Նաիրիտցիները հաջորդ ցույցին գալու են երեխաներով, թոռներով, որ տեսնեն, որ նրանք հաց ուտելու խնդիր ունեն
Երեքշաբթի օրը «Նաիրիտ» գործարանի կրճատված և չկրճատված աշխատակիցները կգան կառավարության շենքի դիմաց երեխաներով, թոռներով` կախված կառավարության երկուշաբթի օրվա պահվածքից:
«Երեքշաբթի կհավաքվենք ու ամեն ինչ կերևա, կսկսենք կամ չենք սկսի՝ կառավարության պահվածքից կախված: Ու կգանք երեխաներով, բայց դա դեռ չի նշանակում, որ մենք երեխաներին այնտեղ կպահենք, բայց որ երեխաները ուտելու կարիք ունեն, հստակ է»,- Tert.am-ին ասաց գործարանի նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը:
Նրա տեղեկացմամբ` կառավարությունը պետք է արագ ժամանակացույց սահմանի, թե 18-24 ամսվա պարտքը ինչպես են մարելու:
«Իրենք հայտարարե՞լ են տարվա վերջին, հիմա պետք է ժամանակացույց տրամադրեն՝ մինչև տարեվերջ ի՞նչ չափաքանակներով ու ինչ տրամաբանությամբ են ուզում փակել պարտքերը: Տարվա վերջին մնում է 6 ամիս, պարտքը 18-24 ամիս է, դա նշանակում է, որ առնվազն երեք ամսվա աշխատավարձ ամեն ամիս վճարեն: Դա ամենառեալ տարբերակն է, բայց եթե ուզենան երկու ամիս հետո վեց ամսվա վճարեն, ևս երկու ամսի հետո՝ ևս վեց ամսվա, մենք դրան էլ դեմ չենք, իրենք ուղղակի պետք է բացատրեն, թե ոնց են վճարելու»,-հայտարարեց Անուշ Հարությունյանը:










