Human Rights Watch-ը կոչ է անում ԵՄ-ին «անհապաղ» լուծել ներգաղթյալների խնդիրը

10:43 • 05.09.15

Եվրամիությունը պետք է սեպտեմբերի 14-ին Բրյուսելում կայանալիք կառույցի գագաթաժողովի շրջանակում գործի դնի բոլոր ջանքերը ներգաղթյալների հետ կապված ճգնաժամը հաղթահարելու համար։ Ինչպես հայտնում է rosbalt.ru-ն, նման կոչ են հնչեցրել Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները։

 

«ԵՄ անդամ երկրները պետք է գործեն անհապաղ։ Հունական կղզիներում մարդասիրական ճգնաժամը, Հունգարիայում ապաստարանի տրամադրման անբարենպաստ համակարգը հանգեցրել են նրան, որ նորից ու նորից ժամանող ներգաղթյալներին չի ցուցաբերվում անհրաժեշտ օգնություն, շատերը զոհվում են ԵՄ սահմանների մոտ, այդ իսկ պատճառով անհրաժեշտ են համարձակ քայլեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Ավելի վաղ բրիտանական Daily Mail թերթը հայտնել էր, որ ԵՄ առաջնորդները պլան են մշակել 160.000 ներգաղթյալների ԵՄ անդամ երկրներում տեղավորելու վերաբերյալ։