ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել վերանայել ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Խադիջա Իսմայիլովայի դատավճիռը
Լուսանկարը՝ nezavisne.com-ի
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը կոչ են արել վերանայել ադրբեջանցի հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովայի դատավճիռը, տեղեկացնում է contact.az-ը։
«Դա այն ծանր վիճակի ապացույցն է, որին բախվում է մամուլն Ադրբեջանում։ Դատական գործընթացը վեր հանեց բոլոր հիմնարար հարցերը, որոնք առկա են դատարանի անկախության, մեղադրանքի օրինականության առումներով։ Այդ մասին վկայում են ներկա գտնված միջազգային դիտորդները։
Եվրամիությունն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում վերանայել նրա գործը՝ միջազգային բոլոր պարտավորություններին, ներառյալ՝ մամուլի ազատությանը համապատասխան»,-ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Խադիջա Իսմայիլովան սեպտեմբերի 1-ին դատապարտվել էր 7.5 տարվա ազատազրկման՝ հարկերից խուսափելու և այլ տնտեսական մեղադրանքներով։ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու միջազգային բազմաթիվ կազմակերպություններ կարծում են, որ Իսմայիլովային առաջադրված մեղադրանքները շինծու են, և նրան իրականում հետապնդում են լրագրողական գործունեության ընթացքում երկրի վերնախավի կոռուպցիոն հանցագործությունները բացահայտելու համար։










