Գայլերին ոչնչացնելու կառավարության որոշման հակառակ ազդեցությունը. ՀԿ նախագահը՝ գայլերի ոհմակի կառուցվածքի մասին
Գայլ սպանելու համար 126 հազար դրամ պարգևավճար սահմանելու մասին կառավարության որոշման հետևանքների մասին Tert.am-ի հետ զրույցում «Սրբազան հող» հասարակական կազմակերպության ղեկավար Սուսաննա Էլբակյանն ասաց, որ այդ որոշումը նպաստել է ոչ թե գայլերի թվի նվազմանը, այլ ընդհակառակը:
Նա ուսումնասիրել է գայլերի ոհմակի կառուցվածը և գիտի, որ որսորդների կրակի տակ առաջին հերթին ընկնում են ոհմակի ալֆա էգն ու ալֆա արուն:
«Գայլերի ոհմակում գոյություն ունի ալֆա արու և ալֆա էգ, որոնք հիմնական ընտանիքն են: Ալֆա արուն առաջնորդն է ոհմակի, և միայն նա իրավունք ունի բազմանալու, ձագեր ունենալու, մնացածներն այնքան ժամանակ իրավունք չունեն ձագեր ունենալու, մինչև չմահանա ալֆա էգը: Բայց, երբ սպանում են ալֆա էգին կամ ալֆա արուին, ոհմակն ավելի է բազմանում, որովհետև ալֆա արուն բեղմնավորում է ոհմակի բոլոր էգերին և կրկնապատկվում, քառապատկվում է ոհմակի քանակը: Իսկ եթե արուն է մահանում,ալֆա էգը բեղմնավորվում է ոհմակում ինչքան արուներ կան, բոլորի հետ և արդեն ոհմակի կառավարումը կորցնում է և պատկերացրեք, քանի ոհմակ է առաջնում»,- բացատրեց նա:
«Հիմնականում սպանվում է ալֆա էգը, քանի որ արուն հիմնականում որս բերողն է, իսկ էգը ոհմակը պահողն է, պաշտպանողն է: Դրա համար, երբ կրակում են հիմնականում սպանվում է ալֆա էգը, քանի որ ինքը պաշտպանում է հոտը, և տարածքն է ստուգում»,- ասաց նա:
ՀԿ նախագահը նշեց, թե դեռ 2011թ-ից այդ որոշումը կիրառվում է, որի համար տարեկան հատկացնում են պետական բյուջեից շուրջ 26,5 մլն դրամ: «2014թ-ին եթե չեմ սխալվում այդ գումարն ավելի է ավելացել»,- ասաց նա:
Նա նախ նկատեց, որ սահմանված 126 հազարը չի տրվել, պահվել են եկամտահարկեր և մի գայլի մորթու համար նախարարությունը 76 հազար դրամ է վճարել: «Հետո էլ շատ դժգոհություններ կային, այդ պարգևատրում չէր տրվում, եթե պարզում էին, որ որոշակի տարածքից չեն որսացել, կամ որսացել են օղապարանով, կամ թունավորումով և այլն կամ ասում էին մորթին ավելի հին է»,- ասաց նա:
Նա առաջարկեց այդ գումարը տալ գյուղացուն, որպեսզի իրենց գոմերն ամրացնեն, ոչ թե կարճամիտ որոշումներ կայացնեն:
ՀԿ նախագահը նաև բացատրեց, թե ինչու են գայլերը մտնում գյուղ ու փարախ, որովհետև սնունդ չունեն, անտառները գնալով ոչնչանում են, սնունդն էլ՝ պակասում:










