Թուրքական «Գորշ գայլերը» սպառնում են «հայերի որս» սկսել Թուրքիայում
Թուրք արմատականները սպառնում են «հայերի որս» սկսել Կարսի փողոցներում: Սրա մասին ահազանգում է «Հորիզոնը» և տեղեկացնում, որ պատճառը Տիգրան Համասյանի համերգներն են այդ երկրում:
«Գաղափարի օջախներ» անվանումով թուրքական կազմակերպության առաջնորդ Թոլգա Ադիգյուզելը սպառնալիքներ է հղել Կարսի հայերի հասցեին այն բանից հետո, երբ ջազ - դաշնակահար Տիգրան Համասյանը ելույթներ է ունեցել Անիում, Աղթամարում:
Ադիգյուզելը մամուլի ասուլի է տվել և մասնավորապես սպառնացել հայերին, «ովքեր իրենց այդքան ազատ են զգում»: Նա մեղադրել է թուրք լրագրողներին ու գործիչներին, ովքեր աջակցում են հայերի գործունեությանը Թուրքիայում:
Ավելին՝ նա հայերին է մեղադրել «1915-ի իրադարձությունների համար», կոչ արել «չփորձել թուրքերի համբերությունը» և խոստացել միջոցներ ձեռնարկել. եթե «նման բաները կրկնվեն»: «Հիմա մենք ի՞նչ պիտի անենք: Պիտի՞ հայերի որս սկսենք Կարսի փողոցներում», - մասնավորապես ասել է այսպես կոչված Գորշ գայլերի Կարսի մասնաճյուղի պարագլուխը:
«Գաղափարի օջախները» ուլտրա-ազգայնական, նեո-ֆաշիստական կազմակերպություն է, որը հայտնի է նաև իբրև «Գորշ գայլեր»:
Այս օրերին Թուրքիայի տարածքում «Լույս ի լուսո» խորագրով համերգաշարով հանդես է գալիս անվանի դաշնակահար Տիգրան Համասյանը:










