Գերման Ստերլիգովը ԼՂՀ-ում է իր՝ «Ահեղից մինչև Պուտին» դասագրքի համար հետապնդումների պատճառով
Ռուսաստանցի գործարար, հայտնի ֆերմեր և «Ալիսա» ապրանքային բորսայի հիմնադիր Գերման Ստերլիգովը, ով վերջերս հանկարծակի անհետացել էր մերձմոսկովյան իր բնակավայրից և ընտանիքով՝ կնոջ ու երեխաների հետ, հաստատվել Լեռնային Ղարաբաղում, Ռուսաստանում 2011 թվականից հետապնդումների է ենթարկվում: Իսկ վերջին շրջանում այնպիսի իրական վտանգներ է զգացել, որ ուղղակի մեկ օրվա մեջ լքել է իր տունն ու ընտանիքով հայտնվել Բելառուսում, որտեղ էլ Լեռնային Ղարաբաղում հաստատվելու որոշում է ընդունվել, երբ նրա կնոջը՝ Ալյոնային է զանգահարել ու վտանգի մասին նախազգուշացրել իր օգնական Պոլինա Սիրոտան:
Սրան նախորդել էին Ստերլիգովի դեմ մահափորձը, նրա տունը հրդեհելու և երեխաներից մեկին առևանգելու անհաջող փորձերը:
Այս մասին այսօր Շուշիում հրավիրված ասուլիսին լրագրողներին պատմեց Գերման Ստերլիգովը՝ առաջին անգամ բացահայտելով իր տեղափոխության պատճառը:
Գերման Ստերլիգովը , նախ որպես նախաբան նշեց, որ այն, ինչ ռուսաստանյան լրատվամիջոցների կողմից իր անձի շուրջ ներկայացվում են որպես թեժ թեմաներ, որ նա տարիներ շարունակ ֆինանսավորել է «Բյորն» ազգայնական կազմակերպությունը, որ համարյա թե նրանց առաջնորդն է եղել, և այդ կազմակերպության անդամները պատրաստվել են իրեն պատկանող տարածքում, որևէ իրողության վրա չհիմնված սուտ է:
«Ըստ որում, այդ սուտը հայտնվել է 5 տարի անց այն իրադարձություններից, որոնց մասին խոսվում է: Եվ հայտնվում է այն մարդկանց մոտ, ովքեր կալանավորված են, իրարից մի քանի հազար կիլոմետր հեռավորություն վրա են, ոմն Տիխոնովի և ոմն Հայսիսի կողմից: Մարդիկ, որոնց երբեք չեմ ճանաչել, իսկ թե ինչ է «Բյորնը» իմացել եմ մեկ շաբաթ առաջ»,-հայտարարեց Ստերլիգովը:
Նա ավելացրեց, որ «Բյորնից» ոչ մեկին չի ճանաչել, բացառությամբ կրոնական ուղղվածության մի թերթի խմբագրի, որն իրենից մի քանի տարի առաջ փող է ուզել, ինքն էլ չի տվել:
Իսկ իր տանը, տասնյակ հազարավոր մարդկանց է ընդունել, որոնցից ոչ մեկից անձնագիր չի պահանջել. բոլորին ընդունել է, թեյ հյուրասիրել:
Գերման Ստերլիգովը չի բացառում , որ տարբեր կրոնների ու դավանանքների ու ուսմունքների հետևորդներ հնարավոր է իր մոտ հյուրընկալված լինեն, բացի սոդոմիտներից: Վստահ է, որ սոդոմիտների թեյ ու հաց չի տվել, քանի որ վերջիններիս շատ մեծ քաջություն էր պետք իր մոտ հյուրընկալվելու համար:
Այս պահին էլ Գերման Ստերլիգովի միակ գաղափարախոսությունը ուղղափառ քրիստոնեությունն է:
Ասաց, որ ժամանակին ֆինանսավորել է «Գործ և խոսք»,« Ռուսական տուն» նախագծերը՝ հայրենասիրական, ազգայնական զգացմունքներից դրդված, մինչև որ դարձել է ուղղափառ քրիստոնյա ու իր մոտից հօդս են ցնդել բոլոր «իզմ»-ը՝ պատրիոտիզմ, նացիոնալիզմ: «Սրանք բոլորը կրոնը փոխարինողներ են անաստվածների համար: Ամեն ինչ ասված է Ավետարանում, որին ոչ մի բան չի կարելի ավելացնել կամ պակասեցնել»,- ասաց Ստերլիգովը, ով չի հոգնում կրկնել. «Տղաներ, վերջ, տվեք, սրանք բոլորը չարից են, միակ բանը, որ կարող ես անել մերձավորիդ համար, դա Աստվածահաճո բան անելն է»:
Վերջինիս իրավաբանները, այդ թվում՝ Արթուր Հայրապետովը, Ստերլիգովին ասել են, որ գործը, որի դատաքննությունն ընթանում է, ամբողջությամբ կեղծված է:
Ապա Գերման Ստերլիգովը մի քանի տարվա վաղեմության պատմական էքսկուրս կատարեց՝ լրագրողների և իր ընդգծմամբ, հատկապես տղամարդ լրագրողների ուշադրությունը հրավիրելով իր հետ պատահածին, որի ակունքները սկսվում են 2011 թվականից, երբ «Բոլոտնայա պլոշչադ»-ում նախապատրաստվում էր մեծ հանրահավաք, որի վերջնանպատակը Վլադիմիր Պուտինին իշխանությունից հեռացնելն էր:
Գերման Ստերլիգովը նշեց, որ թեև բոլորը կարծում էին, որ Ռուսաստանի իրական առաջնորդը Վլադիմիր Պուտինն է, սակայն մինչև 2011 թվականը եղել է Սուրկովը, որն էլ վարչապետի պաշտոնում նշանակել է Դմիտրի Մեդվեդևին:
Ըստ նրա, այդ օրերին Ռուսաստանում ամեն ինչ արվում էր, որպեսզի հզոր հանրահավաք արվի, արտակարգ դրություն մտցվի, ժողովուրդը պահանջի «Պուտինի արյունը»:
Գերման Լվովիչը ընդդիմացել է դրան ու հասկացել է,թե ինչ վտանգավոր թշնամի ունի ի դեմս Սուրկովի, հավաքել է երեխաներին, մեկնել Մոսկվա, կապ հաստատել հայտնի կինոռեժիսորի հետ ու նրան պատվիրել.«Կիրյուշա,համենայն դեպս, ինձ նկարի, քանի որ կարող եմ ինչ-որ տեղ «կորել», ոչ մեկին մի ցույց տուր այն»:
Երբ հակապուտինյան ցույցերը սպասված արդյունքը չեն տվել, և Վլադիմիր Պուտինը իրական առաջին դեմքն է եղել երկրում, իր հանդեպ վերաբերմունքը փոխվել է և սկսվել է Գերման Ստերլիգովի «քաղցր կյանքն անտառում». շարունակել է հանդես գալ Վլադիմիր Պուտինի պաշտպանության դիրքերից, ոչխարներ բուծել, բարեգործություն անել, ապրել քրիստոնեական կյանքով:
Սակայն «Ահեղից մինչև Պուտին» դասագրքից հետո շատերը Ստերլիգովից նեղացել են ու երես թեքել, ինչը զգացել են նրա թշնամիները: Եղել են սպառնալիքներ, որոնցից որպես տղամարդ չի վախեցել, բայց երեխային առևանգելու ու տունը հրդեհելու փորձերից հետո, մանավանդ, որ ռուսաստանյան մամուլում ձևավորվում էր իր քրեական կերպարը՝ որպես սպանությունների պատվիրատու ու «Բյորնի» առաջնորդ, զգացել է, որ այս անգամ չի փրկվի ու որոշում է կայացրել: «Եվ մենք Բելառուսում ենք որոշել, որ պետք է գնանք Ղարաբաղ»,-ասաց նա՝ նշելով, որ այս որոշման մեջ մեծ դեր է խաղացել Սուրկովի՝ նորից Կրեմլում հայտնվելը:
Իսկ Ղարաբաղը շատ մոտ է Ստերլիգովին նրա համար, որ այստեղ տասնամյակներ շարունակ ոչ մի քիմիկատ չեն օգտագործել. «Կա միայն մաքրագույն հող, օդ և ջուր»:
Ասուլիսի վերջում Ստերլիգովը ցույց տվեց դեպի Ռուսաստան իր ավիատոմսը և հայտնեց, որ հինգշաբթի օրը մտադիր է Ռուսաստան մեկնել, իսկ ընտանիքին թողնել Արցախում, որպեսզի ոչ ոք չկարծի, թե խուսափում է իրավապահներից:
«Կմնամ այնտեղ մի քանի օր, դրանից հետո հետ կվերադառնամ: Ինձ այստեղ դուր է գալիս: Ես կմեկնեմ, որպեսզի խնդիրներ չստեղծեմ իմ հայ ընկերների համար, որպեսզի նրանց չմեղադրեն հանցագործին աջակցելու մեջ: Եթե որոշեն ինձ ձերբակալել, թող ձերբակալեն, եթե ոչ՝ ես հետ կվերադառնամ: Կարևորը, որ ընտանիքս ապահով վայրում լինի»,- ասաց Ստերլիգովը:
Նա, ի դեպ, ունի նաև Լեռնային Ղարաբաղի տնտեսական զարգացման սեփական նախագիծ, որի առաջին փուլը Ղարաբաղում ոսկյա և արծաթյա դրամներ շրջանառության մեջ դնելն է:










