Բաղրամյան պողոտա է այցելել Պարույր Հայրիկյանը ՀՀ և ԵՄ դրոշներով (ուղիղ)
Մայրաքաղաքի գլխավոր պողոտաներից մեկը՝ Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ։ Արդեն 10-րդ օրն է, ինչ քաղաքացիները, դեմ արտահայտվելով էլէներգիայի թանկացմանը, շարունակում են շուրջօրյա ակցիաները պողոտայում։
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով: Հունիսի 19-ին Երևանի կենտրոնում` Ազատության հրապարակում, մեկնարկել է բողոքի ակցիա` հանրահավաք, այնուհետև` նստացույց: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին խորհրդակցություն է անցկացրել հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ, որի ընթացքում շարունակվել են Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, այդ համակարգի հետագա առողջացմանը և առկա խնդիրներին լուծումներ գտնելուն ուղղված քննարկումները: Նախագահ Սարգսյանը նշել է, որ սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելը ծայրահեղ վտանգավոր է: Ուստի, մինչև եզրակացության կազմումը այդ ընկերության կողմից կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Դրանից հետո «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները որոշեցին գալ ու ակցիան շարունակել Ազատության հրապարակում, սակայն ցուցարարների մի մասը մնաց Բաղրամյան պողոտայում:
23:50
Այս շարժումը ցույց տվեց, որ երիտասարդները վախը հաղթահարել են.Ավետիք Իշխանյան
«Ոչ թալանին» շարժումը երևակեց մի քանի միտումներ և փուլեր, որոնցից առաջինն ու երկրորդը այն են, որ չնայած բռնություններին ու հատուկ միջոցներին, ժողովուրդը, երիտասարդները ցույց տվեցին, որ ոչ մի բանից չվախեցան: Իրենց վախը հաղթահարել են:
Գնահատականը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանինն է, ով այսօր ևս այցելել էր Բաղրամյան պողոտա:
«Երիտասարդների բացատրությունը, որ իրենց պահանջը չի կատարվել,միանգամայն հիմնավոր էր»,- նշեց իրավապաշտպանը:
Անդրադառնալով հետագա մարտավարության հարցում երիտասարդների մոտ տարաձայնություններին, Ավետիք Իշխանյանը նշեց, որ այդպիսիք կարող են լինել՝ հաշվի առնելով, որ երիտասարդները, թեև էնտուզիազմով լի են, բայց փորձ չունեն:
«Եվ այնտեղ պատասխանատվություն վերցնելու հարց կար և այնտեղ որևէ մեկին չեմ մեղադրում»,- ավելացրեց Իշխանյանը:
Նա նաև ողջունում է ու ամեն օր պատրաստ է աջակցել երիտասարդների՝ ավելի արմատական տրամադրված հատվածին, որ որոշել են մնալ Բաղրամյան պողոտայում:
Նա հույս ունի, որ այս երիտասարդները այս վայրիվերումներից հետո ավելի կհասունանան և որոշակի ռազմավարություն կմշակեն, և եթե հետևողական լինեն, Իշխանյանը համոզված է, որ հաջողության կհասնեն:
22:38
Ցուցարարները Հայրիկյանի քայլը սադրանք որակեցին ու ստիպված եղան ԵՄ դրոշն ուղղակի խլել Պարույր Հայրիկյանի ձեռքից ու մաս-մաս անել:
22:26
«Հայաստանը երբ Եվրոպայի հետ Ասոցացման համաձայնագիր կնքեց, դե՞մ էր, որևէ մեկը,- հարցրեց Հայրիկյանը, ապա շարունակեց,-պարզվեց, որ խաղաղ ցուցարարների ուղիղ կեսը ռուսական գործակալ է: Ո՞ւմ է խանգարում եվրոպական դրոշը»:
«Մի քաղաքականացրեք ակցիան»՝ ասացին ցուցարարները, «Ո՞վ ասաց, որ պետք չէ քաղաքականացնել»՝ պատասխանեց Հայրիկյանը:
Դավիթ Սանասարյանը փորձեց հորդորել Պարույր Հայրիկյանին, որ հեռանա, իսկ Հայրիկյանը շարունակում է պնդել, որ իրավացի է:
22:17
Բաղրամյան պողոտա է այցելել Պարույր Հայրիկյանը ՀՀ և ԵՄ դրոշներով
Բաղրամյան պողոտա է այցելել Պարույր Հայրիկյանը՝ ձեռքին ՀՀ և ԵՄ դրոշները:
Ակցիայի մասնակիցներից մեկը, ում ձեռքին էր այդ պահին բարձրախոսը դիմելով ներկաներին ասաց. «Քանի որ մինչ այս պահը չի քաղաքականացվել ու չի կուսակցականացվել ակցիան, եկեք խնդրենք, որ դրոշն իջեցվի»: «Այո» վանկարկեցին բոլորը: Հարցին թե ինչու եք Եվրախորհրդի դրոշով եկել, Պարույր Հայրիկյանը պատասխանեց.«Որովհետև տղաները մտել են Եվրոպական դատարան»: «Միայն եռագույն, միայն եռագույն» վանկարկում են ցուցարարները:
21:35
Բաղրամյան պողոտայում «Բերդ» պարի ժամանակ գլխիվայր ընկած երիտասարդը վերակենդանացման բաժանմունքում է
Բաղրամյան պողոտայում «Բերդ» պարի ժամանակ գլխիվայր ընկած երիտասարդը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, սակայն նրա վիճակը գնահատվում է նորմալ:
Այս մասին Tert.am-ին հայտնեց հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից հեռախոսազնագին պատասխանած բժիշկը:
Նրա տեղեկացմամբ ՝ երիտասարդը ներկայումս հետազոտվում է, նրա մոտ չի ախտորոշվել ուղեղի ցնցում, գիտակցությունը տեղն է: Իսկ համակարգչային տոմոգրաֆիայի անհրաժեշտություն չի առաջացել: Փոխարենը՝ անցկացվում է ռենտգեն հետազոտություն:
Երիտասարդի ազգանունն է Կարո Գալաջյան:
21:25
Բաղրամյան պողոտայում Ռուբեն Հախվերդյանի խոստացված համերգը հետաձգվել է
Երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանի համերգը Բաղրամյան պողոտայում հետաձգվել է մինչև հուլիսի 4-ը: Սա չի խանգարում երիտասարդներին ուրախանալ, պարել, սակայն երաժշտական մասը , մերթ ընդ մերթ , ընդմիջում է ելույթներով:
Բարձրախոսից երիտասարդը արձանագրելով, , որ արդեն 13-րդ օրն է՝ հոսանքի թանկացման դեմ համաժողովրդական պայքարը շարունակվում է, նկատեց.«Ժողովրդի ընդվզումը ինքնակառավարվում է ՀՀ սահմանադրությանը, միջազգային նորմերին ու ժողովրդավարության ոգուն համապատասխան: Եվ բնական է, որ պայքարը տարբեր փուլերում համակարգվում է ակտիվ քաղաքացիների տարբեր խմբերի կողմից: Հետևաբար, խելամիտ չէ շահարկել շարժման քաղաքականացված կամ միասնական լինել-չլինելու հարցը: Ակնհայտ է, որ ժողովրդի պահանջները չեն բավարարվել: Հետևաբար՝ պայքարը շարունակվում է»:
21:19
Բաղրամյան պողոտայում հացադուլ հայտարարած երկու քաղաքացիները Հերացի հիվանդանոցի թիվ 1 համալսարանական կլինիկայում բուժզննում են անցել և դուրս գրվել հիվանդանոցից: Նրանք հիվանդանոց Էին տեղափոխվել արևահարվելու պատճառով:
20:47
Բաղրամյան պողոտայում «Բերդ» պարող ցուցարարը գլխի վրա վայր ընկավ
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում պարող երիտասարդներից մեկը, որ «Բերդ» պարի ժամանակ բարձրացել էր պարողների ուսերին, գլխիվայր ընկավ ասֆալտին:
Հրավիրվեց «Շտապօգնություն», նրան ցուցաբերվում է բուժօգնություն, իսկ երիտասարդին այնքան մարդ էր շրջապատել, որ բարձրախոսից պարբերաբար հայտարարվում էր՝ «ժողովուրդ, հետ գնացեք, թողեք էդ մարդը շնչի»:
Կազմակերպիչն էլ բարձրախոսով առաջարկում են այսուհետ «Բերդ» պար չպարել:
Ի դեպ, դրանից առաջ խիստ տոնական տրամադրություն էր, քանի որ երեկոյան կողմ Բաղրամյան պողոտայում , որը սկսեց ավելի մարդաշատ դառնալ, տևական դադարից հետո երիտասարդները նորից «Քոչարի» են պարում: Ինչը ընդունվեց բուռն ծափահարություններով:
20:38
Քաղաքացիները ցանկանում է ՀԷՑ-ի հետ ստեղծվածի իրավիճակի պատճառները վերացնել, ոչ թե հետևանքները. Արմեն Մարտիրոսյան
Բաղրամյան պողոտայում այն, ինչ-որ կա դրական է, բայց , թերևս, քաղաքացիների մեծամասնության սպասածը չէ: Սա «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքն է, ով այսօր երեկոյան եկել էր Բաղրամյան պողոտա:
«Ես այդպես եմ կողքից տեսնում»,- նշեց նա և ցանկություն հայտնեց, որ Բաղրամյան պողոտայում քաղաքացիների ներկայությունն ավելի շատ լիներ: Իսկ կազմակերպիչներն էլ, կարողանան ապահովել այն պահանջների կատարումը, որոնք ունեն մեր հայրենակիցները:
«Իսկ մեր հայրենակիցները, որպես կանոն, փորձում են միշտ պատճառները վերացնել, ոչ թե հետևանքները»,- նկատեց Արմեն Մարտիրոսյանը՝ նկատելով, որ մենք այսօր փորձում ենք հետևանք վերացնել:
Արմեն Մարտիրոսյանը արձանագրեց, որ այս շարժումն ունեցավ իր արտաքին քաղաքական անդրադարձը, և Ռուսաստանը, որ շատ ավելի անհարգալից էր վերաբերում իր «կրտսեր» գործընկերոջը, հայտարարեց Պերմյակովին վերադարձնելու մասին: Չհաշված 200 միլիոնի հայ-ռուսական նոր համաձայնագիրը, որը Ազգային ժողովն այսօր վավերացրեց:
«Ժառանգության» փոխնախագահն այս ամենի համատեքստում հիշատակեց նաև քաղաքական կուսակցություններին առնչվող խնդիրներ, հայտարարելով.«Որ կուսակցությունները չեն մասնակցում Բաղրամյան պողոտայի գործընթացների կազմակերպմանը, քաղաքական որոշումների կայացմանը, իրապես այդպես է , մենք ընդամենը որպես քաղաքացի մասնակցում ենք, որպես քաղաքական ուժեր աջակցում ենք հասարակության պայքարին: Բայց, այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ հիմա տեղի է ունենում կուսակցությունների տոտալ ոչնչացման գործընթաց, որը որևէ լավ բանի չի կարող բերել, որովհետև առանց քաղաքական ուժերի, ոչ թե իշխանության կողմից ձևավորված, ձևավորվելիք կամ մասնակցող, քաղաքական պայքարը սպանելով, չենք կարող առաջ շարժվել»:
Սա Արմեն Մարտիրոսյանը նմանեցնում է տնտեսական գործընթացներին: Ավելի կոնկրետ՝ «Ինչպես տնտեսությունը սպանեցինք՝ ոչ մրցակցային դաշտ ստեղծելով, այնպես էլ պետության բոլոր ինստիտուտները կսպանենք՝ քաղաքական դաշտը սպանելով»:
19:42
Շատ էլ, որ այս պահին Բաղրամյանում մարդ չկա, բայց ամեն ակնթարթի կարող է հազարապատկվել. Եղիշե Պետրոսյան
