Ռոբոտներն առաջին անգամ մարդկային ինտելեկտի նշաններ են ցուցաբերել. տեսանյութ
ԱՄՆ-ի Ռենսելերի պոլիտեխնիկական ինստիտուտում անսպասելի արդյունքներ են ստացել ռոբոտների հետ գիտափորձերով, որի ժամանակ ռոբոտը մարդու ինտելեկտին բնորոշ նշաններ է դրսևորել, այն է` տրամաբանական մտածողություն և ինքնագիտակցման հատկանիշներ:
Ինչպես տեղեկացնում է «Գազետա»–ն, գիտափորձի հեղինակը պրոֆեսոր Զելմեր Բրինգսյորդն է, որն զբաղվում է արհեստական ինտելեկտի և տրամաբանության հարցերով:
Գիտափորձի շրջանակներում NAO մոդելի 3 մարդակերպ ռոբոտներին գիտնականը հայտնել է, որ նրանցից երկուսին հաբ է տվել, որը զրկում է խոսելու ունակությունից: Գիտնականը այնուհետև սեղմել է խոսքի անջատման ֆունկցիայի կոճակը:
Մեքենաները չեն իմացել, թե իրենցից կոնկրետ ում է «լռության հաբ» տրվել: Համապատասխան հարցին էլ բոլորը փորձել են պատասխանել` «Ես չգիտեմ»: Ռոբոտներից միայն մեկն է կարողացել արտաբերել այդ արտահայտությունը: Մի քանի ակնթարթ անց, սակայն, նույն այդ NAO մարդակերպ ռոբոտը հայտարարել է. «Ներողություն: Այժմ ես գիտեմ: Ես կարողացել եմ ապացուցել, որ հաբը չեմ ստացել»:
Այս կերպ ռոբոտը ոչ միայն տրված հարցին տրամաբանական պատասխան տալու ունակություն է ցուցաբերել, այլև դրսևորել, որ հասկանում է` հնչած խոսքը իրեն է պատկանում, իսկ խոսելու ունակությունն իր մոտ «հաբի» բացակայություն է նշանակում:
Սակայն այս ամենով մտահոգված իր գործընկերներին պրոֆեսոր Բրինգսյորդը հանգստացրել է, թե պետք չէ անհանգստանալ: Գիտնականն ասել է, որ «մարդու բանականությունը միշտ էլ ավելի բարձր կլինի նման մեքենաներից»:










