Նախագահ Սերժ Սարգսյանը ՕԵԿ ներկայացուցիչների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը
Նախագահ Սերժ Սարգսյանը, սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդակցությունների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) ներկայացուցիչներ Մհեր Շահգելդյանի, Հովհաննես Մարգարյանի, Իշխան Խաչատրյանի և Արմեն Հարությունյանի հետ:
Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Քննարկվել է սահմանադրական բարեփոխումների ընդհանուր գործընթացը, անդրադարձ է եղել ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Սահմանադրության փոփոխությունների նախագծում ամրագրված մոտեցումներին:
Հանդիպման մասնակիցները Հանրապետության Նախագահին ներկայացրել են «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման մոտեցումները Սահմանադրության փոփոխությունների նախագծում տեղ գտած առանձին դրույթների վերաբերյալ և կարևորել ՀՀ Ազգային ժողովում Սահմանադրության փոփոխությունների նախագծի շուրջ ակտիվ քննարկումները:
Նշենք, որ այսօր ՀՀ Նախագահն այս առիթով հանդիպում է ունեցել նաև Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանի, Աղվան Վարդանյանի և Արսեն Համբարձումյանի հետ։
Հիշեցնենք նաև, որ այսօր ավելի վաղ ՀՀ Նախագահը հանդիպել էր նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել էին ԲՀԿ ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Աբրահամ Մանուկյանը, Վահան Բաբայանը և Վարդան Վարդանյանը։













