Անհրաժեշտ է նոր կառավարություն և նոր ծրագիր. Արծվիկ Մինասյանը աշնանը քաղաքական դաշտում աշխուժություն է կանխատեսում

Հաշվի առնելով, որ աշնանը սահմանադրական բարեփոխումներն արդեն միս ու արյուն պետք է ստանան , տեքստն էլ լինի սեղանին դրված, կարծում եմ, դրանով պայմանավորված, աշնանը կլինի տեսակետների բախում, մոտեցումների քննարկում, և այդ առումով կարող է նաև թեժանալ, բայց սպասել, որ ամռանը նոր գաղափարներ կծնվեն, որոնք էականորեն կփոխեն քաղաքական կյանքի վիճակը, այդպես չէ:
Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ու նկատեց, որ քաղաքական դաշտի աշխուժության մասին իր կանխատեսումները պայմանավորված են տնտեսությանը վերաբերող հարցերին կառավարության ոչ հստակ մոտեցումներով:
«Վերջին զարգացումները սոցիալ-տնտեսական քաղաքականության մեջ ցույց են տալիս, որ որոշակի աշխուժություն կլինի»,- ասաց նա:
Մեր հարցին, թե հնարավոր է փոփոխություններ լինեն կադրային առումով, Մինասյանը պատասխանեց. «Ոչ միայն կարդային, առաջին հերթին ծրագրային, որովհետև եթե դու իրավիճակից ելնելով սպասում ես բացասական զարգացումների, ավելի լավ է դրա դեմն առնել ոչ թե նախկին կառավարության նման չխոսելով ու փորձելով ստվերային գործողություններ ձեռնարկել, այլ ավելի բաց, հրապարակային ներկայացնելով խնդիրը, փորձել համախմբվել հանրության այլ խնդիրների լուծման գործում»:
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ այս տեսակետից ակնկալիքը կառավարությունից այն պետք է լինի, որ եթե իրենք իսկապես գնահատում են իրավիճակը ոչ բավարար, առնվազն անմխիթար՝ սպասումների տեսակետից, ապա շուտափույթ կարգով ծրագրային ճշգրտումներ պետք է իրականացվեն:
«Ինչը նշանակում է ծրագրային ճշգրտում նույն կառավարության ծրագրի ու բյուջեի ճշգրտման մակարդակով, իսկ դա Սահմանադրության համաձայն՝ ենթադրում է նոր կառավարություն և նոր ծրագիր: Եթե այդ կամքը, վճռականությունը, ցանկությունը լինի, դա միայն կարելի է ողջունել»,-ասաց նա:
Հարցին, թե տարբերություն չկա նախորդի ու ներկայի միջև, Արծվիկ Մինասյանը նշեց, որ սկզբում էական էր տարբերությունը. «Սակայն ցավալի է, այն մտադրությունը, այն նպատակը, որ առաջադրում էր կառավարությունը, հետագայում չհամընկավ այն գործողությունների հետ, որ ինքը հայտարարել էր, արդյունքում ստացվում է, որ ներկա կառավարությունը նմանվում է նախկինին, իսկ դա լավ բանի մասին չի խոսում, բայց մյուս կողմից էլ կարևոր է իմանալ, եթե նախկինի ճակատագիրն այդպիսին էր, այսինքն՝ հրաժարական: Պետք է հետևություն անի նախկինի ճակատագրից»,- ասաց նա:
Իսկ թե ինչու է կառավարությունն այդպես աշխատում, Մինասյանը երկու պատճառ նշեց. «Առաջինը ներկա կառավարությունը իմացաբանական տեսակետից նախորդի շարունակությունն է գրեթե, տնտեսությունը նորից չի ճանաչում լիարժեքորեն, երկրորդ՝ մեծամասնությունը նույնն է, որքան էլ սկզբում Հովիկ Աբրահամյանի կառավարությունը փորձում էր ականջալուր լինել, հիմա եթե ուշադիր նայում ենք, տեսնում ենք, որ դրանք դեռևս մնում են խոսքերի մակարդակում»:
Մինասյանը շեշտեց, թե երկրի հիմնական խնդիրներից մեկը սահմանադրականացումն է. «Սահմանադրական նորմերի իրական դարձնելը, կառավարության հիմնական անելիքն էլ դա պիտի լինի, քայլեր ձեռնարկի, որ սահմանադրական նորմերը կյանք դառնան: Չի անում, նախորդն էլ չէր անում, իրենցից առաջն էլ չէր անում, նրանից առաջն էլ չէր անում, էն մեկն չէր անում, որի մեջ էինք նաև մենք»:
Մեր դիտարկմանը, թե ինչ հույս, որ եկողը կանի, պատասխանեց. «Հույսն անընդհատ պահանջատիրությունն է դեպի լավը, դրական փոխվելը և դասը, որ յուրաքանչյուր հաջորդ կառավարություն նախկինից պետք է առնի: Պիտի պահանջենք այնքան ժամանակ, քանի դեռ մեր սրտով մի նոր կառավարություն կլինի»:









