Անկախության աշունը. 24-րդ բրուդերշաֆտի ճիրաններում
Ամեն ամիս մոլորակի վրա մահանում է երկու լեզու, այսինքն՝ երկու էթնոս, որոնք, որպես կանոն, պաշտպանված չեն պետությամբ: Պետականությունը իդեա է, նրա պահպանումը պահանջում է ստեղծագործական աշխատանք, իսկ ստեղծագործելը միայն ԱԶԱՏՆԵՐԻ առաքելությունն է: Պետություններն ընկնում են միայն յուրայինների կրակոցներից, այն սպանում են ինչպես ահաբեկիչները, օվշորիստները, կրիմինալը այնպես էլ անարխիստները, փախստականները, արյամբ կոսմոպոլիտները և անուղղելի այլախոհները: Ամեն դեպքում՝ ամենավատ պետությունը գերադասելի է նրա բացակայությունից : Թեկուզ այն պատճառով, որ պետականությունը սիրո և համաձայնության խորհրդանիշներ է տարածում և դատապարտված է խոսել ամենաբարձր արժեքներից:
Գրկում ու համբուրում եմ քեզ՝ Հայաստան:
Դրախտահավերի թռիչքի ժամը

Եվ ինչու էր Հրանտ Մաթևոսյանը հաղթական «այո»-ի այն պայծառ օրը հետևողականորեն կրկնում ճորտ բառը: Չէ՞ որ նա ձայն էր երկնքից, որտեղից մեկ պատահական հնչյուն չի ընկնում: Պետությունը որևէ էթնոսի ամենամեծ ստեղծագործությունն է, և միայն իր մեկ բառի համար հազար անգամ մահվան դուռը հասածը կիմանա, որ մեծ ստեղծագործության գինը հավերժ ճորտությունն է՝ ճորտի տքնանքը, ճորտական սերը, ճորտի խոնարհությունն ու հավատը: Բայց ստացվեց այնպես, որ նույն ճակատագրական գիշերը այո-ականներիս աչքը կպավ և այնպիսի մի խոր մրափ վրա տվեց, որ բոլորս միասին, հայտնվեցինք ոչ թե մեր, այլ հայտնի Վասիլի Ստեպանիչի երազում: Բավականին մաչոյական այս երազի նախադրությունն այն էր, որ սույն մուժիկը երեկոյան լրատվական թողարկումը նայելուց անմիջապես հետո մի ծանր քուն է մտնում և տեղում ընկնում մի կոշմարային երազի մեջ, ուր նրա բոլոր օրգանները դուրս են գալիս կենտրոնի ենթակայությունից և իրենց ազատ ու անկախ հռչակում: Իրավիճակի կոմիզմը պատկերացրի՞ք: Տեղում ոտքի մեկն առաջ է գնում, մյուսը՝ հետ, մի ձեռքը ապուրը խոթում է բերանը, իսկ մյուսը հետ է քաշում և ապտակում ձախ երեսին, մի աչքը հյուսիսին է նայում, իսկ մյուսը հայացքը քաշում է դեպի հարազատ քեռու հետույքը՝ հարամելով պայծառ ապագային նայելու վերջին շանսը: Բանը հասնում է այնտեղ, որ արդեն կուլմինացիայում երազի սցենարիստը լրիվ չափն անցնում է՝ դեմոգրաֆիական խնդիրներն ուսած օրգանն ամենաճակատագրական պահին հրաժարվում է իր բոլոր պարտականություններից և ձգվում դեպի…այո, հենց ՄԱԿ-ի դուռն իր անդամությունն այնտեղ հաստատելու և սուվերենության երազանքն այդ կազմակերպությունում հռչակելու համար: Հենց այս խայտառակությունն էլ Ստեպանիչին ստիպում է ցատկել անկողնուց և առնվազն Դուք-ով խոսել անկախության էյֆորիայում հայտնված ընդդիմախոսի հետ՝ նրա երեսին շպրտելով առաջին հայացքից խիստ սովորական, բայց խորքում բավականաչափ փիլիսոփայական տողը՝ ընկեր, գոնե Ձեզնից այսպիսի ընդդիմադիր շարժում երբևէ չէի սպասի: Ի՞նչն է այստեղ գլխավոր. իհարկե, այն, որ Ստեպանիչը վաղուց արթնացել է և ինչպես հասկանում եք՝ իր երազից վռնդել բոլորիս, բոլոր գործող անձանց, ովքեր իր խաղաղ քնի հաշվին դուրս էին եկել քաղաքական շոփինգի: Բայց, արի ու տես, որ մենք ոչ մի կերպ չենք կարողանում լքել Ստեպանիչի երազը, նրա անկողնում ծավալվող անցքերը: Այնինչ, երազն արդեն ավարտվել է և հարկ է, ի վերջո վերադառնալ մեր բանին: Իսկ մեր բանն, ինչպես գիտեք,անկախության բրուդերշաֆտի ճիրաններում արնաքամվելը չէր, այլ՝ թռիչքը Սովետի վրայով դեպի Ազատ, Անկախ և կներեք հիշեցման համար՝ Միացյալ Հայաստան:
Քասթինգ անկախության գլխավոր դերերի համար

