Էջմիածնի որոշ թաղամասերում շուրջ մեկ ամիս է, ինչ ջուրը դույլերով են բարձրացնում մի քանի հարկ

14:54 • 09.08.15

Էջմիածնի որոշ թաղամասերում շուրջ մեկ ամիս է խմելու ջուրը խնդիր է դարձել: Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց Աթարբեկյան փողոցի շենքերից մեկ բնակչուհի Գոհարը, ողջ հուլիս ամսին դույլերով են ջուր բարձրացրել առաջին հարկից, որտեղի ծորակը միակն է, որ օրվա ընթացքում գոնե կես ժամ հոսում է:

 

«Ուր ասես դիմել են՝ թաղապետարան, քաղաքապետարան, «Ջրմուղկոյուղի», ոչ մի օգուտ չունի, տարբեր պատճառներ են ասում ու հույս տալիս, որ շուտով կլինի, բայց մենք դեռ ջուր չենք տեսել էս ամռան շոգին»,-ասաց նա՝ ընդգծելով, որ իրավիճակը համաճարակի աղբյուր է:

 

Նա նշեց, որ խմելու ջրի խնդիր ունեն նաև Սպանդարյան փողոցի մի շարք շենքեր. Բնակիչները դարձյալ դույլերով հերթ են կանգնում որևէ ծորակի մոտ:

 

Հարցին, թե պատկան մարմինները որևէ պատճառ չեն նշում ստեղծված իրավիճակի համար, բնակիչը պատասխանեց. «Չէ չեն ասում, բայց մենք գիտենք հո էդ ջուրը ուր է գնում ...

 

ձկնաբուծարանները: Անգամ ստրուկին են ջուր տալիս, որ ապրի ու ծառայի, իսկ մեզ՝ ոչ: 55 տարեկան կին եմ ամբողջ օրը հարկերով ջուր եմ բարձրացնում»:

 

Ստեղծված իրավիճակի պատճառների մասին Tert.am-ը պարզաբանում խնդրեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանից: Վերջինս նշեց, որ «Հայջրմուղկոյուղի» ընկերությունից իրեն տեղեկացրել են, որ համակարգի վատ աշխատանքը պայմանավորված է եղել ջրամատակարարման ռեժիմով և որոշակի վերանորոգման աշխատանքներով:

 

Թեև Մհեր Մկրտումյանը տեղեկացրեց, որ մատակարարման ռեժիմը վերականգնված է, տիկին Գոհարը Tert.am-ին տեղեկացրեց, որ դարձյալ ընդամենը կես ժամով են ստանում, սակայն միայն առաջին մի քանի հարկերի բնակիչները: