Ստամբուլի «Արմեն» որբանոց-ճամբարի համար պայքարը շարունակվում է

12:51 • 18.06.15

Ստամբուլի «Արմեն» որբանոց - ճամբարի համար պայքարը շարունակվում է: Արդեն մոտ 45 օր է՝ որբանոցի քանդման աշխատանքները կանխելու համար պայքարողները սպասում են, որ գույքը կհանձնվի հայ համայնքին:



Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը՝ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ ակտիվորեն մեկնարկած գործընթացն այժմ ընդհատվել է, և դեռ որևէ արդյունք չկա:

 

Թուրզլայի համայնքապետ Շադի Յազըջըի հետ հանդիպումներն այս շաբաթ էլ են շարունակվել:

 

Դեռևս մայիսի 28-ին շինության ներկայիս սեփականատեր Ֆաթիհ Ուլուսոյը խոստացել էր գույքը փոխանցել դրա իրական տիրոջը՝ հայկական եկեղեցու հիմնադրամին:



Չնայած դրանից արդեն 20 օր է անցել՝ առկա «տեխնիկական խնդիրները» դեռ լուծում չեն ստացել։

 

Խնդրի կողմերը նշում են, որ գործընթացքում որևէ առաջընթաց չի գրանցվել և որ մոտ ապագայում հանձնվելու է հայ համայնքին: 

 

Հայ ճարտարապետների միությունն արդեն աշխատանքներ է սկսել ճամբարի հանձնումից հետո առանց ժամանակ կորցնելու այն նախկին տեսքի բերելու համար:

 

Ճամբարում շարունակվող հերթապահության 45-րդ օրը՝ հունիսի 19-ի առավոտյան, «Նոր Զարթօնք» կազմակերպությունը մամուլի ասուլիս է կազմակերպելու, միևնույն ժամանակ բացատրություն է պահանջելու և հարցը շուտափույթ լուծելու համար կոչ է հնչեցնելու։