «Շուկայի օրենքը» սոցիալական դրամայում իր դերակատարության համար:

Կնոջ լավագույն դերի համար Կաննի կինոփառատոնի ժյուրին մրցանակ է շնորհել երկու դերասանուհու` հոլիվուդյան աստղ Ռունի Մարային և ֆրանսուհի Էմանուել Բերկոյին:

Մարան մրցանակն ստացել է 1950-ականներին երկու կնոջ սիրո մասին «Քերոլ»  ֆիլմի համար, որում նկարահանվել է նաև Քեյթ Բլանշետը: Բերկոյին մրցանակ են շնորհել «Իմ թագավոր» (Mon roi) ֆիլմում դերակատարության համար: 

Լավագույն ռեժիսուրայի մրցանակին արժանացել է թայվանցի ռեժիսոր Հոու Սյաոսյանը «Մարդասպանը» ֆիլմի  համար: