Մեր ուսանողները Ֆրանսիայի փառատոնից վերադարձել են «Ամենակրեատիվ և ամենաօրիգինալ բեմադրություն» մրցանակով. Ռ. Բաբայան

14:59 • 16.06.15

Հունիսի 1-6-ը  Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական 2-րդ կուրսի ուսանողները ՝  Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի ղեկավարությամբ, Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի ներկայացումով մասնակցել են Ֆրանսիայի «Բեմական կայծակ» 29-րդ միջազգային փառատոնին ( “Eclairs de Scene 29-eme Festival International de Theatre”) և «Ամենակրեատիվ և ամենաօրիգինալ բեմադրություն» անվանակարգում արժանացել են մրցանակի:


Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Նարինե Սարգսյանը մամուլի ասուլիսին հայտնեց նաև, որ  կինոարվեստ մասնագիտությամբ չորրորդ կուրսի շրջանավարտ Ալեն Մալաթյանի «Աղջիկը լուսնի վրա» ֆիլմն արժանացել է նախագահական-երիտասարդական մրցանակի արվեստի բնագավառում։ «Մեր ուսումնական ստեղծագործական գործընթացները միանգամայն լիարժեք են, և մենք կարող ենք ներկայանալ միջազգային մրցասպարեզ և հաղթանակով վերադառնալ»,- ասաց նա։


Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը հայտնեց, որ փառատոնին մասնակցում էր 9 երկիր և իրենց ներկայացումը համարվեց լավագույնը։ Նա նշեց, որ ֆինանսական խնդիրների պատճառով ստիպված եղան փառատոնին գնալ միկրոավտոբուսով, քանի որ ինքնաթիռի տոմսերը թանկ էին, թեև արդյունքում կարողացան տեսնել ութ երկիր։ «Մեծ աջակցություն ցույց տվեց Մշակույթի նախարարությունը, Տիկնիկային թատրոնը, և մենք ինքներս հավաքեցինք որոշակի գումար»,-ասաց նա։


«Ամեն ինչի հիմքում լավ գործն է, եթե չլիներ այս հետաքրքիր շատ յուրատեսակ ներկայացումը, բոլոր ջանքերը կլինեին ապարդյուն։ Սակայն սա նաև ապացուցում է մի շատ կարևոր բան, որ մենք ավելի շատ լավ գործեր ունենք, քան կարողանում ենք ներկայացնել։ Քիչ է ունենալ միայն լավ գործ, պետք է կարողանալ դա ներկայացնել։ Մեր թատրոնի փորձից ելնելով կարող եմ ասել, որ մենք աշխարհի հետ հավասարը հավասարի հետ խոսելու իրավունք և հնարավորություն ունենք»,- ասաց նա և շնորհակալություն հայտնեց նաև հայ համայնքին՝ աջակցության համար։


Ռուբեն Բաբայանը նշեց, որ ինքնին փառատոնին մասնակցությունը ստեղծագործական բարձրունքների որոշակի չափանիշ  է, իսկ լավագույն մրցանակը  ստանալն ապացուցում է այն, որ մեր կատարած աշխատանքը ժամանակից է և շատ պահանջված։


Երրորդ կուրսի ուսանող, կազմակերպչական աշխատանքները իրականացրած Արտաշես Բաբայանը նշեց, որ փառատոնին հայտ էր ներկայացրել 100 երկիր, սակայն ընտրվել էր 9-ը, որից մեկը Հայաստանը։ Նա ասաց, որ կեցության և սննդիր հարցերում որոշակի մաս իր վրա էր վերցրել ֆրանսիական կողմը։ 

 

Մեր ուսանողները Ֆրանսիայի փառատոնից վերադարձել են «Ամենակրեատիվ և ամենաօրիգինալ բեմադրություն» մրցանակով. Ռ. Բաբայան