Ռուսական նավերը 26 թևավոր հրթիռ են արձակել Սիրիայում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ. ՌԴ ՊՆ

16:51 • 07.10.15

Կասպյան նավատորմի 4 նավ չորեքշաբթի առավոտյան 26 թևավոր հրթիռ է արձակել Սիրիայում «Իսլամական պետության» գրոհայինների դիրքերի ուղղությամբ, բոլոր թիրախները հաջողությամբ խոցվել են։

 

Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան։ Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, գրում է РИА Новости-ն:

 

«Գրոհայիններին ոչնչացնելու համար ավիացիայից բացի այսօր ներգրավվել են Կասպյան նավատորմի նավերը, չորս հրթիռային նավ 26 հարված է իրականացրել 11 թիրախի»,- ասել է Շոյգուն։

 

«Հարվածների արդյունքները հաստատել են մեծ հեռավորությունների վրա՝ մոտ 1.500 կիլոմետրի վրա հրթիռների բարձր արդյունավետությունը»,- նշել է նախարարը։

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի ուշ մանրամասներ է պատմել հրթիռային հարվածների մասին։ Նա հայտարարել է, որ «Իսլամական պետության» օբյեկտների ուղղությամբ հրթիռային հարվածներն իրականացվել են Կասպից ծովից։

 

Այդ ընթացքում օգտագործվել է բարձր ճշգրտությամբ զենք, հայտնել է Պուտինը՝ նշելով, որ բոլոր թիրախները խոցվել են։