Եվ ինչու էր Տիգրան Մանսուրյանը հաղթական «այո»-ի այն պայծառ օրը հետևողականորեն երեք հնչյուն հնչեցնում՝ տ-ու-ն, տուն: ԱմենաՎերիններն այդ հնչյուններն էին գցել նրա գլուխը՝ տուն. ասում էր՝ «վերջապես վառենք մեր ՏԱՆ լույսերը, պարզ տեսնենք, թե ինչ ենք անելու»: Այ քեզ բան, բայց չէ՞ որ սա հենց անկախության ամբողջական քաղաքական ծրագիր էր: Հայաստան տուն՝ մեծի տեղն ու խոսքի ծանրությունը, փոքրի նստել, վեր կենալը, հացով ու շեն լինելը, հարևանին սիրել-հարգելը, հայ քրիստոնյայի սերը, ներումը, հեքիաթը ծոցին մամիկը, գիրը, գիրքը: Եվ անպայման վերադարձը՝ տունն այն է, ուր գնացողը վերադառնում է: Տունն այն է, ուր ամեն մեկն իր աշխատանքից ու իր ինքնիշխանությունից բաժին է հանում բոլորին, ուր ամեն ժամ արթուն է մենքի կոնցեպտը, ուր բոլորը կապված են ազգակցական կապով և ուշադիր նայելիս՝ անպայման մի քանի նմանություն կգտնես:

Բայց ահա՝ մեր երազանքի տունը չկա, չեղավ: Առաջիններն ասում են՝ տան լույսերն էս գլխից անջատեցինք, և տունը կորցրինք խավարի մեջ, որովհետև Աստված մեզ չկամ հարևան է տվել, որի պատճառով ստիպված էինք վրաներիցս դեն նետել քաղաքացու մեր նոր հագուկապը և մտնել ֆիդայական սապոգի և շինելի մեջ: Եվ ոչ մի ծպուտ այն մասին, որ հեղափոխությունից ընդամենը մեկ օր հետո պարզել էին, որ իշխանությունը վերցնելուց բացի դեռ բանեցնել է պետք և դրա համար հակառակի պես պետք են նվազագույն բաներ, որ հեղափոխականները ձեռքի տակ չունեին՝ օրինակ՝ նախարարացուներ, որոնք գոնե տանը փողկապ ու մի ձեռք կոստյում ունենային, կամ ասենք այնպիսի մանրուքներ, ինչպիսիք են զենքն ու զինամթերքը, վարչապետը կամ գոնե Պոլիտեխնիկում մի քիչ լավ սովորած մեկը, որի աչքաբացությունը թույլ կտա ձեռաց իրավաբանություն սովորել և ստանձնել պառլամենտի խոսնակի պաշտոնը, եթե չճարվի էլ, հոգ չէ՝ կարող է և տերտեր լինել՝ ինչ կա որ: Կարևորը՝ հաղթանակած հեղափոխության պաթոսը տեղը պահվեր, դա հազար ծակ կփակեր. օրինակ՝ վերցնենք ամենազոռ հարցը՝ պետական մեքենաներ. դա ինչ մի մտածելու բան է՝ գտնում ես մի զինվորական հագուստ, գտա՞ր, դե վերջ՝ հարցը լուծված համարի. առաջին պատահածին հագցնում ես, կանգնեցնում քաղաքի մեջտեղը և հոպստոպ անում ուզածդ մեքենան: Էլ չենք խոսում այն մասին, որ կարող ես նրա վարորդին էլ հեչի պես մեղադրել հայրենիքի դավաճանության մեջ: Բա՝ իհարկե, նա ինչո՞ւ ժամ առաջ չի գիտակցել հայոց համազգային պետքերի կարևորությունը և ինքնաբուխ հայրենիքին չի հանձնել սեփական ավտոմեքենան: Բա փողերը, փողերը…գիտե՞ք հեշտ էր ֆինանսական այդ հսկա բուրգերը մի գիշերում փոշու վերածելը, որ հետո չիմանաս՝ հառաչող ամբոխի լացը կտրե՞ս, թե՞, այնուամենայնիվ, լծվես անկախության համար պահանջվող այլ զոհողությունների՝ Հայաստանի օդն աղտոտող անճոռնի գործարանների, մեր ականջը սղոցող արտադրական տարբեր շչակների, հոգու խորքում վայրի լիբերալիզմը փայփայող մեր գյուղերի շնչին նստած կոլխոզ-սովխոզների օպերատիվ դեմոնտաժման կամ ավելի շուտ՝ կազմաքանդման սուրբ գործին:

Առանց չափազանցության՝ մենք այսպես, այս ծանր քարերը ոտքներիս կապած էինք թռչում Սովետի վրայով, բայց հաստատ թռչում էինք, գիտե՞ք, ուղղակի մեր թռիչքն արդեն մեր ներսում ապրող այն կապույտ թռչունի սլացքն ու շունչը չուներ: Մեր հոգին արդեն դեպի ՏՈՒՆ չէր թռչում, այլ այն մռայլ 1996 թվականը, որի շեմին արնաքամ եղավ կապույտ, ազատ թռչունը. այնինչ նա բարձրացել ու տնավարի նստել էր մեր Բաղրամյան փողոցի շենքերից մեկի այնքան հարազատ ճաղավանդակին , կարծելով, թե դրսում դեռ 1988 թվականն է, մեր 88-ը:
Շոփինգ քաղաքական շուկայում.հաճախորդ պետություններ
.jpg)
Մեծերը միշտ էլ փոքրերին սպառնացել են, այդպիսին է մեծերի բնությունը: Իհարկե, ինչպես ասվում է ռուսական հայտնի գովազդում ՝ размер имеет значения, չափն ունի նշանակություն: Սակայն, քչերի մտքով կարող էր անցնել, որ տրանսազգայիններն այնքան կտարվեին գլոբալացման գաղափարով, որ աշխարհը կվերածեն մի մեծ գյուղի իր երեք-չորս գյուղապետարաններով: Իսկ ոչ անհայտ Զգիբնև Բժեզինսկին փոքր պետությունների երեսին կշպրտի «հաճախորդ պետություն» եզրույթը, որն այսօր լայնորեն կիրառվում է, այսպես կոչված, մեծերի քաղաքագիտական ժարգոնում: Սակայն տեխնոլոգիական նոր ժամանակը երկրներին ամենևին էլ չի կշռում իրենց ֆիզիկական աշխարհագրությամբ՝ բոյբուսաթով, այլ նրանց քաշը ճշտող նոր գործիքներ ու քարտեզներ ունի, որտեղ ուրվագծված են տվյալ հավաքականության ստեղծագործական ներուժից մինչև աշխատատեղերի բանկերը, հաշվառված ու քարտեզագրված են պետությունների ինքնաբավության աստիճանից մինչև դեմոգրաֆիական և անգամ դիմադրողականության աստիճանակարգերը: Որովհետև ինչ է նշանակում փոքր պետություն և ինչու են նրանց ներշնչում սուվերենությանն անունակ էթնոսի բոլոր այն կոմպլեքսները, որը մեծ եռանդով տարածվում է նաև Հայաստանում՝ հետևողականորեն լվանալով վասալության հակված հայկական քաղաքականության երեսը: Այսպես կարելի է, օրինակ՝ Շվեդիային համարել մի փոքր ու աննշան երկիր, որովհետև նրա բնակչությունը համարյա Փարիզի չափ է կամ նույն Ֆրանսիային կոչել մի գաճաճ պետություն, միայն այն պատճառով, որ Չինաստանում կա Հունան անվամբ մի նահանգ, որի բնակիչների թիվը մեկը մեկին համընկնում է ֆրանսիացիների թվին: Իհարկե, աշխարհի այս նոր չափագրումները չպիտի մեզ այնքան ոգևորեն, որ առնենք տարածաշրջանի մեր ամենահզոր բանակն ու մխրճենք ասենք՝ Չինաստանի սիրտը, բայց հավատացեք, մյուս ծայրահեղությունն էլ պակաս ծիծաղելի չէ՝ երբ դու արդեն 24 տարեկան ես, բայց դարձյալ չոչ ես անում գետնին և չես կարողանում անգամ հասարակ պետքերդ ինքնուրույն հոգալ կամ էլ դրսերից այնքան փող ես պարտք անում, որ դրսի հարկադիր կատարողները գալիս ու այդ պարտքի դիմաց խլում են քո տան ապրանքը, չէ՞որ այս պահին գոնե անհուսալի ես որպես կրեդիտոր, որովհետև քո այդ պարտքերը վաղուց տվել անցել են բոլորիս դարդուցավով լցված մեր բյուջեից: Բայց անգամ Բուրկինա Ֆասոյում կամ ինչպես իրենք են իրենց անվանում՝ «հպարտ մարդկանց հայրենիքում» արթնացող բոբո և լոբի ցեղատեսակների շրջանում կա այն գիտակցումը, որ եթե ուտես ծառի բոլոր պտուղները, ծառի վրա ոչ մի պտուղ էլ չի մնա, իսկ եթե անցնես տերևներին և այն լրիվությամբ լցնես փորդ, ապա հույս էլ չի լինի, որ այդ տերևաթափից հետո ծառը երբևէ ուշքի կգա և մյուս գարնանը կծաղկի: Բայց ինչու մոռացանք, թե մենք իրականում ինչի համար էինք հավաքվել՝ այն հեռավոր 88-ին, հիշո՞ւմ ես…


.jpg)
Շարունակելի
ՎԱՐԴուհի Սիմոնյան










