Հունաստանի նախագահը հանրաքվե անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը հուլիսի 5-ին վարկատուների առաջարկների վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել։ Այն հրապարակվել է տեղական «Կառավարական թերթում» և ուժի մեջ է մտել հրապարակումից հետո, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Քվեարկության գործընթացը կանցկացվի նույն ընտրատեղամասերում, նույն ընտրական հանձնաժողովների կազմով և դատական իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, ովքեր նշանակվել էին 2015թ. հունվարի 25-ին համընդհանուր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար»,- նշվում է հրամանագրում։
Քվեարկությունից մեկ օր առաջ և քվեարկության օրը մինչև ժամը 19։00-ն ԶԼՄ-ներին արգելվում է որևէ նյութ հրապարակել, որը կարող է ազդել քվեարկողների ընտրության վրա։










