Թբիլիսիում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի (լուսանկարներ)

17:01 • 14.06.15

Թբիլիսիում տարերային աղետի հետևանքով զոհվածների թիվը, վերջին տվյալներով, հասել է 12-ի, հայտնել է քաղաքապետ Դավիթ Նարմանիան։

Նա նշել է նաև, որ շարունակվում է կենդանաբանական այգուց փախած կենդանիների որոնումը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Դեռևս ոչ բոլոր կենդանիներին է հաջողվել բռնել։ Այդ պատճառով էլ ցանկանում եմ խնդրել բնակչությանը՝ խուսափել առանց լուրջ անհրաժեշտության դուրս գալ քաղաք»,- ասել է քաղաքապետը։

Ավելի վաղ հաղորդվում էր 11 զոհի մասին, ընդ որում՝ 4 մարմիններ հայտնաբերվել էին կենդանաբանական այգու տարածքում։ Նրանցից 3-ը այգու աշխատակիցներ են, իսկ 4-րդը՝ երիտասարդ կին, ում դին, ենթադրաբար, ջրի հոսանքն է բերել, հայտնել է այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն։

Մահացածների թվում է նաև այգու աշխատակից Գուլիկո Չիտաձեն, ով մոտ 2 շաբաթ առաջ կորցրել էր ձեռքը՝ վագրի հարձակման հետևանքով։ Մահացել է նաև նրա ամուսինը, ով նույնպես աշխատում էր կենդանաբանական այգում։