Ռուսաստանն ընդունել է Թուրքիայի սահմանը խախտելու փաստը

15:12 • 05.10.15

Թուրքիայում ՌԴ դեսպանատունը հաստատում է փաստը, որ ռուս զինվորականները խախտել են Թուրքիայի օդային տարածքը։

 

Այդ մասին Интерфакс գործակալությանն ասել է դիվանագիտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Իգոր Միտյակովը:
 

«Իրոք, նման միջադեպ տեղի է ունեցել։ Շաբաթ զրույց է եղել Թուրքիայի փոխարտգործնախարարի հետ, մեզ ասել են միջադեպի մասին, համապատասխան նոտա են հանձնել»,-ասել է նա:

 

Նրա տվյալներով՝ այդ առիթով Մոսկվայում թուրքական դեսպանատան ռազմական կցորդին բացատրություն է տրվել։

 

Գրեթե միաժամանակ հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա նշել է, որ Մոսկվան կստուգի ռուսական ինքնաթիռի կողմից Թուրքիայի օդային տարածքը խախտելու մասին տեղեկությունը: Պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է այդ միջադեպը բացասաբար ազդել թուրք-ռուսական հարաբերությունների վրա, Պեսկովն ասել է, որ դրանք բավականաչափ ամուր հիմք ունեն:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ ռուսական կործանիչը խախտել է Թուրքիայի սահմանը։