Հունգարիայի փոխարեն փախստականներն ուղևորվել են Խորվաթիա. հունգարական հեռուստաալիք
Լուսանկարը՝ Reuters-ի
Հունգարիայի փոխարեն, որը խստացրել է իր սահմանների պահպանությունը, փախստականները Սերբիայի տարածքով շարժվել են դեպի Խորվաթիա, հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով հունգարական M1 ալիքին։
«Մոտ տասնյակ ավտոբուսներ Սերբիայի տարածքով շարժվում են դեպի Շիդ քաղաք՝ Խորվաթիայի հետ սահմանին։ Նրանց վարորդներն իշխանություններից հանձնարարություն են ստացել շարժվել առանց կանգառների»,- հայտնում է հեռուստաալիքը։
Ինչպես կարձագանքեն դրան խորվաթական իշխանությունները՝ դեռ հայտնի չէ։ Մինչդեռ Սերբիայի և Հունգարիայի սահմանին սերբական կողմից կուտակվել է մոտ 3.000 փախստական, ովքեր սպառնում են ճեղքել պատը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին Հունգարիայում ուժի մեջ են մտել նոր օրենքներ, որոնք խստացնում են սահմանային հսկողությունը և այն ապօրինի հատելու համար պատիժը։ Այժմ սահմանի անօրինական հատումը համարվում է քրեական հանցագործություն։










