Ամերիկյան քոլեջում տեղի ունեցած հրաձգության նոր մանրամասներ են ի հայտ եկել (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի գլխավոր դատախազը հաղորդել է, որ Ամքուա համայնքային քոլեջում հրաձգության հետևանքով գրանցված զոհերի թիվը 13 է, իսկ վիրավորներինը՝ 20։
Ավելի վաղ զոհերի ու վիրավորների մասին հակասական տեղեկություններ էին հաղորդվել։
Դեպքի վայրում հայտնաբերվել է 3 ատրճանակ և հրացան, որը, ենթադրաբար, պատկանել է հրաձիգին։
CNN-ի աղբյուրների տվյալներով՝ իշխանությունների ներկայացուցիչներն ուսումնասիրում են ֆորումներից մեկում ենթադրյալ հրաձիգի՝ 26-ամյա Քրիս Հարփեր Մերսերի և այլ մասնակիցների խոսակցությունը։
Նշվում է, որ դեպքի նախօրեին մարդասպանը հաղորդել էր հրաձգություն իրականացնելու իր պլանների մասին։
Ֆորումի որոշ մասնակիցներ խորհուրդներ են տվել, թե ինչպես է ավելի լավ անել, ինչ զենք օգտագործել։
Ֆորումի այլ մասնակիցներ ենթադրյալ հրաձիգին «խղճուկ անհաջողակ» են կոչել:
Նշվում է, որ իր հաղորդագրության մեջ ենթադրյալ մարդասպանը գրել է. «Սա իմ միակ հնարավորությունն է թերթերում հայտնվելու համար: Ես այնքան ոչնչացված եմ»:
Տեղական թերթերից News Review Today-ը դեպքի ականատեսներից մեկին հղումով տեղեկացրել է, որ հրաձգությունն իրականացրած տղան հետաքրքրվել է, թե ինչ կրոնի են հետևում զոհերը։
Լուսանկարները՝ Daily Mail-ի.
















