Դավութօղլուն նախազգուշացրել է ԱՄՆ-ին Սիրիայի քրդերին ռազմական օգնություն տրամադրելու անընդունելիության մասին

14:08 • 14.10.15

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նախազգուշացրել է ԱՄՆ-ին սիրիական Քրդական ժողովրդավարական միությանը ռազմական օգնություն տրամադրելու անընդունելիության մասին, գրում է РИА Новости-ն։

 

Ավելի վաղ CNN հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ կոալիցիայի ռազմատրանսպորտային ինքնաթիռները կիրակի օրը 50 տոննա զինամթերք են նետել Սիրիայի հյուսիսում Հասաքե շրջանում: Պենտագոնը հաստատել է, որ կոալիցիայի ուժերը հյուսիսային Սիրիայում ինքնաթիռներից բեռ են նետել «Իսլամական պետության» դեմ կռվող տեղի ցամաքային ուժերի պաշարները լրացնելու համար։

 

«Ոչ ոք չի կարող մեզ վստահեցնել, որ զենքը, որը մեր դաշնակիցները հասցնելու են Քրդական ժողովրդավարական միությանը, չի հասնի Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը։ Քրդական ժողովրդավարական միությանը տրամադրվող օգնությունը մենք կդիտարկենք որպես Թուրքիայի դեմ ուղղված քայլ։ Եթե այդ զենքը հասնի Թուրքիա և վնաս հասցնի մեր զինվորներին, ոստիկանությանը և խաղաղ քաղաքացիներին, ապա այն կոչնչացվի: Քրդական ժողովրդավարական միությունը և Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը դեռ կարելի էր զանազանել 5-6 ամիս առաջ, բայց այժմ դրա իմաստը չկա: Եթե Քրդական ժողովրդավարական միությանը և Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը տրամադրվի զինված օգնություն, մենք նույն միջոցները կձեռնարկենք Սիրիայում, ինչ Հյուսիսային Իրաքում»,- հայտարարել է Դավութօղլուն թուրքական ԶԼՄ-ների ղեկավարների հետ զրույցում։

 

Նա հավելել է, որ Թուրքիան այդ հարցը դիտարկում է որպես իր ազգային անվտանգության հարց: