Մերձավոր Արևելքում ավազամրրիկի հետևանքով հարյուրավոր մարդիկ են հոսպիտալացվել (լուսանկարներ)
Մերձավոր Արևելքում ավազամրրիկի հետևանքով մահացել է առնվազն 8 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, հազարավոր մարդիկ շնչառական խնդիրներ ունեն, գրում է The Daily Mail-ը։
Լիբանանի, Իսրայելի, Սիրիայի և Կիպրոսի մեծ մասը պատվել են փոշու հաստ ամպով։
Սիրիայում այսօր կառավարական ինքնաթիռներն ու ուղղաթիռները քիչ են հարվածում, սակայն երկրում առնվազն 6 մարդ արդեն մահացել է շնչառական անբավարարությունից։
Հաղորդվում է, որ 4 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա և մեկ տարեց կին, մահացել են Դեյր էլ Զորում, մեկ երեխա մահացել է Համա, մեկ մարդ էլ՝ Դարաա նահանգում։
Մայրաքաղաք Դամասկոսում հոսպիտալի ղեկավար Ադեբ Մահմուդը հայտնել է, որ ավելի քան 1200 մարդ, ներառյալ՝ 100 երեխա, դիմել են շնչառական խնդիրների պատճառով։
Լիբանանի առողջապահության նախարարը հայտնել է, որ 2 կին մահացել է հիվանդանոցում, նրանց ազգությունը չի նշվում։
Ոստիկանությունը դիմակներ է բաժանում փողոցներում, իշխանությունները կոչ են անում առողջական խնդիրներ ունեցող մարդկանց, տարեցներին և հղիներին մնալ տանը։
Լիբանանում նման ավազամրրիկները տեղի են ունենում տարվա մեջ 2 կամ 3 անգամ, սակայն գարնանը՝ մարտին կամ ապրիլին։ Եվ այժմ դա անսովոր երևույթ է։
Ավազի հաստ շերտով են ծածկվել նաև Իսրայելը և Կիպրոսը։ Ավազամրրիկը հասել է նաև Կահիրե։


































