Հայաստանում իրավիճակն ունի բացառապես տնտեսական պատճառներ, ոչ մի քաղաքականություն չկա. «Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավար

12:44 • 01.07.15

Հայաստանի էլեկտրաէներգետիկ ոլորտում ստեղծված բարդ իրավիճակն ունի բացառապես տնտեսական, այլ ոչ քաղաքական պատճառներ, և դարձել է ոլորտի կանոնակարգման գործում համակարգային խնդիրների պատճառ։ Այդ մասին ТАСС գործակալությանը հայտնել է «Ինտեր ՌԱՕ» էներգետիկ ընկերության կառավարման խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը։

 

«Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավարը հայտարարել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վնասները երկրում գործող կանոնակարգման համակարգի արդյունք են:

 

«ՀԷՑ-ի երկար տարիների կուտակած վնասները պայմանավորված են Հայաստանի Հանրապետությունում սակագների կանոնակարգման գործող համակարգով և էլեկտրաէներգետիկայի շուկայի գործունեության օրենքներով»,- ասել է Կովալչուկը:

 

Նրա խոսքով՝ կանոնակարգման համակարգը ենթադրում է գեներացնող ընկերությունների ֆինանսավորում ՀԷՑ-ի հաշվին, ինչպես նաև ստիպում է ընկերությանն ավելի թանկ էլեկտրաէներգիա գնել, քան նախատեսված է Հայաստանի հաստատված էներգետիկ բալանսով՝ առանց սպառողների կողմից փոխհատուցումների:

 

Նա հավելել է, որ 11 տարվա ընթացքում սակագների ոչ բավարար բարձրացումը, Մեծամորում ատոմային էլեկտրակայանի վերանորոգումը, ինչպես նաև Հայաստանի հիդրոէլեկտրակայաններում արտադրության նվազումը բերել է նրան, որ երկրի բաշխիչ- ցանցային համալիրը 37 միլիարդ դրամի չափով պակաս եկամուտ է ստացել:

 

«Հայաստանի էլետրաէներգետիկ ոլորտում իրավիճակը բացառապես տնտեսական պատճառներ ունի, այստեղ չկա ոչ մի քաղաքականություն»,- ասել է Կովալչուկը:

 

Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշման հայտարարությունից հետո սկսվել են զանգվածային բողոքի ակցիաներ, որոնք շարունակվում են մինչև հիմա։ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ կառավարությունը պատրաստ է իր վրա վերցնել ծախսերի փակումը մինչև ՀԷՑ-ի գործունեության աուդիտի ավարտը, որը կտևի 3-ից մինչև 6 ամիս:

 

Կովալչուկը հայտարարել է, որ «Ինտեր ՌԱՕ»-ն ողջունում է աուդիտի անցկացման գաղափարը: «Համոզված եմ, որ այդ աուդիտի արդյունքում եզրակացություններ կարվեն, որոնք կապացուցեն ոլորտում համակարգային փոփոխությունների նպատակահարմարությունը»,- ասել է նա։