ՌԴ-Թուրքիա սրացումն ի ցույց է դնում դրանց իրական դեմքը` թշնամական և հակադիր.թուրքագետ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի և Ռուսաստանի` օրըստօրե լարվող հարաբերություններին, Tert.am–ի հետ զրույցում նշում է, որ երբ մեծ պետություններն ունեն իրենց մեծ կամ փոքր խնդիրները, փոքր պետությունները պետք է զգոն լինեն և ավելորդ ոգևորությունից զերծ լինեն: «Քանի որ մեծ խաղացողներն ունեն մեծ խաղեր և մեծ խաղի կանոններ»:
-Պարո՛ն Մելքոնյան, Թուրքիայի նախագահը մշտապես հայտարարում է Ղրիմի բռնակցման մասին, օրերս էլ ռուսական մամուլում տեղեկություններ են հայտնվել` կրեմլյան աղբյուրին հղումով, որ երբ թուրքական դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանի դիրքորոշման և Բաշար Ասադին Ռուսաստանի աջակցության պատճառով է, որ սիրիական հակամարտությունը դեռ շարունակվում է, Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Ուրեմն փոխանցեք ձեր բռնապետ նախագահին, որ ես նրան` ԻՊ ահաբեկիչների հետ միասին գրողի ծոցը կուղարկեմ, ինձ այլ բան չի մնա, քան Սիրիան վերածել մեծ Ստալինգրադի Էրդողանի համար»: Կարո՞ղ եք արձանագրել ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունների այսչափ կրիտիկական վիճակ:
-Պետք է ասել, որ ռուս-թուրքական հարաբերությունները միշտ էլ պրոբլեմատիկ են եղել, և, երբեմն-երբեմն, տեղի ունեցող տնտեսական գործընթացները կամ ինչ-որ պայմանագրերի խոստումներ ու քննարկումներ թյուր պատկերացում են ստեղծում, թե ռուս-թուրքական հարաբերերությունները խնդրահարույց չեն: Նախ, պետք է նկատենք, որ Ռուսաստանն ու Թուրքիան գտնվում են գաղափարական և ստրատեգիական հակադիր ճամբարներում: Մասնավորապես, Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևորագույն անդամներից է, իսկ գաղտնիք չէ, որ Ռուսաստանը պայքարում է ՆԱՏՕ-ի և նրա ագրեսիվ տարատեսակ նկրտումների դեմ: Եվ բնական է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի շահերը բախվում են տարբեր հարցերի կիզակետում, այդ թվում և` Սիրիայում: Բայց ես կարծում եմ, որ վերջին սրացումներում և նաև նախագահ Պուտինի, այսպես ասած` կոշտ հայտարարություններում, երբ սպառնում է Թուրքիային Ստալինգրադով եթե դրանք, իրոք, համապատասխանում են իրականությանը, կարևոր դեր ունի Թուրքիայի պահվածքը Ղրիմի հետ կապված: Եվ չմոռանանք, որ նախագահ Էրդողանը շարունակ, այդ թվում վերջերս` մշտապես խոսում է Ղրիմի մասին` այն համարելով անեքսիա: Այստեղ մի կողմից խոսում է պանթուրքիստ Էրդողանը, որը հավակնություններ ունի Ղրիմի նկատմամբ` հիմք ընդունելով այնտեղ բնակվող ժողովուրդներից մեկի` Ղրիմի թաթարների նկրտումները, և մյուս կողմից խոսում է ՆԱՏՕ-ի դաշնակից և կամակատար Էրդողանը, որն իր կառույցի` ՆԱՏՕ-ի կողմից սպառնալից հայտարարություններ է անում: Ես կարծում եմ, որ այս, ինչպես նաև, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների համատեքստում, ռուս-թուրքական հարաբերությունների իրական դեմքը` դրանց հակադիր, թշնամական լինելը շատ ավելի ցայտուն է ի հայտ գալիս: Եվ կարծում եմ, որ հետագայում ևս նման դրսևորումների մենք ականատես ենք լինելու: Քանի որ, ինչպես ասացի, այս երկու պետությունները գտնվում են հակադիր շահերի ճամբարներում և հնարավոր չէ առևտրական ինչ-ինչ զարգացումներ ծածկել աշխարհաքաղաքական, գաղափարախոսական և ռազմավարական հարաբերությունները, որոնք շարունակում են մնալ թշնամական և հակադիր:
- Ամեն դեպքում, սա նոր չէ, միշտ եղել են ռուս-թուրքական պատերազմներ և միշտ եղել են երկու երկրների միջև տնտեսական շահեր: Հիմա այս առումով ինչ-որ արտառոց վիճակ կա՞։
-Կարծում եմ` այդ թշնամական հարաբերությունները շարունակվում են, բայց երբ իրավիճակը քիչ թե շատ հանգիստ է, երկու երկրները մի փոքր ավելի առաջ են մղում տնտեսական հարաբերությունները: Չմոռանանք, որ Ռուսաստանը Թուրքիայի համար կարևոր է տնտեսական առումով` նրա շուկան, և Թուրքիան չի ցանկանալու կորցնել այդ ահռելի շուկան: Ուղղակի, երբ բախվում են տնտեսական ու ռազմաքաղաքական շահերը, իհարկե, առաջնահերթությունը տրվում է դրանց: Եվ հիմա հենց այդ պահերից մեկն է:
– Իսկ կարո՞ղ ենք ասել, որ այդ հարաբերությունների մթագնումը սկսվել է Վլադիմիր Պուտինի` Երևան այցելությունից ապրիլի 24-ին:
-Ո՛չ, ես կարծում եմ, որ ռուս-թուրքական հարաբերություններն ավելի խորքային արմատներ ունեն, ուղղակի, երբեմն-երբեմն, կայծեր են լինում, որոնք ավելի են թեժացնում կրակը: Նման կայծերից կարող ենք համարել, այո՛, Պուտինի այցը, կարող ենք համարել Էրդողանի հայտարարությունները Ղրիմի հետ կապված: Այսօր էլ ՌԴ վարչապետ Մեդվեդևի հարցազրույցն էր Թուրքիայում մեծ սկանդալով ընդունվել, քանի որ հայտարարել է, որ ԻՊ-ի դեմ պայքարը և «Քրդստանի բանվորական կուսակցության» դեմ պայքարը տարբեր բաներ են: Եվ Թուրքիայում սա ընկալվում է որպես Ռուսաստանի աջակցություն` քրդական կազմակերպությանը: Այսինքն` այդ փխրուն հարաբերություններում շատ հեշտ է գտնել տարատեսակ սկանդալային հայտարարություններ, որոնք թեժացնում են մթնոլորտը: Եթե հարաբերությունների հիմքը, ըստ էության, խախուտ է և խնդրահարույց, ապա ամեն, թեկուզ մակերեսային հայտարարություն և երևույթ կարող է սկանդալի և խորքային զարգացումների պատճառ դառնալ:
-Փաստորեն, իրավիճակ է, երբ մեր դաշնակիցը մեր թշնամու հետ խնդիր է ունենում: Հիմա, ռուս-թուրքական այս առճակատումը Հայաստանի համար ի՞նչ քաղաքական հետևանքներով է հղի աշխարհաքաղաքական իմաստով:
-Կարծում եմ, որ, երբ մեծ պետություններն ունեն իրենց մեծ կամ փոքր խնդիրները, փոքր պետությունները պետք է զգոն լինեն և ավելորդ ոգևորությունից զերծ լինեն: Այնպես, ինչպես ռուս-թուրքական գազային պայմանագիրն էր Հայաստանում կիսախուճապային տրամադրություն հարուցում, որ, ահա, ռուս-թուրքական մերձեցում է տեղի ունենում, ինչը Հայաստանի համար կորուստներ է գուժում, այնպես էլ հիմա, երբ ռուս-թուրքական հարաբերությունները լարվում են, կարծում եմ, որ Հայաստանի պահվածքը պետք է լինի զգոն և ավելորդ ոգևորությունից զերծ, քանի որ մեծ խաղացողներն ունեն մեծ խաղեր և մեծ խաղի կանոններ:
-Ձեր խոսքում հիշատակեցիք տուրիզմը, հայտնի է, որ Թուրքիայում ահաբեկչական գործողություններ են տեղի ունենում: Այս առումով Թուրքիան վնասներ կրո՞ւ մ է և կրելու՞ է որպես հնարավոր ահաբեկչությունների վայր:
-Միանշանակ, այս տարի Թուրքիայի տուրիստական կենտրոններում տուրիստական հոսքը նախորդ տարիների համեմատ էականորեն նվազել է, քանի որ Թուրքիայի արևելյան շրջաններում կիսապատերազմական վիճակ է, իսկ ամբողջ Թուրքիայի տարածքում անսպասելի ահաբեկչական իրավիճակ է, որը, բնականաբար, տուրիստներին ստիպում է ավելի զգուշավոր լինել և մի քիչ ավելի երկար մտածել Թուրքիայում իրենց հանգիստն անցկացնելու շուրջ: Եվ դատելով թուրքական մամուլի և հասարակական–քաղաքական շրջանակների հրապարակումներից , կարող եմ ասել, որ այս պահին արդեն Թուրքիայում տուրիստական տարբեր կենտրոններում նկատելի է էական անկումային վիճակագրություն: Դատելով միջազգային լրահոսից, կարող ենք ասել, որ ընդգծվում է, որ ցանկացած ողջամիտ մարդ կզգուշանա զանգել մի երկիր, որտեղ նույն երկրի քաղաքացիները` քրդերն ու թուրքերը իրար հետ պատերազմում են: Այնպես որ, կարծում եմ, որ այս խնդիրը Թուրքիայի վրա տնտեսական առումով ազդել է և դեռ կազդի, բայց նաև ուզում եմ նկատել, որ քարոզչական առումով թուրքական մամուլը, կարծես պատվերի շրջանակներում, միտումնավոր չի անդրադառնում այդ խնդրին, որպեսզի ավելի մեծ խուճապային տրամադրություններ չստեղծի:










