Օձունի վերականգնումը իդեալական է. Արև Սամուելյան
Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է ինչպես Օձունի եկեղեցու աղմկահարույց պատմությանն ու դրա արձագանքներին, այնպես էլ հարցին, թե ՀՀ-ում կա՞ն եկեղեցիների վերականգնման մեկենասներ: Չեմ կարող ասել` կա, չկա, բայց կարող եմ փաստել, որ տարեց տարի այս առումով ավելի մեծ ծավալով աշխատանքներ են արվում: Այո՛, աճ կա»,– ասում է նա:
-Տիկի՛ն Սամուելյան, ի՞նչ հանգրվանում է Օձունի եկեղեցու վերանորոգման դժգոհություններով պայմանավորված Ձեր և մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրաժարականի պահանջին առնչվող այս պատմությունը: Եվ հուշահամալիրի վերականգնման բարերար Մովսես Ձավարյանն էլ, ում անունից տարածվել էր, որ դժգոհել, թե նախարարությունն արհեստական խոչընդոտներ է ստեղծում, ավելի ուշ անձամբ հերքել էր:
-Որպես մշակույթի փոխնախարար և ոլորտը`հուշարձանների պահպանությունը համակարգող փոխնախարար ուզում եմ ևս մեկ անգամ փաստել, որ Օձունի վերականգնման աշխատանքները կատարվել են շատ բարձր որակով, միջազգային բարձր ստանդարտներով և կատարվել են այն ծավալով, որը նախատեսված էր այս փուլի համար: Այն ծավալով, որի վերաբերյալ պայմանագիր կար մրցույթը շահած շինկազմակերպության հետ:
Ի՞նչ էին այդ աշխատանքները ներառում: Եթե խոսենք հակիրճ, շատ չթվեմ, ապա այդ աշխատանքների ծավալում ներառված էին եկեղեցու ամբողջական ամրակայման, գմբեթից մինչև հիմքեր վերականգնման աշխատանքներ: Եվ դա կարող են փաստել նաև լուսանկարները: Մշակույթի նախարարությունը բարձր է գնահատում արված աշխատանքը, որ 3 տարվա ընթացքում կատարվել է բարերարի տրամադրած 270 միլիոն դրամի շրջանակներում: Մինչ այս պետական բյուջեով արվել էր նախագիծը: Եվ այստեղ իրոք հարց է ծագում, թե ո՞ւմ է ձեռնտու այս ամենը, այս արհեստական աղմուկը: Եվ հավաստիացնում եմ, որ չեք հանդիպի որևէ մասնագետի, որը կասի, որ աշխատանքները վատ են արված. Օձունի շինարարության հետ կապված որևէ մարդ` տեխնիկական հսկող, թե շինարար ու պատվիրատու, և կամ պետական լիազոր մարմնի ներկայացուցիչ ու գիտամեթոդական խորհրդի անդամ: Չեք տեսնի նրանց շրջանում մարդու, որը կասի, որ Օձունում այն ծավալի աշխատանքներ չեն կատարվել, ինչքան նախատեսված էր: Այդ խոսակցությունները ինչ-որ անհասկանալի տեղերից են գալիս…
-Կոնկրետ բարերարը գո՞հ է:
- Դուք էլ ծանոթ եք իր հարցազրույցին և ինքն էլ նշում է, որ աշխատանքներից գոհ է: Նաև իր ֆեյսբուքյան էջում նաև հայտարարություն էր տարածել, որ իր զարմանքն է արտահայտում «Օձուն» տեղեկատվական կենտրոնի տարածած հայտարարության կապակցությամբ: Եվ ես մինչև հիմա էլ չգիտեմ այդ 5000 ստորագրությունը կա՞, թե չկա (իր և նախարարի հրաժարականների պահանջով – Tert.am)… Ամեն դեպքում, այն, որ մարդիկ անհանգիստ են հուշարձանի պահպանության համար, թվում է աբսուրդ, բայց իսկապես դրական եմ համարում, որ անտարբեր չեն: Պարզապես ավելի լավ կլինի, որ ավելի դրական էներգիայով լցված լինեն: Եվ եթե խնդիրներ կան` մասնագիտական, նախագծի իրականացման աշխատանքներին առնչվող, մենք պատրաստ ենք այդ ժամանակ քննարկել դրանք: Ուզում եմ սրա հետ կապված մի լրացում էլ անել։ Քանի որ նախորդ հարցազրույցներիցս մեկում Ձեր գործընկերներից մեկին, այս ամենի շուրջ ստեղծված, ես կասեի` խենթ վիճակում եղան, նաև իմ կողմից, հնչեցին որոշ անթույլատրելի խոսքեր Օձունի գյուղապետի մասին, ավելորդ էմոցիոնալ, ինչը, այն մարդիկ, որոնք այս ամենի հետևում կանգնած են հասան նրան, որ տարբեր մարդիկ, այդ թվում ես, տարբեր էմոցիաներ ի ցույց դրեցինք (ծիծաղում է): Օգտվելով առիթից` կցանկանայի այն անձերին, առանց որոնց այս հուշարձանի վերանորոգումը հնարավոր չէ ավարտին հասցնել` սկսած պետական լիազոր մարմնից մինչև ՏԻՄ մարմիններ ու բարերար, շնորհակալություն հայտնել` ոչ միայն ֆինանսական, այլև մարդկային աջակցության համար: Շատերն են աշխատել նախագծի վրա, շատերն էլ տարբեր ժամանակահատվածում տարբեր-տարբեր զրույցներ են ունեցել լրագրողների հետ, մշտապես փորձել ենք պահել այս սահմանագիծը: Սա աննախադեպ ներդրումային ծրագիր էր և իրոք գնահատում ենք բարերար Մովսես Ձավարյանի ներդրումը, որովհետև հուշարձանների պահպանությունն այն ոլորտն է, որում պետք է լինի բոլորի հոգածությունը. ամեն քաղաքացու, պաշտոնյայի կազմակերպության այն առումով, որ չի կարելի աղտոտել հուշարձանի տարածքը: Սրանք պարզ բաներ են, բայց սրանով ուզում եմ ընդգծել, որ խոսքը միայն պարզ բարեգործության մասին չէ, այլ պահպանության, խնամքի, նաև` գիտելիքի, քանի որ ամեն ոք պետք է իմանա, թե իր փոքր հայրենիքի տարածքում ինչ պատմական արժեքներ կան:
-Ամեն դեպքում ուղղորդումների ինչ–որ կենտրոն տեսնո՞ւմ եք:
-Ւնձ համար դժվար է պատկերացնել, թե իդեալական աշխատանքին, կրկնում եմ` իդեալական և՛ մասնագիտորեն, և՛ մարդկայնորեն, կարող էր նման գնահատական տալ: Ուզում եմ հիշեցնել, որ Մշակույթի նախարարության կողմից իրականացվել է միայն այդ աշխատանքների վերահսկողությունը, և շինարարական կազմակերպությունն ընտրվել է «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի կողմից:
-Մյուս վերականգնված եկեղեցիների մասին և՞ս կարող եք ասել` իդեալական:
-Առաջինը կնշեի Օձունը որպես լավագույն:
-Ասացիք`այս փուլում աշխատանքներ նախատեսված են, ուրիշ ի՞նչ աշխատանքներ են սպասվում: Այսպես ասած` վերջնական:
-Վերականգնման աշխատանքները երբևիցե հնարավոր չէ համարել ավարտուն, որովհետև միշտ էլ կարելի անել: Օրինակ` Օձունում բարեկարգում արված չէ, բայց չէր էլ նախատեսվում: Եվ այն, ինչ անում ենք պետական միջոցներով, մենք անում ենք հիմնականում, ամրակայումներ: Այսինքն` երբ հուշարձանը հրատապ վերականգնման կարիք ունի: Բայց հուշարձանի ճանապարհ, կից շինություններ սանհանգույց և այլն, դրանք չենք մտնում մեր առաջնությունների մեջ: Եթե հետագայում համայնքը, մեկ այլ բարերար, նման ցանկություն հայտնի, մենք պատրաստ ենք քննարկել: Ես համարում եմ, որ Օձունի առաջնությունների թվում կարող են լինել նաև վաղ միջնադարյան քրիստոնեական այդ 2 ստելլաների (հուշարձաների)` կա՛մ թանգարանացումը, կա՛մ տեղում պահպանումը:
- Շատ արվեստագետներ պնդում են, որ Հայաստանում չկան մեկենասներ: Եկեղեցիների վերականգնման աշխատանքում կա՞ մեկենասության խնդիր:
-Չեմ կարող ասել` կա, չկա, բայց կարող եմ փաստել, որ տարեց տարի այս առումով ավելի մեծ ծավալով աշխատանքներ են արվում: Հատկապես վերջին մի քանի տարիների ընթացքում, միգուցե, նաև նրա շնորհիվ, որ պետությունը որոշակի «լծակներ» է կիրառում. թեթևացնում է ներդրողի հարկային բեռը, եթե ծրագիրը որակվում է բարեգործական և այլն: Աճ կա, բայց, իհարկե, կցանկանայի, որ ավելին լիներ: Առիթից օգտվելով` կոչ եմ անում, որ ունենք պատրաստի ծրագրեր, որոնք իսկապես սպասում են նաև համատեղ աշխատանքների: Նաև այն ծրագրերերը, որոնք պետությունն իր մասով անում ու շարունակում է, որովհետև այս հարցում երբեք ոչ մի լումա ավելորդ չէ: Այսինքն` խոսքը միլիոնավոր գումարների մասին չէ: Եվ այս առումով շատ հուզիչ է Վայոց ձորի մի բնակչուհու պատմությունը, որը ոչ միայն իր թոշակն է փոխանցել եկեղեցի կառուցելու համար, այլև ոտքով ուխտագնացություն-դրամահավաք է կազմակերպել և մեզնից խնդրեց, որ մենք խնդրենք ապահովել ոստիկանության ներկայությունը, որովհետև թոշակառու կին է, քաղաքից քաղաք, գյուղից գյուղ, տնից տուն գումարներով պետք է անցնի: Նույնը` Արագածոտնի մարզի մի թոշակառու, որն իր ամբողջ թոշակը փոխանցում է, իրենց գյուղի մատուռն է վերականգնում, քանի որ Ռուսատանում ապրող որդիներն իրեն օգնում են:
-Նախարարության գնահատմամբ`ի՞նչ եկեղեցիներ ունեն նման առաջնահերթություն և գտնվե՞լ են արդյոք բարերարներ:
-Զուգահեռ աշխատանքներ են տարվում. Վարագավանքն է վերականգնվում` նույնպես մասնավորի ներդրումով կամ Օձունից ոչ հեռու Արդվիի եկեղեցին` Գուգարարաց թեմի առաջնորդի նախաձեռնությամբ ու մասնավոր բարերարի միջոցներով սկսվում են աշխատանքները: Լրջագույն ծրագիր է Տաթևի վերականգնման ծրագիրը: Մի քանի օրից` օգոստոսի 22-ին կբացվի Շիրակամուտի վերականգնված եկեղեցին: Եվ ուզում եմ հատուկ շեշտել, որ կառավարությունը երբևիցե մշակույթի ոլորտում կրճատումների չի գնացել, ավելին` այս տարիներին փոքր, բայց` աճ է գրանցվել հուշարձանների վերականգնման առումով, ինչը մեզ թույլ է տալիս ավելի լայն մասշտաբով աշխատանքներ իրականացնել` նաև խրախուսելով մասնավորի հետ մեր համատեղ աշխատանքները:
- Ի՞նչ միջազգային հիմնադրամների հետ եք աշխատում:
-Հիմա շատ լուրջ ծրագիր է ընթանում «Ամերիկյան դեսպանների մշակութային հիմնադրամի» հետ, օրինակ` Դաշտադեմ ամրոցի: Մինչ այս պետական լուրջ ներդրումներ են եղել` շուրջ 250 միլիոնի, անցած տարի Արագածոտնի մարզում գտնվող այս տարածքը հանրային գերակա շահ ճանաչվեց և քանի որ ողջ տարածքում, նույնիսկ` առանց թույլատվության կառուցած տներ կային, պետությունն իր վրա վերցրեց այդ հոգսը և մարդկանց պահանջած գումարն ամբողջությամբ փոխանցվեց: Եվ հիմա, այս տարածքն ազատվել է, իրականացվել են մաքրման աշխատանքներ:
Նաև կցանկանայի խոսել կոնկրետ ոչ վերականգնման, բայց վերականգնման հետ կապ ունեցող մի ծրագրի մասին, երբ Հայաստանն այս տարի վերականգնողական 7 մասնագիտության ` հնագետներ, վերականգնող ճարտարապետներ, որմնանկարների վերականգնողներ, քարի վարպետներ և այլն, «Եվրոպանոստրա» միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից ստացավ մրցանակ, որը մեր ոլորտում կասեի կինոյի ոլորտին «Օսկարին» համարժեք մրցանակ է:

(6).jpg)
.jpg)
(4).jpg)