«Արձագանք» խմբի հիմնադիր Եղիշե Պետրոսյանը շատ դրական ու լավատեսական երանգով է խոսում Բաղրամյան պողոտայում այս օրերին տեղի ունեցող գործընթացների մասին և չի կարծում, որ շարժումը մարում է:
« Շատ էլ, որ այս պահին Բաղրամյանում մարդ չկա, բայց ամեն ակնթարթի կարող է հազարապատկվի, որովհետև կա կուտակված բողոք: Դա կարմիր գծերն են, դա թանկացումներն են: Ամեն ինչը թանկ է, մենք Եվրոպայից թանկ միջավայրում ենք ապրում՝ չունենալով աշխատանք»,- արձանագրում է երգիչն ու կոչ անում այդքան վատատեսորեն չնայել ամենին:
«Էդ լավ տրամադրությունը էսօր էլ կա, փառք Աստծո, ոչ ոք չի տուժել, թեմա կա, որ այսօր քննարկվում է: Եվ երիտասարդներին էլ քննադատել, որ իրենք թողեցին այս տեղը , սխալ կլինի»,- նշում է Եղիշե Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրերի կեսօրվա ժամերին Բաղրամյանում հազիվ 60-70 մարդ կա, մինչդեռ առաջին օրերին հաշվվում էր մինչև 30 հազար մարդ:
Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակի պատճառներին, ապա երգիչը նշեց, որ սա միայն ռուսական կոռուպցիոն համակարգ չէ և «մերոնք սիրուն մեջը տեղավորված են»: Նույնը՝ գազի պարագայում:
Նոր աուդիտ անցկացնելու որոշման մասին խոսելիս երաժիշտ հարկ մեջբերեց ռուս դասականին՝ Վլադիմիր Մայակովսկուն, որն ասում էր. «Եկեք մի հատ մեծ ժողով անենք և վերջ տանք այս բոլոր ժողովներին»:
19:33
Եթե անհրաժեշտություն լինի ջրցան կկիրառվի, պետք չէ ջրցանից վախենալ. Վալերի Օսիպյան
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիների հետ զրույցում հայտարարեց, որ անհրաժեշտության դեպքում ջրցան կկիրառվի ու առաջարկեց՝ «պետք չէ ջրցանից վախենալ»:
Վալերի Օսիպյանը հավելեց, թե «ջրցանը կարգավորվում է օրենքով և բոլոր երկրներում էլ կա նման հատուկ միջոց»:
Սակայն ոստիկանությունը, ըստ Երևանի փոխոստիկանապետի, ցույցը դեռ չի ցրում, քանի որ դա թողնում է նրանց իրավագիտակցությանը և Վալերի Օսիպյանը հույս ունի, որ նրանք, ի վերջո, լավ քայլ կանեն ու աղբամաններն իրենց իսկ ձեռքերով կհավաքեն ու կտեղափոխվեն որևէ այլընտրանքային պուրակ: Ինչու՞ ոչ, Ազատության հրապարակ:
Իսկ եթե սպասելիքները չարդարանան, ապա ոստիկանությունը կվերականգնի հասարակական կարգը, երբ պահը գա:
Երևանի փոխոստիկանապետը կոչ արեց, որ լրագրողները Բաղրամյանում գիշերող ցուցարարներին հորդորեն՝ ազատել պողոտան:
17:55
Բաղրամյանի երկու հացադուլավորները տեղափոխվել են հիվանդանոց
Հունիսի 30-ից Բաղրամյան պողոտայում հացադուլ հայտարարած Հարություն Հարությունյանի և Հայկ Պարիկյանի ինքնազգացողությունը վատացավ և շտապօգնության մեքենայով տեղափոխվեցին համալսարանական կլինիկական Թիվ 1 հիվանդանոց։
Հարություն Հարությունյանը բողոքել է որովայնի շրջանում սուր ցավերից, իսկ Հայկ Պարիկյանը՝ վատ ինքնազգացողությունից:
Ավելի վաղ բժիշկները Հարություն Հարությունյանի համար նորից էին եկել ու նրան ցավազրկող ներարկել, սակայն դա չէր օգնել:
Ինչպես հայտնեց Բաղրամյան պողոտայում գտնվող Դավիթ Սանասարյանը, երիտասարդները դադարեցնում են հացադուլը:










