ԱՄՆ պետդեպը կոչ է արել ազատ արձակել ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Խադիջա Իսմայիլովային

09:33 • 02.09.15

ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է ադրբեջանական դատարանի կայացրած վճռից, որով ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Խադիջա Իսմայիլովան 7.5 տարվա ազատազրկման է դատապարտվել, տեղեկացնում է contact.az-ը։

 

«Մենք նաև անհանգստացած ենք քննության և դատավարության ընթացքում գրանցված խախտումների պատճառով, այդ թվում՝ վկաների ցուցմունքների բացակայությունն ու այլ հիմնական փաստեր: Այս դեպքը ևս մի ապացույց դարձավ Ադրբեջանում մարդու իրավունքների սահմանափակումների, այդ թվում՝ մամուլի ազատության սահմանափակման առումով»,-ասված է Պետդեպի տարածած հաղորդագրության մեջ:

 

Պետդեպարտամենտն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Իսմայիլովային և այլ կալանավորների, որոնք իրենց հիմնարար ազատություններն են իրականացրել։

 

«Մենք նաև Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում իրականացնել ստանձնած միջազգային պարտավորությունները՝ մարդու իրավունքների և իր քաղաքացիների հիմնարար ազատությունները պաշտպանելու առումով»,-ասված է հայտարարության մեջ:

 

Իսմայիլովան մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելն ու ծախսելը), 192-րդ հոդվածի (անօրինական գործարարություն), 213-րդ հոդվածի (հարկերից խուսափելը) և 308 հոդվածի (լիազորությունների չարաշահումը) հատկանիշներով։