Մշակույթները գրկախառնվեցին Աղթամարում. թուրք հոդվածագրի անդրադարձը Տիգրան Համասյանի «լուսավոր» համերգին (նկարներ)
Թուրքական Radikal պարբերականի հոդվածագիր Յեքթա Քոփանը ներկա է գտնվել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու տարածքում կայացած հանրահայտ դաշնակահար Տիգրան Համասյանի համերգին և կիսվել տպավորություններով՝ համոզմունք հայտնելով, որ արվեստը կկարողանա լուծել հայերի և թուրքերի միջև առկա խնդիրները։
Հոդվածը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.
«Երկու ազգերը միմյանց աչքերին նայել կկարողանա՞ն։ «Աչքն առաջինը թարթողը կպարտվի» ասող քաղաքական գործիչների բացակայությամբ, մի կամրջի վրա հանդիպելով կկարողանա՞ն գրկախառնվել։
1915-ին կառերեսվե՞ն։
1915-ի հետ հաշիվները կմաքրե՞ն։
Առանց «քաղցր» դիմակների տակ թաքնվելու, խաբելու պատմության հարցերը կլուծե՞ն։
Այդ կամուրջը միայն արվեստով է հիմնվելու՝ անկախ հանգամանքից՝ կթույլատրեն դա, թե ոչ։
Տիգրան Համասյանի դաշնամուրն այդ ամենի մասին խորհելու առիթ է տալիս։
Համասյանի՝ դեպի արմատներն արած ճամփորդության մի մասն է Վանը։ Վանում ենք։
«Լույս ի լուսո» խորագրով հայ կատարողի համերգը տեղի է ունենում Թուրքիայում երկրորդ կանգառում՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում։ Կարսում՝ Անիի ավերակներում տված համերգից հետո Համասյանը ևս մեկ քայլ արեց դեպի իր երազանքը։
Այն ժամերին, երբ արևը ճիշտ կենտրոնում էր, վերակառուցված այս եկեղեցում հանդարտություն էր տիրում։ Ողջ օրը Վանում լսում էինք «Արդեն խաղաղություն ու բարեկամություն ենք ուզում» խոսքերը։ Համասյանի նախագիծը նախանշում է, որ այդ ցանկության ի կատար ածումը հնարավոր է։
«Լույս ի Լուսոն» Տիգրան Համասյանի՝ Թուրքիայի, Հայաստանի, Վրաստանի, Լիբանանի, Ֆրանսիայի, Բելգիայի, Շվեդիայի, Չեխիայի, Բրիտանիայի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ընդհանուր առմամբ 100 եկեղեցիներում կայանալիք համերգների խորագիրն է։ Համասյանին ուղեկցում է Հայաստանի պետական կամերային երգչախումբը։
Մինչև հունիսի 30-ը Համասյանը Թուրքիայի տարբեր քաղաքներում համերգներով հանդես կգա։
Այդ համերգները Թուրքիայում կազմակերպելու հարցում Համասյանին օգնած Անատոլիայի մշակութային նախագծերի համակարգող Թամար Նալջըն Անիի համերգի մասին հուզմունքով է պատմում։
«Հայերի համար Անիի անցյալի կարևորության առումով շատ կարևոր և հուզիչ համերգ էր»,-ասաց նա։
Արևը կամաց սկսեց իջնել ու լսվեցին առաջին երգերը։
1987 թվականին ծնված երաժիշտը մանկության տարիներին Led Zeppelin, Black Sabbath, Deep Purple, Queen, Nazareth և այլ ռոք խմբեր է լսել։ 19-րդ և 20-րդ դարերի հայ և ռուս բանաստեղծներից ոգեշնչվել է, ստեղծագործելիս հայկական երաժշտություն է լսել, և այդ ամենը վկայում է նրա ստեղծագործությունների սպեկտրի լայնության մասին։
Երբ արևը գնում է դեպի մայրամուտ, զգացմունքներն ավելի են խորանում։ Ստամբուլի Ջազ փառատոնի տնօրեն Փելին Օփջինը գլխով է անում երգչախմբին, միևնույն ժամանակ ոտքով՝ Համասյանի փափուկ և անկյունային ռիթմերը։
Մարդկային ըմբռնումը նախ պառակտող, ապա միավորող մի երաժշտություն է պատել եկեղեցու բակը։ Դժվարը դարձյալ արվեստն էր հաջողում։ Բաժանումները հստականում են՝ հեշտացնելով միավորումները։ Անկախ այն հանգամանքից՝ ոմանք դա ուզո՞ւմ են, թե՞ ոչ։
Համերգից հետո Համասյանի հետ ոտքի վրա զրուցում ենք։ Քիչ առաջ դաշնամուրով համարձակ իմպրովիզներ անող մարդը հանգիստ, անգամ՝ ամոթխած է։
Մեր կողքով մի քուրդ կին է անցնում. համերգն ունկնդրելիս ծածկել էր գլուխը։ «Սա էլ նրանց սրբավայրն է, հարգալից պետք է լինենք»,-ասում է նա։
Աղթամար կղզում անցնող րոպեների ընթացքում միմյանց աչքերին նայեցինք։ Ջրում մեր ստվերները հայտնվեցին։ Հայտնի չէր՝ որ ստվերն ում է պատկանում։ Ջրի մեջ խառնվեցին միմյանց։
Այդ կամուրջը կառուցվեց. արվեստով։
Անկախ այն հանգամանքից՝ դա ցանկանո՞ւմ են, թե՞ ոչ»։










