Քարկոծված քաղաք. նոր տեքստեր ու նշաններ /Ա մաս/
Ուզում էի մի սիրուն, մի տաք բան գրել և նվիրել Երևանի ծննդյան 2797-ամյակին: Բայց ամբողջը փսորվեց, երբ կրկին հիշեցի այն ծանր ու ամոթալի զրույցը, որ հանդգնություն եմ ունեցել վարել մեր ժամանակի ամենամեծ գրողներից մեկի` Աղասի Այվազյանի հետ: Նոր-նոր էին ցրցամ տվել Հյուսիսային պողոտան, և ես ապշած էի, որ այս մեծ մարդը մի տեսակ կենդանի վահան էր դարձել այն կվազի քաղաքաշինության համար, որին, ի վերջո, հաջողվեց մայրաքաղաքի երեսին շպրտել ուրիշի բակից գողացված գավառական այդ պատճենը: Եվ չնայած հիմա էլ չեմ կարողանում ընկալել «բիրդան» պոստմոդեռնիստ կտրածների «զուլում» մեգանախագիծը, բայց սարսափելի ամաչում եմ այդ օրվա իմ հախուռն պահվածքի համար: Ամեն անգամ, երբ հորս գերեզման եմ գնում, մի պահ կանգ եմ առնում նրա հարևանությամբ ննջող մեծ արձակագրի համեստ, մեկ մարդաչափ հողակտորի մոտ և գլուխս կախում: Միակ սփոփանքս այն է, որ այդ տաղանդավոր մարդը մեր չստացված զրույցն, ուղղակի, հանճարեղ փակեց`արդեն դռնից վրաս նետելով սարսափելի ծանր մի բան` «Հողը քար է դառել ամայությունից, նա կարոտում է ձեռքին, որին տեսել է հազար տարի առաջ»:
…ի սեր ճշմարտության, կրքերը երբեք չպիտի բարձրանան և բազմեն մտքերի ու խոհերի տեղում.Աբասթումանից իր երկրի մայրաքաղաք հասած մարդը քաղաքի նոր, թարմ մարմին էր երազում: Աղասի Այվազյանը գրով անցել էր խարխուլ, ցեխածեփ ու ճենճոտ այն Երևանի միջով, որի փողոցներով ամեն օր սայլերը ճռռալով քարշ էին տալիս նվազագույնը հիսուն երեխայի դիակ: Մի հարյուր տարի էլ չի անցել այն մայրաքաղաքի գլխով, որի բնակիչների մեծ մասը հիվանդ գաղթականներ էին, ուր ամեն օր սովից հարյուրները մահանում էին, ուր բանակի ոտքերին տրեխներ էին, ուր 4 կողմից օղակցած քաղաքը նեխում էր, ուր քիչ կուշտերը բռնկված էին քաղքենական տենդով և մեն մի երազանք ունեին` փախչել այդ կեղտոտ, տկլոր ու հիվանդ քաղաքից:
Անշուշտ, ամենաուժեղը Թումանյանն էր` մի անչափելի խղճով, որը կարող էր գրկել ու պահել համաճարակով բռնված որբ երեխաների «ոսկրացած բազուկների անտառը», ահա հենց այդ մեծ խղճով տվեց ու սպանեց Գիքորին, գիքորությունը: Որովհետև ահագին ջանք էր թափել այս տղայի վրա, թշերը պաչել ու ծանր ճամփեքով բերել ու հասցրել էր քաղաք, որ սա «գրի սևն ու սպիտակը ջոկի, նստիլ-վերկենալ սովորի, մարդ դառնա, մարդ ճանաչի, որ աչքաբաց լինի, որ աշխարhքում խեղճ ու զուրկ չմնա…»: Երկիրը կվերջանար, որ գյուղում Ծաղիկ կովը մեռնի, նանն ու Զանին մնան տկլոր, իսկ քաղաք հասած տղան մի քայլ առաջ չգա Միկիչի, Մոսու, փոքրիկ Գալոյի զգացական ու իմացական հարթությունից: Իսկ մենք Գիքորի վրա լացում ենք, այնինչ Թումանյանն ուզել է հենց մեր լացը կտրի: Նույն պատճառով էլ Հրանտ Մաթևոսյանը փակում է քաղաքի վրա ողբացող «սև բերանները» և դառնում այդ մեռնող քաղաքի ապրողներին` շքեղ Արուս Ոսկանյան, Հրաչ Ներսիսյան, Վահրամ Փափազյան, Մարտիրոս Սարյան, Թորոս Թորամանյան և մի ամբողջ Ալեքսանդր Թամանյան` Պետերբուրգի մտավոր ընտրախավի երևելիներից մեկը, որը թողնելով իր խաղաղ ու ապահով կյանքը եկավ մեռնող քաղաքն ապրեցնելու: Այն քաղաքը, ուր մի քար շարժելու համար դժվար էր անգամ սայլ ու ձի գտնելը, ուր քարտաշներին կերակրելու համար ստիպված եղավ վաճառել իր ամբողջ կարողությունը, անգամ` անգլուհի կնոջ արդուզարդը, այն քաղաքը, ուր սոված, հիվանդ ու խելագար ամբոխը մի օր էլ հարայհրոցով ու քարակույտերով հասավ իր տան վրա և քնած երեխաների երեսին լցրեց պատուհանների կտորտանքը, նույնիսկ կարողացավ մի որոշ ժամանակ նրան էլ դուրս նետել քաղաքից և իր պես գաղթական դարձնել, բայց… ահա քաղաքը, որն այնուամենայնիվ կանգնեց` իր մեջ առնելով աշխարհում նոր-նոր ձևավորվող մայրաքաղաքային տարածության նոր իմաստները, հոսքերն ու տեսությունները:
Թե չէ, ճանապարհ, բնակատեղի, դրանից բխող կոյուղի անգամ Նեոլիթի մարդն ուներ: Քաղաքն իմաստն է, մտքի, իմաստների տարածքը: Հակառակ դեպքում, այն կկորցնի բանականությունը, կխեղդվի իր նրբանցքներում, կխճճվի անհաղորդ, փակ ու քայքայված բակերում, կմնա իր վրա ծանրացած իրերի տակ: Այն, ինչ մեզ համար դեռ քաղաք է, չի բացառվում, որ մի քանիսի անշարժ և շարժական գույքի հավաստագրումն է ընդամենը: Բայց քաղաքավարի չէ կրկին հիշեցնել, որ աշխարհում ավարտվել է բուն կապիտալիզմը, որ ընչաքաղցությունը, վաղ թե ուշ, քաոս է ստեղծում, որ զուտ նյութական ինքնաարարմամբ տարված հասարակական կենդանիների ամբողջությունը երբեք խաղաղ համակեցության չի հասնի, քաղաք, քաղաքականություն, քաղաքակրթություն չի ունենա: Սակայն, անշուշտ, մեզ հետ միշտ կլինի մեր կոնյակը, օտարի վզից կախվելու պատրաստ կարմիր նուռը, նարդու փեղկերին ու նաև մորմոքվող սրտի մեջ դաջված Արարատը, ազգային ազատագրական քնարը, մեր Սարյանը, Թումանյանը, Թամանյանը, Գառնի-Գեղարդը, հայի սիրուն աչքերը, դարձյալ կոնյակը, մի քիչ գինի, Կոմիտասը և հատկապես` ցեղասպանությունը…
Հետգրություն. կներեք, որ նախաբանը Ձեզ ոչինչ չպատմեց իմ այսօրվա զրուցակցի մասին. ընթերցողը երեկվա միամիտը չէ, նա կարող է համացանցում շատ արագ գտնել այդ տեղեկատվությունը մի քանի բանալի բառերի օգնությամբ` արվեստաբան Ռուբեն Արևշատյան, Վենետիկի բիենալեի համադրող…
.jpg)
-Պարո՛ն Արևշատյան, «էրեբունի-Երևան» տոնակատարությունը նոր չէ, որ ծափ-ծլնգոցից դենը չի գնում, և գոնե ես կզարմանայի, որ այս անգամ նշանավորվեր լուրջ գիտաժողովներով, մի արժեքավոր գրքի հրատարակությամբ կամ գոնե դեռ չպեղված քաղաքի մի փոքրիկ շերտի ուսումնասիրությամբ: Բայց եթե քաղաքն ինքը իմաստային չափումներից դուրս է ընկել, մեծ շռայլություն կլինի նրա մեկ օրից մեծ սպասումներ ունենալ: Ուստի, ավելի ճիշտ կլինի մեր զրույցը սկսել հենց քաղաքի հետ առերեսումից: Այստեղ երկու ծայրահեղ մոտեցումներ են թափառում. պահպանողականների համար քաղաքը կարծես աստվածաշնչյան տեքստ է դարձել, որից չպիտի մի բան պակասի և մի բան ավելացվի, իսկ մյուս` նույնքան ծայրահեղական խումբը, որոնց պայմանական կարելի է գլոբալիստներ կոչել, հակված են իրենց սպառողական հակումների համար Երևանում հիմնել դրսից թխած, աշխարհի դուստր տարածքներ և պոստմոդեռնի ցուցափեղկից հրով ու սրով «նաղդել» քաղաքի վրա, իհարկե ջնջելով եղածը: Ահա Երևանը քաշքշվում և համարյա ճղվում է այս երկու կոնցեպտների արանքում: Ինչպե՞ս դուրս գալ իմաստային այս փակուղուց:
-Նախ` տոնի մասին. սա ուշ սովետական շրջանի տոն է, երբ 60-ականներից հետո, որոշակի մշակութային պրոցեսների հետևանքով սկսվեց սովետական սոցիալիստական համակարգի և հասարակության հատվածայնացումը: Հիմնականում դա կապված էր ինդիվիդուալացման հետ։ Հիմքում դրված էին տեղի ունեցող ազգայնական զարգացումները։ Դա համատարած երևույթ էր. տեղի էր ունենում և՛ Վրաստանում, և՛ Ադրբեջանում, ամբողջ երկրով մեկ: Նույն սովետական համակարգի, հասարակության վերահսկողության մեխանիզմի այլընտրանքն էր, այսինքն՝ չկա Ստալին, փոխարենը մեջտեղ է գալիս ազգայնականությունը, որի միջոցով հնարավոր է կենտրոնից վիճակը սրել և ապա`բերել բալանսի։ Սա միևնույն ժամանակ սկսեց ձևավորել այլ տնտեսական իրավիճակներ. 70-ականների տնտեսությունը արդեն դժվար էր անվանել սոցիալիստական՝ ռեֆորմներով այն կարծես մի քիչ ազատականացվեց, որը վատ բան չէր, միջոց էր, որ տնտեսությունը ապրեր, բայց ի հայտ եկավ ստվերային տնտեսությունը։ Սկսվեց ցեխավիկների ժամանակաշրջանը, որոնք վերջին հաշվով անկախացումից հետո դարձան քաղաքական էլիտա։
-Այ դա արդեն իսկական հարսանիք է, մարդու և ժամանակի միջև: Չէ՞ որ կա հերոսների և ֆլյուգերների ժամանակ: Բայց արդյո՞ք ցեխավիկների կաստան միայնակ կարող էր ջնջել այդքան սկզբունքներ և իր «ցեխերով» այսքան ցինիզմ արտադրել:
-Ի՞նչն էր կռիվը. անհրաժեշտ էր ձերբազատվել սկզբունքից, նոր հասարակության կայացման, հավասար բաշխված տնտեսությունից հրաժարվելու համար։ Այդ ամենը դրվեց մի կողմ, և մենք հայտնվեցինք լրիվ ուրիշ իրավիճակում. առաջ եկավ թերահավատ և այո, ցինիկ հասարակությունը: Այստեղ սկսվում է զվարճանքը, մեջտեղ են գալիս տոնակատարություններ։ Մեզ մոտ ստեղծվեց «Էրեբունի-Երևան»։ Այսինքն՝ հանրապետությունների մշակույթի բրենդայնացման պրոցես էր տեղի ունենում, որպեսզի յուրաքանչյուրը զգա իր կարևորությունը, ազգային արժանապատվությունը։
Շեշտադրումը ուրիշ բանի վրա էր գնում՝ այլևս, ասենք` Հայաստանը և Վրաստանն իրենց տնտեսությամբ չպիտի կիսվեին, ինչպես սովետական ժամանակ, երբ միասին աշխատում, կիսվում էին և դրա հաշվին ստեղծվում էր հանրային նոր բարիքը՝ բնակարանը, դպրոցը, որից մենք օգտվում ենք առ այսօր, բայց չենք մտնում խորքը՝ հասկանալու համար, թե ինչի՞ հաշվին է այս ամենը գոյացել:
Մենք ունեինք 70-ականների վերջում արդեն իսկ քնած կապիտալիստական տնտեսության մոդել։ Նոր մտայնություն էր ի հայտ եկել։ Եվ դրա ձեռքը միշտ կրակն էինք ընկած՝ միշտ տեսնում էինք, որ հակասություն գոյություն ուներ՝ սկզբունքների, որ սովորում էինք դպրոցում և մի այլ իրականության: Հենց սա մեր մեջ դաստիարակեց այս ցինիզմը։ Լինելով թերահավատ՝ մենք շարունակում ենք այդ նույն տոնակատարությունները նշել, մասնակցել դրանց, բայց մնում ենք դժգոհ, չբավարարված` վերադառնալով մեր առօրյա, անհեռանկար իրողությանը։
-Ես հիշեցի եղբորս արտասանած մի տեքստ, որը որպես փաստարկ ներկայացրել էր ծնողներիս, թե նա ինչու էր մի անգամ, ուղղակի պարտավոր ինձ ծեծել: Ասել էր`քայլում էի օղակաձև այգում, մեկ էլ տեսնեմ ձեր աղջիկը մայկա-տրուսիկով ման ա գալիս օղակաձև այգու մեջտեղով: Ասվածը մեկին մեկ ճիշտ էր, բայց դե արի ու բացատրի, որ մեզ` իններորդցիներիս, 1984 թվականի տարվա կեսը դասերից կտրում և կիսատկլոր նետում էին այգիները` վարժեցնելով Էրեբունի-Երևան տոնակատարության ինչ-ինչ պարային ռիթմերին, ինչ է թե երկրի առաջնորդները տոնի օրը կարող էին անցնել նաև այգու այդ հատվածով: Կատարյալ աբսուրդ է եղել այդ տոնն էն գլխից էլ: Բայց, իմ մեղքով մենք էլ կարծես տոնին տրվեցինք, ես կուզեի, այնուամենայնիվ, լսել Ձեր կարծիքը Երևանի այսօրվա ինքնության, քաղաքային միջավայրի այսօրվա խիստ դրամատիկ զարգացումների վերաբերյալ:
- Գիտեք, այն փոփոխությունները, որոնք վերջին տարիների ընթացքում տեղի ունեցան քաղաքում, ուղիղ կերպով փոխկապակցված են հանրային գիտակցության մեջ տեղի ունեցող փոփոխությունների հետ։ Այսինքն՝ երբ մենք անդրադառնում ենք քաղաքում տեղի ունեցող փոփոխություններին, սովորաբար դա փոխկապակցում ենք քաղաքական, տնտեսական էլիտաներում տեղի ունեցող փոփոխությունների, շահերի հետ։ Դա մի կողմից արդարացված է, բայց պետք է միշտ հաշվի առնել մյուս հանգամանքը` այն քաղաքաշինական փոփոխություններն ու պատկերները, որոնք ի հայտ են գալիս ճարտարապետության տեսքով, ի հայտ են գալիս այդ նույն քաղաքական և տնտեսական էլիտաների պրիզմաներով անցնելուց հետո։ Բայց դրանք կարծես արդարացնում են այն վարանմունքը, այն վակուումը, որը ձևավորված է հանրային գիտակցության մեջ. հանրությունը, մեծ մասամբ չի գիտակցում այն իրավիճակը, որի մեջ հայտնվել է` անցնելով մի կացութաձևից մյուսին, ինքն ունի որոշակի իլյուզիաներ։ Վերջին հաշվով ճարտարապետությունը արվեստի այն ձևն է, որը գալիս է բավարարելու այս իլյուզիաները:
-Բայց այսօր համացանցում քնող և արթնացող հասարակությունը նախկին միամիտն ու թմրածը չէ և լավ էլ հասկանում է, որ իր երկրում վայրի կապիտալիզմ կոչված այն կացութաձևն է, որը մեզնից խելոքները վաղուց ապամոնտաժել են, տեղը կառուցելով ետարդյունաբերական աշխարհը, ուր նորարար, ստեղծագործ մարդիկ են դրության տերը, որոնք արդեն մեքենաներով հումք ու սննդամթերք են արտադրում, իրենց երկրների մշակութային և տեխնոլոգիական հեռանկարներն են ստեղծում, ինովացիոն ապագան, ոչ թե կապիտալիստի պես մտածում են միայն հանրային բարիքը սեփականելու և նաղդ փողի վերածելու մասին: Իհարկե, ճարտարապետությունից խոսուն արվեստ չկա, մեր ժամանակը հենց մեր քաղաքն է քարագրում և վավերագրում, բայց տպավորություն է, որ մեր մեզ վստահված քաղաքը հոսում է, շենքերը հեռանում են իրարից, մի տեսակ կապակցվող նյութը չկա, այդպես չէ՞:
- Նախ պետք է պատասխանել, թե ինչպիսի ֆունկցիա պիտի կատարի փողոցը, հրապարակը, շենքը, որը ի հայտ է գալիս քաղաքային նոր լանդշաֆտում, որը հայտնվում է նոր ոչնչացված, հին շենքերի քաղաքային տարածքում, պետք է հասկանալ, թե այս նորակառույցը ինչ ֆունկցիա է կատարում։ Սա է կարևորը: Սովետական շրջանում էլ բազմաթիվ նորակառույցներ էին ի հայտ գալիս, որոնք կառուցվում էին քանդվող շենքերի տեղերում։ Երևանը ապրել է բավական ինտենսիվ մոդեռնիզացման շրջաններ։ Հիմա, երբ մենք անդրադառնում ենք նույն թամանյանական, պրոլետարական ճարտարապետների դպրոցին, իրենք լուծում էին խնդիրներ, որոնք կապված էին ենթադրենք՝ նոր մշակույթի զարգացման, ազգի, հասարակության ձևավորման հետ։ Եվ երբ խոսքը գնում էր այդ հասարակությունների ձևավորման մասին, նրանք շատ կոնկրետ էին անդրադառնում հենց ֆունկցիոնալ նշանակությանը, պատասխանելով անգամ այն հարցին, թե հասարակության որ շերտի համար է այն նպատակային։ Հիմա այսօր մենք տեսնում ենք մեկ ուրիշ խնդիր՝ երբ անընդհատ խոսվում է հանրային շահի մասին, բայց երբ մենք անդրադառնում ենք օրինակ՝ Հյուսիսային պողոտային, որից այսօր էլ հասարակությունը դժգոհ է, շատ թույլ է նրա ներկայացրած փաստարկների ընտրանին, ասում են` շենքերը լավը չեն, փողոցը սառն է, բայց բուն խնդրին անդրադարձ չի կատարվում, որ Հյուսիսային պողոտան օրինակ՝ պիտի նախագծվեր որպես հանրային լայն նպատակներ բավարարող կառույց։ Բայց ի տարբերություն դրանց, եթե 20-րդ դարի ընթացքում դրանք ունեին այլ գերխնդիրներ, այսօր այդ էլեմենտների կիրառումը ունի այլ խնդիր, որը հեռու է հասարակական շահի բավարարման ուղղվածությունից։ Ինքը բավարարում է հասարակության նեղ տնտեսական էլիտաների շահերը, պիտակելով դա որպես մեծ հանրային շահ։ Հյուսիսային պողոտան իրապես այսպես է՝ հանրային տարածություն է, բայց շենքերը հանրային նպատակայնություն չեն հետապնդում։

-Ինչպես չեն հետապնդում. երբ մարդը հայտնվում է այդ տարածքում, այդ տարածքը մարդուն միանգամից խանութներ է շպրտում, գրգռում է նրա սպառողական ախորժակը, մարդը միանգամից տեսնում է, որ ապակեպատ սրճարանների ետևում բոլորն ուտում, խմում են: Արդյոք ուղերձը տեսանելի չէ` նյութին գերի, սպառողական հանրություն է այստեղ կերտվում: Միգուցե հենց այդ կոդերն էլ ի սկզբանե դրված են եղել այդ կառույցի հիմքում։
-Դուք ասում եք այն, ինչ ես եմ ասում։ Հանրայինի անվան տակ բավարարվում է մասնավոր, առանձին սեգմենտների շահը։
-Ուրեմն՝ դա կոնցեպտուալ կառույց է։ Եթե չկան հայտարարված արժեքներ, իդեալներ, ուրեմն դպրության և մշակույթի օջախներին անվարան կարող են փոխարինել այդ սերիական խանութներն ու ռեստորանային ցանցերը. միգուցե հենց նրանք էլ հեռանում են երկրից, ովքեր ֆիզիկապես չեն կարող տանել այս այլակերպումները: Չէ՞ որ քաղաքը մեր ամբողջական դիմանկարն է, ոչ միայն մարդն է քաղաք ստեղծում, այլև քաղաքը` մարդուն:
-Տեսեք, այս պողոտան կատարում է որոշակի իլյուզոր ֆունկցիա։ Ինքը հանրությանը տալիս է մի նոր երազանք։ Ասում է՝ այ որ հաջողեք կյանքում, կկարողանաք օգտվել այս թանկ խանութներից։ Դա լուրջ մարտահրավեր է , նոր ուղերձ է հասարակության համար։ Թամանյանը, Մազմանյանը, ճարտարապետական մյուս խմբերը, որոնք նախագծում էին քաղաքի շենքերը, հրապարակները ունեին այլ նպատակադրություն, այլ ուղերձ: Դա էլ պայմանավորում էր թե՛ փողոցի, թե՛ շենքի ձևն ու ոճը։


-Բայց Թամանյանի Երևանը կրեց աշխարհում ձևավորվող քաղաքաշինական արվեստի նորագույն միտումները, այն էլ մի դեպքում, երբ 18-20 թթ.-երին շատ քիչ էին նոր մայրաքաղաքների կոնցեպտուալ նախագծերը։ 720, ապա 150 հազար բնակչության համար մտածված գերժամանակակից մի քաղաք կառուցվեց համաճարակներով բռնկված հին քաղաքի տեղում: Բայց այսօր բանը հասավ այնտեղ, որ մենք արդեն վախենում ենք, երբ մեր քաղաքում կռունկ է շարժվում, երևի իսկապես մեզ հավատացրել ենք`որ Երևանն իսկական թանգարան է բաց երկնքի տակ, որի էքսպոնատներին պետք չէ անգամ մատով կպնել: Այս անվստահության պայմաններում ինչպե՞ս պիտի քաղաքն արդիականա:
-Այն ժամանակ, երբ Թամանյանը կամ պրոլետարական ճարտարապետների խումբն էր կառուցում քաղաքը, պատմական քաղաքի պահպանման վերաբերյալ խնդիրը կոդավորված չէր։ Այդ ճարտարապետներն իրապես կառուցում էին նոր քաղաք, և այդ քաղաքը կառուցելիս նրանք ուղղորդվում էին շատ հստակ կոնցեպտուալ տեսլականներով։ Եթե մեկի կոնցեպտուալ տեսլականն այլ էր, մյուսինը՝ ուրիշ, դա մասնագիտական առողջ բանավեճ էր, ոչ թե հակասություն, առավեևս` պատերազմ: Եվ այդ վիճաբանությունների շնորհիվ ձևավորվում էր քաղաքը։ Այսինքն՝ տեսլականները ուղղված էին նաև հասարակության զարգացման միտումների վերաբերյալ իրենց տարբեր պատկերացումներին։ Բայց այդ տեսլականների միջև կար լուրջ դիսկուրս և Երևանը այդ դիսկուրսի արդյունքն էր։ Դրա համար էլ բազմազան էր այդ քաղաքը, և դա միայն պարզապես էսթետիկան չէր: Պետք է անպայման անդրադառնալ պատմական ժամանակահատվածներին, նրա կոնտեքստներին` ամբողջն ընդգրելու համար: Նույնը շարունակվեց 60-70-ականներին։ Մինչև խորհրդային շրջանի ավարտը։ Հասարակությունը 20-րդ դարի ողջ ընթացքում լուծում էր սոցիալական խնդիր, և քաղաքը ուներ սոցիալական ուղղվածություն։ Մենք տեսնում ենք, որ այդ խնդիրը այսօր կիրառվում է որպես շղարշ. այսօր սոցիալական նպատակայնության շղարշի ներքո տեղի է ունենում ուրիշ պրոցես՝ այսօր քաղաքը ապրում է, այո՛, շատ վայրի կապիտալիստական զարգացման տրամաբանությունը։ Ինչը տեղի էր ունենում Եվրոպայում 19-րդ դարի կեսերին։ Իսկ այսօր մենք կրկնում ենք այդ պատկերները:


- Դրա պարզ արտահայտություններից մեկը մեր քաղաքի կառուցվածքում նույն շուկաների տեղադրությունն է. սովորաբար շուկաները քաղաքի վերջում են լինում, բայց մեզ մոտ շուկաները առաջ են եկել։ Այսինքն՝ քաղաքը բացի ջազ լսելուց, նաև տեսնում է, որ շուկան հայտնվել է քաղաքի կենտրոնում: Կարելի էր սա դիտել որպես փնթի քաղաքաշինության դիպված , բայց հենց քաղաքաշինության իմաստը, կարծեմ, դիպվածների բացառումն է, քաղաքային միջավայրի պլանավորումն ու հավասարաչափ բաշխումը: Դրա այլընտրանքը հենց քաոսը չէ':
- Տեսեք, նույն 20-րդ դարում տարածության հավասարաչափ բաշխման գաղափարներն էին սփռված աշխարհով մեկ։ Այսինքն՝ արևմուտքի ճարտարապետները նույնպես մտածում էին այդ ուղղությամբ՝ ինչպես հավասարաչափ բաշխել։ Խոսքը գնում է ֆունկցիոնալ քաղաքների մասին, որտեղ շուկան պետք է կոնկրետ թաղամասում կոնկրետ հատված գրավեր, ինչպես մշակույթի պալատը, հիվանդանոցը, դպրոցը՝ բոլոր մարդկային, հասարակության կարիքները բավարարող, հիմնական, ենթակառուցվածքային միավորները։ Հիմա, երբ մենք տեսնում ենք, որ փոփոխվում են հասարակության զարգացման տրամաբանական ուղղվածությունները, այդտեղ տեղի է ունենում նաև ենթակառուցվածքային գերակայություններ: Արդեն նույն թաղամասում դուք կարող եք կողք-կողքի հանդիպել մի 10-ը սուպերմարկետի։ Զարգանում են քաոտիկ ձևով, այո: Դրա փոխարեն դուրս են մղվում մշակութային օջախները, դրանց մասին չեն էլ մտածում կարծես:


-Ինձ համար, օրինակ, ուղղակի տագնապալի է մեր երևանյան բակերի քայքայումը, որովհետև հայկական հարևանությունը հիմա էլ կարծես մի առանձին ներէթնիկ հանրություն է: Իսկ այսօր այդ հանրությունը ջարդվում և փոշիանում է` մի կողմից, մյուս կողմից `քանդվում և հոսում է, իսկ մնացածը բակերն էլ ավտոտնակների, կցակառույցների արանքում ճզմվել ու շրջափակվել են: Արդյունքում շրջապտույտ է ստեղծվում՝ քաղաքը շրջապտույտի մեջ է, քաղաքի շնչառությունը փակվում է։ Արդյոք մենք այսպես վերջնական չենք կորցնի կապերը` մեր հարևանական, ընկերական կապերն արդեն ոչնչանում է, մեր , քաղաքի վերջին ելքերն է կարծես խցանվում:
-Այդ պրոցեսը սկսվել է վաղուց` 60- 70-ականներին։ Բակերի այդ քաոտիկ օկուպացիաները աստիճանաբար կլանում էին հանրային տարածքները: Այդ խժռումը նախ տեղի ունեցավ հանրային ընկալումներում,երբ հասարակության արժեքային համակարգերի մեջ երևացին լուրջ վարանմունքներ, ապա հասարակությունը կասկածի տակ առավ սոցիալիստական համակարգը և սկսեց իր ձեռքով ավերել, քայքայել սոցիալական ընդհանուր տարածությունը: Այդ վարանմունքի պահը ենթարկվում է գործիքավորման նույն քաղաքաշինական ոլորտում և այստեղ միանում են և՛ տնտեսական, և՛ քաղաքական համակարգերը։ Բայց դրանք առաջանում են նախ մարդկանց մտքում …
Շարունակելի
ՎԱՐԴուհի Սիմոնյան
















